Վերաֆինանսավորման ռեպո տոկոսադրույքն իջավ`դառնալով 5.25 տոկոս
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | August 12, 2009 17:10
Օգոսոտոսի 11-ի ԿԲ խորհրդի նիստի որոշմամբ վերաֆինանսավորման ռեպո տոկոսադրույքը կրկին իջեցվեց.սահմանված 5.5-ից 0.25 կետով իջեցնելով՝ այն դարձավ 5.25 տոկոս: Տնտեսական ճգնաժամի առաջին դրսևորումների ժամանակ ռեպո տոկոսադրույքը 7.75 տոկոս էր (2008թ. դեկտեմբեր), որից հետո աստիճանաբար իջեցվեց:
Վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքը փողի այն գինն է, որով ԿԲ-ն փող է տրամադրում մասնավոր բանկերին: Ռեպո տոկոսադրույքի իջեցման նպատակը փողի զանգվածը շուկայում մեծացնելն է: Դա կատարվում է հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կանգնած տնտեսությունը խթանելու համար:
ԿԲ խորհուրդը փաստեց, որ հուլիսին հունիսի նկատամբ արձանագրվել է 2.7 տոկոս գնանկում, որի պարագայում այս տարվա համար նախատեսված 4 +/- 1.5 տոկոս նպատակային միջակայքում գնաճը պահպանվել է ստորին սահմանում:
Ըստ ԿԲ հաղորդագրության՝ համաշխարհային տնտեսության կայունացման միտումները զուգակցվել են հումքային ապրանքների որոշակի աճով: «Միաժամանակ հուլիսին արձանագրված գնանկումը պայմանավորված է տարվա այս սեզոնին բնորոշ գյուղատնտեսական ապրանքների գների անկման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
