Միջազգային և հայաստանյան դիտորդների կարծիքները չեն համընկնում

Օրվա լուր | | June 2, 2009 18:28

Թեև ԵԽ դիտորդները Երևանի ավագանու ընտրությունները որակեցին եվրոչափանիշերին համապատասխան և նշեցին, որ բացթողումները հիմնականում կազմակերպչական բնույթի էին, տեղի փորձագետներն ասում են, որ եղել են համատարած խախտումներ:

«Ընտրությունը քոնն է» հկ-ի նախագահ Հարություն Համբարձումյանի խոսքերով` խախտումներ են գրանցվել ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ ընտրությունների ընթացքում:

Համբարձումյանն ասում է, որ նախընտրական շրջանում` մայիսի 11-18-ը, բռնությունների դեպքեր են գրանցվել Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ համայնքներում և Երևանի Սիլիկյան թաղամասում. եղել է ծեծկռտուք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, ինչպես նաև ընդհարում` ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ:

Իսկ ընտրությունների օրը` մայիսի 31-ին, հկ-ն արձանագրել է անօրինական քվեարկության դեպքեր հատկապես Մալաթիա-Սեբաստիայի, Աջափնյակի, Ավանի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի որոշ ընտրատեղամասերում: Համբարձումյանի խոսքերով` խախտումներ են նկատվել նաև ձայների հաշվարկի ժամանակ:

Մահացած անձանց անուններ են հայտնաբերել 6 ընտրատարածքների ցուցակներում, արձանագրվել են դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակման և բռնության, վստահված անձանց իրավունքների չարաշահման դեպքեր:

Համբարձումյանն ասում է, սակայն, որ նախորդ ընտրությունների (նախագահական, ՏԻՄ) համեմատ` այս ընտրություններն անցել են ավելի խաղաղ պայմաններում:

Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի տվյալներով` մայիսի 31-ին լրագրողների բռնության 5 դեպք է արձանագրվել` Մալաթիա-Սեբաստիայի և Էրեբունի համայնքների ընտրատեղամասերում:

Դիտվել է 1810 անգամ:
Print Friendly

Leave a Reply