Հոնդուրասում բախվել են ցուցարարներն ու ոստիկանները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | August 12, 2009 15:17
Լատինամերիկյան երկիր Հոնդուրասում անկարգություններ են. մայրաքաղաք Տեգուսիգալպայի փողոցներ են դուրս եկել երկրից աքսորված նախագահ Մանուել Սելայայի կողմնակիցները: Նրանց դեմ են դուրս եկել ոստիկանության զինված ջոկատները: Խաղաղ երթը վերածվել է հասարակական կարգի պաշտպանների հետ բախումների: Բողոքավորները այրել են մի քանի մեքենաներ, գրոհել են մի հանրախանութ: Անկարգությունների պատճառով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, շատերը ձերբակալված են:
Հոնդուրասի նոր կառավարությունը «դե ֆակտո» օգոստոսի 11-ից արտակարգ դրություն է հայտարարել Տեգուսիգալպայում` պատճառաբանելով, որ նախկին նախագահի կողմնակիցների բողոքի ակցիաները վերածվում են անկարգությունների և վանդալիզմի: Փողոց դուրս գալն արգելված է ժամը 22:00-05:00-ը:
Զինվորականների կողմից պաշտոնանկ արված նախագահ Սելայայի կողմնակիցներն ուղևորվել են դեպի մայրաքաղաքի համալսարան: Այդ նույն ժամանակ անհայտ մարդիկ այրել են մի ավտոբուս և միջազգային ճանաչում ունեցող արագ սննդի կետ:
Ցուցարարներն ասում են, որ ավտոբուսից ամբոխի ուղղությամբ կրակել են, այդ իսկ պատճառով այն այրել են: Սակայն պնդում են, որ ռեստորանը իրենք չեն հրդեհել:
Ցուցարարներին ցրելու համար, ինչպես հաղորդում է «vesti.ru»-ն, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Ոստիկանական ջոկատները շրջափակել են համալսարանը, որտեղ թաքնվել են ցուցարարները:
Հոնդուրասում ռազմական հեղաշրջում տեղի է ունեցել այս տարի` հունիսի 28-ին: Նախագահ Սելայային փախցրել էին և ինքնաթիռով տարել Կոստա Ռիկա: Նախագահի աթոռը զբաղեցրել է Կոնգրեսի խոսնակ Ռոբերտո Միչելետտին: Սելայան մի քանի անգամ անհաջող փորձ է արել վերադառնալ հայրենիք և հետ ստանալ իր աթոռը:






Facebook
Tweet This
Email This Post
