ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և հայ համայնքի հիմնադրման 175-ամյակին նվիրված տոնակատարություններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2011 4:39

Մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրման 175-ամյակին և հայ համայնքի կազմավորմանը նվիրված տոնակատարություններին:
Տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Սինգապուր էին ժամանել ավելի քան 160 հայ` 14 երկրից:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցին է, և 1973թ. հուշարձանների պահպանության Սինգապուրի ազգային խորհրդի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես ազգային կոթող:

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը մասնակցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագին և հանդիսավոր ընդունելությանը: Տիկին Հ.Հակոբյանը շնորհավորելով բոլոր ներկաներին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրման 175-ամյակի և Սինգապուրի հայ համայնքի կազմավորման կապակցությամբ` մաղթեց մեծամեծ նվաճումներ և համահայկական ձեռնարկներին ակտիվորեն մասնակցելու, Հայրենիքի հետ կապերն առավել ամրապնդելու վճռականություն:

Տոնական միջոցառումներին ներկա էր նաև Սինգապուրի արտաքին գործերի նախարարը, ով շնորհավորելով համայնքի և եկեղեցու հիմնադրման առթիվ` նշեց, որ հայկական եկեղեցին և համայնքը կարևոր տեղ է զբաղեցնում սինգապուրյան ժառանգության մեջ:

Սինգապուրում շուրջ 80 հայ է ապրում: Չնայած համայնքը փոքրաթիվ է, սակայն վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի անդամների թիվը կրկնապատկվել է, բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց:

Իր ելույթում խոստանալով աջակցել հայկական կիրակնօրյա դպրոցի կայացմանը` տիկին Հ.Հակոբյանը Սինգապուրի հայ համայնքին հորդորեց դառնալ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող համահայկական և տարածաշրջանային ծրագրերի ակտիվ և շահագրգիռ մասնակիցը, ընդգրկվել Հայրենիք-Սփյուռք գործակցության բոլոր բնագավառներում:

Դիտվել է 2562 անգամ:
Print Friendly

Leave a Reply