Սեդրակ Աճեմյան. Ղարաբաղյան պատերազմի վերսկսումն անկանխատեսելի հետևանքներ կբերի տարածաշրջանի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 4:45

Մարտի 25-ին, Ֆրանսիայի խորհրդարանում կայացավ «Խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում» խորհրդաժողովը, որ կազմակերվել էր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի և Հայ-Եվրոպական խորհրդի կողմից:
Խորհրդաժողովին մասնակցում էին բազմաթիվ հեղինակավոր քաղաքական և հասարակական գործիչներ Ֆրանսիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և այլն:

Իբրև հիմնական զեկուցող հանդես եկավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը, ով անդրադարձավ Հարավային Կովկասի ռազմականացմանը, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ֆրանսիացի խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց Բաքվի կողմից պարբերաբար հնչող պատերազմի մասին սպառնալիքներին, ընդգծեց այն ապակառուցողական և վտանգավոր դիրքորոշումը, որ որդեգրել է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում: Խորհրդաժողովի փակման խոսքով հանդես եկավ ՍԴՀԿ Կեդրոնական Վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

«Խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում լոկ բառեր չեն, այն գերակա խնդիր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար»,- նշել է Աճեմյանը: Իր խոսքում Աճեմյանն անդրադարձել է Թուրքիայի հակահայ քաղաքականությանը, որը ձգտում է մտնել Եվրամիություն, սակայն փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, փորձելով երկիրը պահել շրջափակման մեջ` այս կերպ մշտական վտանգ ներկայացնելով տարածաշրջանի համար: «Թուրքիան շարունակում է ժխտել անցյալ դարի մեծագույն ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, որին զոհ գնացին մեկ և կես միլիոն մեր հայրենակիցները»,- ընդգծել է ատենապետը:

Խոսելով Ադրբեջանի մասին` նա նշել է, որ անցած դարի 90-ական թ-ից նա ռազմական ագրեսիա սկսեց միջազգային իրավունքի բոլոր տարրերին համապատասխան ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, և պարտվեց իր սանձազերծած պատերազմում: «Այժմ էլ, երբ Ղարաբաղում մեծացել է նոր` անկախ սերունդ, Ադրբեջանը մշտապես սպառնում է պատերազմով, որի սկսումը անկանխատեսելի հետևանքներ կբերի ոչ միայն իր` այլև ողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է Աճեմյանը:

|

Դիտվել է 2489 անգամ:
Print Friendly

Leave a Reply