«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը` մարտի 27-ին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 26, 2011 13:06

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվելու է թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մրցանակաբաշխությունը կազմակերպել է Հայաստանի թատերական գործիչների միությունը. այն այս տարի նվիրված կլինի Խորեն Աբրահամյանի 80-ամյա հոբելյանին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը, այս տարի մրցանակներ են հանձնվելու 13 անվանակարգերում:

Նա նշեց, որ մինչեւ մարտի 1-ը Հայաստանում գործող թատրոնները Թատերական գործիչների միություն ներկայացրել են հայտեր, որոնցում նշված է եղել, թե տվյալ թատրոնը ինչ անվանակարգում է ցանկանում ներկայացվել: Ս. Մելոյանի խոսքով` այս տարի Խորեն Աբրահամյանի անվան մրցանակ կտրվի մեկ տղամարդ դերասանի: Ամեն անվանակարգում ժյուրիի անդամներից յուրաքնաչյուրը կարող է քվեարկել մինչեւ երկու մասնակցի կամ աշխատանքի օգտին, որն էլ հաղթող կճանաչվի 5 կամ ավելի ձայներ հավաքելու դեպքում:

Մրցանակակիրները «Արտավազդ» մրցանակաբաշխությունը խորհրդանշող դիմակներով զարդարված թագից բացի, կստանան նաեւ դրամական պարգեւներ (ներկայացման համար` 1000 դոլարին, իսկ անհատ դերասաններին` 500 դոլարին համարժեք դրամ): «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թ-ին:

Սկզբում ունենալով միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», արդեն 1999 թ-ից տարեցտարի ավելացրել է անվանակարգերի թիվը: Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում եւ միայն 2008 թ-ից է սկսել նշվել մեծ շուքով:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply