Անկարայի պայմանագրեր. South Stream-ը հաղթում է Nabucco-ին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 12, 2009 20:20
5qaghaqakan

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անվտանգության ծառայությունը Պուտինի այցի օրը(աջից)

Այս ամիս լրանում է Պուտինի կառավարման 10-ամյակը, որը նա նշանավորեց Արևմուտքի հետ գազային հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակով:
1999թ. օգոստոսին Պուտինը նշանակվեց Ռուսաստանի վարչապետ, իսկ այս
oգոստոսի 6-ին Թուրքիայի հետ գազի բնագավառում նրա ստորագրած պայմանագրերը վերահաստատեցին, որ Ռուսաստանը մնում է «գազային գերտերություն»:

Այդ պայմանագրերը պատրաստվել էին ավելի վաղ` դեռևս 2004 թ., երբ Պուտինն առաջին անգամ այցելեց Անկարա: Այս տարվա մայիսի 16-ին Սոչիում Էրդողան-Պուտին հանդիպումն ու դրան հաջորդած Էներգետիկայի նախարարների` Սերգեյ Շմատկոյի ու Թաներ Յիլդիզի հանդիպումը Անկարայում (Պուտինի մեկնումից 2 օր առաջ) վերջնական տեսքի բերեցին կնքվելիք պայմանագրերը:

Ստորագրվել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության շուրջ 20 պայմանագրեր: Գազի ոլորտին առնչվող պայմանագրերի համաձայն` Թուրքիան շարունակելու է գազ ներկրել Ռուսաստանից: Ներկա պահին Թուրքիան ներկրում է իր գազի 70 տոկոսը Ռուսաստանից 2 ուղիներով` Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» և Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի միջով անցնող «Արևմտյան» գազամուղերով: «Արևմտյան»-ի պայմանագրի ժամկետը լրանալու էր 2011-ին, իսկ նոր պայմանագրով նրանով գազ կմատակարարվի Թուրքիային ևս 20 տարով:

Ըստ պայմանագրի` Թուրքիան պատրաստ է նույնիսկ մեծացնել գնվող գազի ծավալները: Համաձայնություն ձեռք բերվեց «Երկնագույն հոսք-2»-ի շինարարության մասին, որը տարեկան 16 մլրդ խմ գազ պետք է հասցնի ոչ միայն Թուրքիա, այլ Թուրքիայի տարածքով նաև Սիրիա, Լիբանան, Կիպրոս ու Իսրայել:
Թերևս, ամենաուշագրավ պայմանագրերը վերաբերում են ռուսական Գազպրոմի South Stream գազատարի նախագծին. Թուրքիան իր համաձայնությունն է տվել սևծովյան իր ջրերով (շրջանցելով ուկրաինական տարածքի ջրերը) այդ գազամուղի անցկացմանը: Նաև իր պատրաստակամությունն է հայտնել` մասնակցելու այդ նախագծին (չնայած ներգրավման ձևն ու չափը դեռ պարզ չէ):

900 կմ-անոց South Stream գազատարը տարեկան 63 մլրդ խմ գազ պետք է փոխադրի Սև ծովով Բուլղարիա` հասցնելով մինչև Իտալիա ու Ավստրիա (Հունաստանի միջոցով դեպի Սարդինիա և Սերբիայի ու Հունգարիայի միջոցով դեպի Ավստրիա): Ռեսուրսը հանդիսանում է ուզբեկական գազը:
Թուրքիան, համաձայնվելով միանալ South Stream-ին, Ռուսաստանի համար լուծում է South Stream-ի իրականացման վերջին խնդիրը` տրանզիտի հարցը: Դրանով նաև Թուրքիան խոչընդոտում է ռուսական նախագծի գլխավոր մրցակից «արևմտյան» Nabucco-ի իրականացմանը և փաստորեն ընդդիմանում Արևմուտքին:

Հուլիսի 13-ին Անկարայում Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի ու Ավստրիայի հետ միասին Թուրքիան ստորագրել էր Nabucco գազատարի կառուցման մասին պայմանագիրը: Այս գազատարի նպատակը նույնն է` գազը հասցնել Եվրոպա, սակայն ոչ ռուսական ուղիով և ոչ ռուսական գազը. Nabucco-ի գազի ռեսուրսն է համարվում ադրբեջանական գազը (ակնկալվում է նաև Թուրքմենստանինն ու Ուզբեկստանինը): Այն նպատակ ունի շրջանցել Ռուսաստանը` փորձելով հանել Եվրոպական երկրների էներգետիկ կախումը նրանից:

Թուրքիայի համաձայնության ձեռքբերումը Ռուսաստանի ռազմավարական հաղթանակն էր Արևմուտքի հետ գազային հակամարտությունում, չնայած ինչպես Պուտինը նշեց, «թուրք գործընկերները դժվար բանակցողներ են»: Դժվարությունն ամենայն հավանականությամբ պայմանավորված է եղել Թուրքիայի` ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների հարցի հետ. փաստ է, որ South Stream-ին միանալով՝ Թուրքիան հերթական անգամ «երես է թեքում» Արևմուտքից:

Ու չնայած Էրդողանը հայտարարեց, որ South Stream-ը չի խոչընդոտում Nabucco-ի իրականացմանը, բայց, այնուամենայնիվ, Անկարան արդեն հասկացել է, որ Nabucco-ն ներկայիս ձևաչափով անիրականանալի է ու եթե անգամ իրականանա էլ, “կիսադատարկ” ու առանց պահանջարկի այդ գազամուղի ռազմավարական նշանակությունն այնքան սիմվոլիկ կլինի, որ չի կարող դրականորեն ազդել Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու գործընթացին:

