Միսաք Գոչունյանի «Կրակի միջից» գիրքը հանձնվեց հայ ընթերցասեր հասարակության դատին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 28, 2011 10:58
Հայաստանի «Տիգրան Մեծ» հրատարակչությունը տպագրել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր եւ առաջին խմբագիր, արեւմտահայ վիպագրության անվանի ներկայացուցիչ Միսաք Գոչունյանի «Կրակի միջից» գիրքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Միսաք Գոչունյանի ծոռ Արա Գոչունյանը, թեեւ «Ժամանակ» օրաթերթը հիմնադրվել է 1908 թվականի հոկտեմբերի 28-ին, սակայն արդեն 3 տարի է, ինչ իրենք նշում են թերթի հիմնադրման 100-ամյա հոբելյանը:
Նրա խոսքով` հոբելյանի կապակցությամբ անցկացվել են մի շարք հասարակական, մշակութային միջոցառումներ, որոնց շրջանակներում նախատեսվում էր նաեւ Մ. Գոչունյանի ստեղծագործությունների հրատարկումն ու վերահրատարկումը: Արա Գոչունյանի ներկայացմամբ` «Կրակի միջից» պատմավեպը ներկայացնում է Ադանայի կոտորածների եւ համիդյան բռնապետության տարիների արհավիրքներն ու անիրավ բանտարկություններըի միջով անցած երկու ընտանիքների պատմությունները:
«Մեզ համար չափազանց կարեւոր է , որ հայաստանյան հրատարակչությունը Մ. Գոչունյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել եւ բարյացակամ վերաբերմունք ցուցաբերել արեւմտահայերենով եւ դասական ուղղագրությամբ պատրաստված գործի արժեւորման նկատմամբ»,- նշեց Ա. Գոչունյանը` հավելելով, որ այսպիսի գրքի հրատարակումն իրենց համար առանցքային նշանակություն ունի, քանի որ դրա շնորհիվ հայ արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալու հեղինակի գործերին: «Գիրքը նաեւ արեւմտահայ եւ արեւելահայ հատվածները կամրջելու նշանակություն ունի»,- նշեց նա` փաստելով, որ ստեղծագործությունն իրենց օրաթերթում հատվածաբար տպագրվել է, իսկ ամբողջապես այն հրատարկվում է առաջին անգամ:
Անդրադառնալով այն հարցին, թե նախատեսվում է գիրքը թարգմանել օտար լեզուներով` Ա. Գոչունյանը նշեց, որ իհարկե նմանատիպ ցանկություն կա, սակայն այդ աշխատանքը կապված է ֆինանսական խնդիրների հետ: Խոսելով թերթի գործունեության մասին` Ա. Գոչունյանը նշեց, որ 100 տարի գոյատեւած պարբերականը հավատարիմ է մնում հիմնադրի ոգուն եւ ուղուն:
Նշենք, որ «Ժամանակ»-ն աշխարհի ամենահին հայկական օրաթերթն է, որը հրատարակվել է առանց ընդմիջումների, պարբերաբար, միեւնույն ժամանակ Թուրքիայի ամենահին օրաթերթն է, որը գոյատեւում է մինչեւ այսօր:






Facebook
Tweet This
Email This Post
