Արմեն Գևորգյան. «Գյուղացիներից կգանձվեն ջրի դիմաց կուտակած պարտքերը»
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 25, 2011 15:18
Այն լուրերը, իբր ՀՀ կառավարության որոշմամբ օգտագործված ջրի դիմաց կուտակված պարտքերը զիջվել են, չեն համապատասխանում իրականությանը: Ջրօգտագործող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նման պարզաբանմամբ հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը` հավաստիացնելով, որ կառավարությունը նման որոշում չի կայացրել: Նրա խոսքով, երկու տարի է, ինչ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի աջակցությամբ Հայաստանում աշխատում են փորձագետներ, որոնք նաեւ ուսումնասիրում են ոռոգման համակարգի գործունեության ներքին կանոններն ու մեխանիզմները, գործող օրենսդրությունը:
«Այդ աշխատանքի արդյունքն էր նաեւ այն օրենքի ընդունումը, ըստ որի` ՋՕԸ-երը ազատվել են մատակարարած ջրի դիմաց ավելացված արժեքի վճարից, ինչը հեշտացնում է ներքին աշխատանքների կազմակերպումն ու վարչարարությունը: Այդ համատեքստում կառավարության որոշումը միտված է ՋՕԸ-երի կողմից կուտակված պարտքերի եւ հարկային տեսչության ներկայացվող պահանջները կանոնակարգելուն:
Որպեսզի հարկային տեսչությունները պահանջներ չներկայացնեն ընկերություններին չգանձված գումարների մասով, կառավարությունը որոշել է այս կարգը` համապատասխան միջազգային փորձագետների առաջարկությամբ»,- մանրամասնեց փոխվարչապետը` եւս մեկ անգամ շեշտելով, որ այդ որոշումը չի ենթադրում կուտակված պարտքերի զիջում. զիջելու դեպքում որոշումը կլիներ անարդար այն գյուղացիների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ պարտաճանաչ վճարել են ջրի դիմաց գումարներն ու պարտքերը: «ՋՕԸ-երի եւ գյուղացիների միջեւ եղած պարտքերը շարունակում են արդիական մնալ ջրօգտագործող ընկերությունների համար:
Նշենք, որ այս տարվա փետրվարի 24-ի նիստում գործադիրը որոշել էր «անհուսալի ճանաչել և դուրս գրել ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց առաջացած դեբիտորական պարտքերը, հաստատել է դրանց անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը»: Նշվում էր, որ որոշումը չի վերաբերում ընթացիկ վճարումներին:
Վարչապետն էլ նշել էր, որ դա էական աջակցություն է տարիների ընթացքում պարտք կուտակած ջրօգտագործողների համար և լուծում է սոցիալական լուրջ խնդիր։






Facebook
Tweet This
Email This Post
