Գրքի միջազգային ցուցահանդես`Երեւանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 28, 2011 11:12

Երեւանում ապրիլի 21-23-ը կանցկացվի գրքի միջազգային ցուցահանդես: Այն կազմակերպում է Հրատարակիչների ազգային ասոցիացիան` ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան մանկապատանեկան գրադարանի հետ համատեղ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը, արդեն նախապատրաստական աշխատանքները սկսվել են:

Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 50 հրատարակիչներ, որոնք կներկայացնեն վերջին տարիների լավագույն հրատարակությունները: Մասնակցելու են հրատարակություններ այլ երկրներից: Արդեն նախնական պայմանավորվածություն կա Վրաստանի, Իրանի եւ Լիբանանի հետ: Մ. Կարապետյանը նշեց, որ նախատեսում են Հայաստանում գտնվող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցություն: Նրա խոսքով` դեսպանատները կներկայացնեն իրենց գրողներին, վերջին հրատարակությունները:

Ապրիլի 23-ը գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրն է: Մ. Կարապետյանի խոսքով` այդ օրը նախատեսվում են մի քանի միջոցառումներ` գրքերի շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ: Կանցկացվի հեղինակային իրավունքների խախտման դեպքերին վերաբերող ծաղրանկարներ, որը կլինի նաեւ շրջիկ: Նախատեսվում է անցկացնել սեմինար` նվիրված հեղինակային իրավունքին: Գրքի ցուցահանդեսն անցկացվում է Հայկական գրատպության 500-ամյակին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply