ԱՄՆ դեսպանը Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլը դադարեցնելու կոչ չի արել. Նա միայն հետաքրքրվել է նրա առողջությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 28, 2011 18:20
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն այսօր` մարտի 28-ին այցելել է Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ բավական երկար զրուցել նրա հետ: «Յովանովիչի եւ մյուս դեսպանների այցերը Րաֆֆի Հովհաննիսյանին քաղաքավարական այցեր են, որոնց ընթացքում մարդիկ հետաքրքրվում են Հովհաննիսյանի առողջական վիճակով եւ ինքնազգացողությամբ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Հարցին, թե ԱՄՆ դեսպանը հացադուլը դադարեցնելու կոչով կամ հորդորով դիմե՞լ է Հովհաննիսյանին, Սաֆարյանն արձագանքեց. «Կարծում եմ, ժողովրդավարական երկրները ներկայացնող դեսպաններն առավել լավ, քան որեւէ մեկը, հասկանում են, թե ինչ բան է քաղաքացիական հասարակությունը եւ հասկանում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը քաղաքացիական որոշում է, ինքն է կայացրել եւ կայացնելու իր հետագա որոշումները: Դրա համար էլ հացադուլ սկսելու կամ դադարեցնելու վերաբերյալ հորդորներ կամ կոչեր իրեն ոչ մի դեսպան թույլ չի տա»:
Ինչ վերաբերում է հարցին, թե այսօր այլ այցելություններ նախատեսվո՞ւմ են, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ որեւէ մեկն այցելելիս նախապես չի զգուշացնում, այցելում է այն ժամանակ, երբ ցանկանում է:
Նշենք, որ ժամանակ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել էին նաեւ ՀՀ-ում Գերմանիայի, ինչպես նաեւ Եվրամիության դեսպանները:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անցկացնում մարտի 14-ից:






Facebook
Tweet This
Email This Post
