Էդուարդ Հովհաննիսյան. ավտոմեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ են անհրաժեշտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | մարտի 29, 2011 14:22

Ավտոմեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ են անհրաժեշտ: Այսօր նման տեսակետ հայտնեց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը` ավելացնելով, որ շատ դեպքերում այդ գործընթացը ձեւական բնույթ է կրում: Ըստ նրա` վարորդները հաճախ տեխզննման համար վճարում կատարում են միայն կտրոնը վերցնելու համար:

«Պատկան մարմինները փաստաթղթերի վրա ցույց են տալիս, որ ամեն ինչ կարգին է, եւ տեխզննման գործընթացն իրականացվում է բնականոն ձեւով: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իրական պատկերն այլ է»,-ասաց Է. Հովհաննիսյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար տեխզննման գործընթացը պետք է տեւի 30 րոպե: Այսինքն` աշխատանքային 8 ժամվա ընթացքում մոտ 16 ավտոմեքենա է տեխզննվում: Է. Հովհաննիսյանն ընդգծեց, որ տարվա վերջում, երբ տեխզննման կայաններում վարորդների մեծ հոսք է լինում, օրական մինչեւ 100 ավտոմեքենա է տեխզննվում:

Կայանների թերի, ոչ պատշաճ աշխատանքի համար օրենքը նախատեսել է տուգանք` 500 հազար դրամի չափով: Է. Հովհաննիսյանի խոսքով` իրենք հետաքրքրվել են եւ փորձել տվյալներ վերցնել այն մասին, թե քանի տեխզննման կայան է տուգանվել, պարզվել է, որ ոչ մի:

«Եթե օրենքով սահմանված է, որ ավտոմեքենայի սարքին լինելու պատասխանատվությունը վարորդինն է, այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ համար են տեխզննման կայանները, առավել եւս, որ տեխզննման գործընթացը շատ դեպքերում ձեւական բնույթ է կրում»,-ասաց Է. Հովհաննիսյանը: «Աքիլլես» հասարակական կազմակերպությունն առաջարկում է խնդրի լուծման համակարգային մոտեցում:

Դիտվել է 1205 անգամ:

Leave a Reply