Այսօր երիտասարդների միջազգային օրն է. խոստանում են երիտասարդ ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ ունենալու հնարավորություն տալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 12, 2009 16:08

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը, նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, երիտասարդության ոլորտի պատասխանատուներն այսօր երիտասարդների միջազգային օրվա առթիվ Կամերային երաժշտության տանը հանդիպեցին երիտասարդներին:

«Մենք պետք է օգնենք մեր երիտասարդներին, նրանց այսօր հենարան է պետք»,-ասաց երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի ժամանակավոր պատասխանատու Սամվել Մերթարջյանը:

Սպորտի և երիտասարդության նախարարությունը և երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնն այս տարի ծրագրում են կազմակերպել մոտ 150 միջոցառում՝ այդ թվում «Բազե»-ն, երիտասարդական միջազգային մշակութային ծրագիրը, որն իրականացվելու է Ծաղկաձորում:

Արմեն Գրիգորյանը շնորհավորեց երիտասարդներին իրենց օրվա կապակցությամբ, նրանց մաղթեց նպատակների և նախաձեռնությունների իրականացում, կարևորեց նրանց ակտիվ ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

«Մենք այսօր շեշտը դնում են երիտասարդների սոցիալական խնդիրների վրա, կառավարության նիստում կքննարկվի և կյանքի կկոչվի երիտասարդ ընտանիքներին հիփոթեկային վարկով բնակարանների և մեքենաների տրամադրումը»,-ասում է  Գրիգորյանը:

Երիտասարդ ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ գնելու հնարավորություն կտրվի նաև մարզերում և գյուղերում: Կանխավճարը կտրամադրվի անտոկոս՝ 15 տարի մարման ժամկետով:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ` օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր: Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին:

Դիտվել է 1629 անգամ:
Print Friendly

Leave a Reply