Երևանի 10 հասարակական վայրերում կտեղադրվեն տեսադիտական համակարգեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 25, 2011 15:25
Երեւանի Կենտրոն համայնքի 10 հասարակական վայրերում մինչ այս տարվա առաջին կիսամյակի ավարտը Հայաստանի ոստիկանության կողմից կտեղադրվեն տեսադիտական համակարգեր: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը` ավելացնելով, որ այդ հասարակական վայրերի թվում են` Ազատության, Շառլ Ազնավուրի անվան հրապարակները, Հանրապետության հրապարակը, Մատենադարանին հարող տարածքը, Մաշտոցի պողոտան` իր ողջ երկայնքով եւ այլն:
Նրա խոսքով` այս նախաձեռնությունն ունի կանխարգելիչ նպատակ. նման վայրերում բազմաթիվ հանցագործություններն են կատարվում, որոնք տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի ավելի շուտ բացահայտել: «Տեսախցիկների միջոցով հնարավոր կլինի նաեւ պարզել ոստիկանի եւ հասարակության փոխհարաբերություններն ու շփումը: Տեսախցիկները կզգոնացնեն նաեւ ոստիկաններին, հնարավորություն կտան հեշտությամբ հարթել վիճահարույց հարցերը»,- նկատեց Ն. Նազարյանը:
Դեռեւս հայտնի չէ, թե քանի տեսախցիկ կտեղադրվի այդ տարածքներում: Ոստիկանական համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում այս տարի Երեւանի 16 կետերում կսահմանվեն ոստիկանական հենակետեր: Առաջին նման հենակետը կսկսի գործել Երեւանի օղակաձեւ զբոսայգում` որոշ ժամանակ անց:
Սա, Ն. Նազարյանի խոսքով, կնպաստի հասարակական կարգի վերահսկողությանը, քաղաքում արձանագրվող հանցագործություններին արագ արձագանքմանը: Բացի այդ, Կենտրոն վարչական շրջանի 10 դպրոցներում ներդրվելու է անչափահասների տեսուչների համակարգ, որոնք պարբերաբար շփումներ կունենան պատանիների հետ, կնպաստեն նրանց միջեւ առկա խնդիրների լուծմանը:
Այս ինստիտուտի շուրջ դրական արձագանքներ լինելու հետ մեկտեղ, հաջորդ տարվանից անչափահասների տեսուչների համակարգը կներդվի ավելի շատ ուսումնական հաստատություններում:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
