Կոզեռնի բնակիչները բաց նամակ են հղել նախագահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 28, 2011 16:22

Կոզեռն թաղամասի մի խումբ բնակիչներ այսօր  բաց նամակ են հղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ասվում է. «Մայրաքաղաքում իրականացված ներդրումային ծրագրերից Հյուսիսային պողոտան գուցե մի օր դառնա մեր քաղաքի այցեքարտը, և երևանցին սիրի նաև այդ տարածքը:  Այնուամենայնիվ, իրացվող տարածքներում իրականացվող ընթացիկ ծրագրերն արդեն հինգ տարուց ավելի է, ինչ բնակիչներին դարձրել են պատանդներ և ինչպես ժողովուրդն է ասում այդ բնակիչները «ո՛չ տնից են, ո՛չ դրսից»:

Բարոյալքված բացառիկ գերակա հանրային շահ ձևակերպումը երևի օգտագործվում է միայն մեր երկրում, մի խումբ մարդկանց՝ ժողովրդի ունեցածի հաշվին հարստանալու համար, ինչի բարոյական իրավունքը նրանք չունեն: Սովորական գույքի առք ու վաճառքը վերածվում է դրամատիկ արհեստածին մի գործընթացի, որին լծված կազմակերպություններն ու տարածքներում ներդրված էմիսարները նախապես մշակված ծրագրով իրականացնում են իրենց մտածածը և տարածքի բնակիչներին իրենց շարքերը ներգրավելով ծառայեցնում իրացնողի շահերին, համոզում ու վախ են ներշնչում օրենքին չենթարկվելու և հարցը դատարան հասցնելու վտանգի մասին:

Եթե սեփականություն ունեցող քաղաքացին գնորդի ուզած գնով չի վաճառում այն, ապա նա հանցագործ է և նրա սեփականությունը դատարանով և գնորդի կամքով պետք է իրացվի հօգուտ գնորդի: Ոտքի վրա օրենքը սրբագրվում է հօգուտ գնորդի`  հողատարածքի դիմաց չվճարելու և 15% հավելյալ վճարն էլ բացառելու մեկնաբանությամբ: Առաջարկվում է մի պայմանագիր առանց հատակագծի, առկա շինության դիմաց շինությամբ հատուցելու և առանց որոշակի ժամկետի:

Մարդկանց ներքաշում են գործառույթների մի հորձանուտ, որում հայտնվել են օրինակ Կոնդ թաղամասի բնակիչները: Պայմանագրով իրականացվող շինարարությունը արդեն մոտենում է երկամյա սահմանագծին, իսկ կառուցվելիք  երեք 20 հարկանի շենքերից առ այսօր կառուցվել է մեկ շենքի 4-րդ ոչ բնակելի հարկը: Բնակիչների մի մասը դեռևս 2007 թվականից, իսկ մյուս մասը 2009 թվականից սպասում են շինարարության ավարտին: Այժմ որոշ քաղաքացիներ, հույսը կորցնելով, իրենց պայմանագրերը վաճառում են 1 քմ-ի դիմաց 700 ԱՄՆ դոլարով, որպեսզի կրճատեն իրենց  սպասումները:

Մեր օրերի գործարարները եկամտահարկ են պահում փոխհատուցման գումարներից, հետո վերադարձնում` իհարկե երեք տարում սոլիդ դիվիդենտներ շահելով, ինչը կատարվեց Հյուսային պողոտայում` առանց պատճառած վնասը հատուցելու: Հիմա էլ գուցե ձգձգում են իրականացվող շինարարությունը դրա համար հատկացված ֆինանսական միջոցներից երևի դիվիդենտներ ստանալով, տալիս են վարձավճար, դանդաղ իրականացնում հիմնական շինարարությունը և քաղաքի շահեկան հատվածներում ձեռնարկում նոր շինարարություններ` ներգրավելով նոր ինվեստոր փայատերերի, իսկ իրացվող տարածքի բնակիչներին, որոնց համար հատկացված գումարներով պետք է  իրականացվեին իրենց շինարարությունները, սպասեցնում են հազար ու անհիմն  պատճառաբանություններով:

Քաղաքապետարանի ԾԻԳ-ի կողմից 19.02.2009 թ. 168 –Ն որոշումը Կոզեռն թաղամասի բնակիչներին ուղարկվել է առանց կառավարության և ձեռքբերողի միջև կնքված պայմանագրի և նրան կից հավելվածների, որտեղ կային բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք առ այսօր պարզաբանված չեն բնակիչների համար: Պայմանագիրը պահանջելուց անգամ հավելվածներ չտրամադրվեցին: Օրենքի պահանջով չկատարված գործողությունները հիմք են հանդիսանալու բնակչության համար հարցը դատարանում բողոքարկելու համար:

Երկրում ընթացող իրացման գործընթացների ծավալը և շարունակականությունը անպայման պետք է ուղեկցվեն համապատասխան տեղեկատվության թափանցիկությամբ, որպեսզի  քաղաքացիները զերծ մնան խաբված լինելուց: Եթե մեր քաղաքացիները տեղեկացված լինեն իրենց իսկ առնչվող գործառույթների մասին, նրանք ավելորդ պահանջներ չեն ներկայացնի ձեռքբերողին: Բացի այդ, եթե գնահատող կազմակերպությունները չխուսափեն քաղաքացիների ունեցվածքը գնահատելուց, որի համար ունեն լիցենզիա, հարցը հեշտությամբ կլուծվի:

Հարգելի պարոն նախագահ, հուսով ենք մեր դիտարկումները կարժանանան Ձեր ուշադրությանը, և Ձեր բարձր հովանավորությամբ քաղաքացիները այսուհետ զերծ  կմնան օրենքից դուրս իրականացվող գործառույթներից»:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply