Ապագայում մարդիկ կլինեն դեղնամորթ, ճաղատ, առանց բեղերի և երկար մատներով
Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | August 12, 2009 16:15
Ապագայում մարդիկ կլինեն ճաղատ, չափահաս մարդկանց դեմքին բեղեր չեն աճի, իսկ մատները կլինեն անհավանական երկար և բարակ· այսպիսի եզրակացության է եկել իտալական «La Repubblica» թերթը` համատեղելով գոյություն ունեցող մի շարք գիտական վարկածներ:
Շատ գիտնականներ կարծում են, որ ապագայում մարդիկ այլևս չեն ունենա իմաստության ատամներ, փոխարենը կունենան շատ բարձր հասակ: Իտալացի գիտնականներին նման եզրակացության տեղիք են տվել վիճակագրական տվյալները· այժմ Իտալիայի յուրաքանչյուր 5-րդ բնակիչ ունի 180 սմ-ից բարձր հասակ, մինչդեռ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո նման բարձրահասակ մարդիկ երկրի բնակչության 6 տոկոսն էին միայն կազմում:
Գիտնականների մի մասը կարծում է, որ մարդու կենսաբանական կառուցվածքն այլևս էական փոփոխությունների չի ենթարկվի, եթե տեղի չունենա որևէ սարսափելի բնական աղետ:
Գիտնականների մյուս խումբն էլ կարծում է, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների շարունակական պրոգրեսի դեպքում մարդու նյարդային համակարգը փոփոխությունների կենթարկվի· տեխնիկական առաջընթացի պայմաններում մարդու օրգանիզմի շատ ֆունկցիաներ այլևս անհրաժեշտ չեն և աստիճանաբար դրանք կվերանան: Օրինակ, ըստ այս գիտնականների, 23-րդ դարում մարդու մկանային համակարգը կնվազի 40 տոկոսով, փոխարենը 30 տոկոսով կավելանա ուղեղի ծավալը: Բացի այդ, ասիական երկրներում ծնելիության աճի և եվրոպական երկրներում ծնելիության նվազման հետևանքով մի քանի դար անց երկրագնդի բնակչության մեծ մասը կլինի դեղնամորթ և կունենա նեղ աչքեր:






Facebook
Tweet This
Email This Post