Իսկ նույն Եվրոպական երկրների հետաքրքրությունը South Stream-ի նկատմամբ աճում է` կրկնակի ստվերելով Nabucco-ի իրականացման հնարավորությունը: Այսպես, մայիսի 15-ին Սոչիում Իտալիայի, Բուլղարիայի, Սերբիայի և Հունաստանի գազային ընկերությունները «Գազպրոմի» հետ կնքեցին South Stream-ի կառուցման մասին պայմանագիրը: Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի ներկայությունը Պուտին-Էրդողան հանդիպմանը վերահաստատեց Իտալիայի անվերապահ աջակցությունը South Stream-ին, որը պետք է կառուցվի իտալական «ENI»-ի ու «Գազպրոմի» հետ համատեղ:

Բուլղարիան, որը Սոչիում South Stream-ի պայմանագիրը ստորագրելուց հետո ստորագրել էր նաև Nabucco-ի տակ, Պուտին-Էրդողան հանդիպումից 3 օր առաջ` օգոստոսի 3-ին, նախագահ Պառվանովի բերանով վերահաստատեց, որ «կպահի Ռուսաստանի էներգետիկ ծրագրերը» (South Stream, Burgas-Alexandropolis): (Մինչ այդ ֆրանսիական «Gaz de France»-ը (GdF) նույնպես մերժել էր Nabucco-ին իր մասնակացությունը ու 2008-ի փետրվարին հայտարարել South Stream-ին միանալու պատրաստակամության մասին):

Այս ամենը վկայում են, որ ի տարբերություն Nabucco-ի՝ South Stream-ն արդեն ունի կյանքի կոչվելու բոլոր անհրաժեշտ նախադրյալները` գազ, տարանցիկ ճանապարհ, ֆինանսավորում, պահանջարկ ու մինչև Արևմտյան Եվրոպա հասնելու հնարավորություն:
Ու մինչ Nabucco-ի «հեղինակ-երկրները» կմտածեին` ինչպես կասեցենել South Stream-ն ու ինչպես իրականացնել իրենց նախագիծը, ի հայտ եկավ նոր սպառնալիք, որը «կոտրեց» Nabucco-ի համար գազ գտնելու Արևմուտքի հույսերը. դա թուրքմենական գազի գործոնն է:

Հաստատ է միայն Nabucco-ին ադրբեջանական գազի մատակարարումը, որը, սակայն, չափազանց քիչ է. լավագույն հաշվարկներով ադրբեջանական գազը կազմում է 5 մլրդ խմ: (Բացի դրանից՝ 2010թ. հունվարի 1-ից Բաքուն գազ է վաճառելու Ռուսաստանին): Իսկ Nabucco-ի ստարտի համար միայն անհրաժեշտ է 15 մլրդ խմ գազ: Ակնկալվող մյուս աղբյուրն ուզբեկական գազն է , որը հանդիսանալու է South Stream-ի մատակարարման ռեսուրսը: Ուստի, մնում է թուրքմենական գազն ադրբեջանականին կցելու հույսը:

Հուլիսի 24-ին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարեց, որ Կասպից ծովի նավթային տարածքներն աղտոտելու համար Ադրբեջանին Արբիտրաժի Միջազգային Դատարան (ICA) է տանելու: Նա կարգադրել է իր նախարարներին «հավաքել բոլոր օրինական ապացույցներն ու դիմել ICA»: Բացի դրանից, Բերդիմուհամեդովը նաև սպառնացել է այդ տարածքում աշխատող վերազգային նավթային կազմակերպություններին, որ կպահանջի իր երկրի կրած վնասների փոխհատուցումը:

Nabucco-ի պայմանագրի ստորագրումից հետո և Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ արված այս հայտարարությունը հերթական անգամ «վիժեցրեց» Nabucco-ն թուրքմենական գազով մատակարարելու «Արևմտյան հույսը»: (Նշենք, որ Թուրքմենստանը նաև պայմանավորվածություններ ունի Չինաստանի ու Ռուսաստանի հետ նրանց գազ վաճառելու մասին): Թուրքմենստանի այս պրո-ռուսական վարքագիծը նաև բացասականորեն կարող է ազդել Կասպյան շրջանում արևմտյան մյուս ռեգիոնալ նախագծերի վրա:
Բնավ պատահական չէր, որ ռուսական պետական օղակներում վերջերս լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Թուրքմենստանն այդ հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Մեդվեդեվի ազդեցությամբ ու խորհրդով, որպեսզի բարդացնի Nabucco-ի իրականացումն ու միաժամանակ բարձրացնի South Stream-ի իմիջը:

Այս փաստերն ապացուցում են, որ South Stream-ը հաղթում է Nabucco-ին:
Ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտից հետո Ռուսաստանը կարճ ժամանակամիջոցում կարողացավ ակտիվացնել այլընտրանքային ստրատեգիական ուղիները դեպի Հարավ ու Արևմուտք, որոնք գումարվեցին Կենտրոնական Ասիայով Չիանաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա հասնող եղած գազանավթային ուղիներին: Թուրքիայի հետ կնքած պայմանգրերով Ռուսաստանն իր տնտեսական շահերն է իրացնելու Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի ուղղություններով: Աշխարհագրական այս վիթխարի տարածքում ռուսական տնտեսական գերակայությունը հեռանկարում անպայման անդրադառնալու է և նրա քաղաքական ազդեցության ընդլայմանը:

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply