Քննարկում.մանկական գրականությունը և դրա ընդգրկվածությունը դպրոցական դասագրքերում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 28, 2011 18:11

Մանկական գրականությունը և դրա ընդգրկվածությունը ժամանակակից դպրոցական դասագրքերում.  այսպիսին էր այսօր Գրողների միությունում ուսուցիչների և մանկագիրների քննարկման թեման:

ԳՄ նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ մանկագրությունը Հայաստանում գրականության ամենաակիտիվ զարգացող ճյուղերից է, այս ոլորտի գրքեր շատ են հրատարակվում: Սակայն այս ոլորտը ևս զերծ չէ խնդիրներից: Նախ բաց է մանկական արկածային գրականության ոլորտը` Վախթանգ Անանյանից հետո արկածային գրականությամբ չեն զբաղվել: Մյուս խնդիրն այն է, որ չկան երիտասարդ մանկագիրներ, մերօրյա մանկագիրների տարիքը 50-ից բարձր է:

Գրականագետ Լյուդվիգ Կարապետյանն ասում է, որ չնայած ժամանակները և արժեքները փոխվել են, սկայն մանկական գրականության առաքելությունը մնացել է նույնը` օգնել նոր սերունդներին հասկանալ կյանքի խոհուրդը, գտնել իրենց տեղը կյանքում և գնահատել համընդհանուր արժեքները: Կարապետյանն ասում է, որ 21-րդ դարի 1-ին տասնամյակում Հայաստանում ստեղծվել է «երեխայի հոգու հետ խոսող գրականություն»:

Կարապետյանի խոսքով, սակայն, կան նաև մարդիկ, ովքեր մանկագրությունը համարում են «պարապ վախտի խաղալիք» և երբեմն նման մարդակնց ստեղծագործությունները հայտնվում են դասագրքերում:

Մանկագիր Սուրեն Մուրադյանն էլ  կոչ է անում ծնողներին և ուսուցիչներին ուշադրություն դարձնել գրքի բովանդակությունը և չխաբվել գեղեցիկ պատկերազարդումներով. «Երբեմն գրախանութները հեղեված են խոտան գրքերով, որոնք, սակայն, լավ արտաքին ձևավորում ունեն ու լավ են վաճառվում»:

Մուրադյանի կարծիքով` դասագրքերում պետք է տեղ գտնեն միայն կատարյալ ստեղծագործություններ, որը պետք է լինի գնահատանքի խոսք տվյալ հեղինակին: Մանկագիրն առաջարկեց կազմել մանկական գրականության քրեստոմատիա, որը տարրական դասարանների ուսուցիչները որպես օժանդակ դասագիրք կօգտագործեն ուսուցման գործընթացում:

Բանաստեղծուհի Անուշ Վարդանյանն էլ նշեց, որ իրենց` մանկագիրների համար վիրավորական է, երբ դասագիրք  գրելիս իրենց կարծիքը հաշվի չեն առնում: Նրա խոսքով` երեխաների հետ պետք է խոսել այսօրվա լեզվով, ինչի հնարավորությունը իրենց ստեղծագործությունները տալիս են:

Տարրական դասագրքերի հեղինակներից Վաչագան Սարգսյանն էլ նշեց, որ խնդիրը չափազանցված է, քանի որ դասագրքերում ընդգրկում են թե հայ, թե համաշխարհային ճանաչում ունեցող մանկագիրներին: Նրա խոսքով, սակայն, երբեմն նաև ինքն է դասերի թեմաները գրում, քանի որ որևէ մանկագիր, օրինակ, տողադարձին չի անդրադարձել:

Դիտվել է 1972 անգամ:
Print Friendly

Leave a Reply