ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 25, 2011 23:14

Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանի ղեկավարը Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորեց դադարեցնել հացադուլը, վերադառնալ Ազգային ժողով եւ մասնակցել օրենսդիր մարմնի աշխատանքներին, քանի որ խորհրդարանն ավելի լավ ամբիոն է խնդիրներ բարձրացնելու եւ քննարկելու համար: Պարոն Աբրահամյանը նշեց, որ այս քառօրյայում, օրինակ, քննարկվել է Ընտրական օրենսգրքի նախագիծը, ինչպես նաեւ «Հավաքների ազատության մասին» օրինագիծը եւ լավ կլիներ, որ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը իր առաջարկությունները հնչեցներ այդ նախագծերի վերաբերյալ: «Ձեր խմբակցության տեղը երեւում է խորհրդարանում, եւ ես հորդորում եմ ձեզ վերադառնալ խորհրդարան»,- ասաց ԱԺ նախագահը:

Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին այցի համար: Նա նշեց, որ գուցե առաջիկայում կկարողանա ընդունել հացադուլը դադարեցնելու մասին ԱԺ նախագահի հորդորը:

ԱԺ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելուց հետո պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, որից հետո պարոն Աբրահամյանին մոտեցան բազմաթիվ քաղաքացիներ, ներկայացրին իրենց մտահոգությունները եւ խնդիրները: Խորհրդարանի ղեկավարը սիրով լսեց բոլորին եւ խոստացավ աջակցել:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեցին նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply