Սյունիքի ջրօգտագործող ընկերությունները նախապատրաստվում են ոռոգման տարեշրջանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մարտի 28, 2011 11:25
Սյունիքի ջրօգտագործող ընկերություններն արդեն սկսել են ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները: Թարմացվում են բաժանորդների հետ պայմանագրերը, կնքվում են նորերը, նորոգվում են վթարված խողովակները: Ոռոգման խողովակաշարի կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում «Ղափան» ՋՕԸ-ում, որոնք, տնօրեն Օնիկ Աթայանի հավաստմամբ, կավարտվեն մինչեւ ոռոգման տարեշրջանի սկսվելը: Ընկերությունը մոտ 600 բաժանորդ ունի, սակայն ոռոգվող հողատարածքը 45 հա-ից էլ պակաս է, մինչդեռ ջրատարի հնարավորությունը մեծ է, այն կարող է ոռոգել 150 հա տարածք:
Այս տարի կոռոգվեն նաեւ Սյունիք գյուղում հիմնված 3 հա նոր այգիները: Մեղրու ՋՕԸ-ն տնօրեն Դավիթ Ալեքսանյանն «Արմենպրես»-ի թղթակցին ասաց, որ նախկին 405 հա-ի փոխարեն ընթացիկ տարում կոռոգվի 441 հա հողատարածք: Դա արդյունք է իրականացված նոր հաշվառման: Բացի դրանից, 3 հա նոր այգիներ էլ հիմնվել են Շվանիձորում, որոնք եւս կոռոգվեն Մեղրու ՋՕԸ-ի կողմից: Գորիսում եւս ընթացքի մեջ է ոռոգման ջրատարի վթարված հատվածների նորոգումը:
Տնօրեն Սեւադա Ադամյանի տեղեկատվությամբ` իրենք ենթակայանների շահագործման խնդիր ունեն, որի համար գումարները չեն բավականացնում եւ ուզում են դրանք հանձնել էլեկտրացանցին: Մարզի այս երեք ՋՕԸ-ներում ոռոգման տարեշրջանը կսկսվի նախատեսված ժամանակին, իսկ Սիսիանում` մի փոքր ուշ` Բռնակոթի ջրամբարի թունելում առաջացած վթարի պատճառով:
Ըստ Սիսիանի ՋՕԸ-ի տնօրեն Անդրանիկ Անդրեասյանի`հարկավոր է իրականացնել վթարի վերացման համար լայնածավալ աշխատանքներ: Այդ պատճառով Սիսիանում ոռոգման տարեշրջանը կսկսվի հուլիսից: Այս տարի մարզի բոլոր 4 ՋՕԸ-ները ՀՀ կառավարության աջակցությամբ կապահովվեն մեկական էլեկտրաեռակցման սարքով, ինչպես նաեւ համատեղ օգտագործման համար կտրվի մեկ էքսկավատոր:





Facebook
Tweet This