Գագիկ Մանուչարյան. արդյունավետ կլինի կրծողների դեմ միաժամանակյա պայքարը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 25, 2011 13:16

Հայաստանում մկնանման կրծողները մեծ տարածում ունեն և մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսությունների եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը ներկայացրեց կրծողների տարածվածության պատճառները և դրանց դեմ իրականացվող պայքարը:

Մանուչարյանի խոսքով` կրծողների թվի մեծացումը պայմանավորված է մի շարք պատճառներով. ներկայում ֆինանսական ինչ-ինչ պատճառներով դադարեցվել են նախկինում կիրառվող երկու միջոցները` ցրտահերկն ու այգիների ջրումը: «Նախկինում` 25-30 տարի առաջ, գյուղացիական տնտեսություններում կատարվում էր ցրտահերկ. դա ձյան կայուն ծածկույթի առաջացումից առաջ գյուղացիական տնտեսություններում կատարվող խորը վարն է, որը զրկում է կրծողներին բնից ու կերից:

Արդյունքում` ցրտի եւ սովի պատճառով կրծողների մոտ 50 տոկոսը ոչնչանում էր»,- նշեց բանախոսը` հավելելով, որ այգիների բերքահավաքից հետո` տերեւաթափից 10 օր անց, այգիների ջրումը եւս կրծողների դեմ պայքարի արդյունավետ միջոց է: Ըստ Ա. Մանուչարյանի` մկնանման կրծողներից հատկապես դժվար է պայքարել կուրամկների կամ խլուրդների դեմ: «Սրանք կույր են, չեն տեսնում գրավչանյութը եւ չեն ուտում:

Ժամանակին դրանց դեմ պայքարում էին` բների մեջ կրակելով կամ ջրելով, սակայն դա չափազանց բարդ եւ ծանր աշխատանք է»,- նշեց բանախոսը` տեղեկացնելով, որ դաշտերում 4-5 տեսակի մկներ են հանդիպում: Գյուղատնտեսության նախարարության կողմից ամեն տարի կազմակերպվում է պայքար մկնանման կրծողների դեմ: Այս շրջանակներում նախորդ տարում շուրջ 140 հազար հեկտարի վրա պայքար է կազմակերպվել գյուղացիական տնտեսությունների միջոցով. այդ նպատակի համար օգտագործվել է 17 100 կգ ցինկի ֆոսֆիտ տեսակի թունանյութ:

Մանուչարյանն ասաց, որ պայքար է իրականացվել նաեւ խոտհարքներում, արոտավայրերում` տարածքներում, որոնք ընդհանուր օգտագործման են  եւ գյուղացիական տնտեսությունները շահագրգռված չեն պայքար կազմակերպելու: Ըստ նրա` հենց այդ տարածքներն են հանդիսանում մկնանման կրծողների հիմնական օջախներ, որտեղ ձմեռում են: Պայքարն իրականացվել է տրակտորային ցրիչներով` 300 հա տարածության վրա, ծախսվել է 375 կգ թունանյութ:

Վարչության պետը նշեց, որ մկնանման կրծողների ոչնչացման համար կարելի է թունանյութ պատրաստել հետեւյալ կերպ` 5 կգ ցորենին կամ գարուն ավելացնել 125 գ ցինկի ֆոսֆիտ թունանյութ եւ 140-150 գ ձեթ: Ստացված բուժանյութը պետք է տարածել մեկ հեկտարի վրա: «Թյուր է այն կարծիքը, թե այս բուժանյութը մեկ հեկտարին կարող է չբավարարել: Մկնանման կրծողներին ոչնչացնելու համար բավական է անգամ մի քանի թունավորված հատիկը, ուստի չարժե մեկ բնում լցնել բուժանյութի մեծ քանակություն եւ հետո բողոքել դրա որակից»,- նշեց բանախոսը` հավելելով, որ այս թունանյութը արդյունավետ միջոց է, որի նկատմամբ կրծողները դեռեւս դիմադրողականություն չունեն:

Մանուչարյանն ընդգծեց, որ կրծողների դեմ պայքարն արդյունավետ է լինում, եթե պայքարում են միաժամանակ բոլոր հարեւան դաշտերում, հակառակ դեպքում` թունանյութի ազդեցության վերացումից հետո, կա վտանգ, որ  հարեւան դաշտերից մկնանման կրծողները նորից տարածք կթափանցեն:

Դիտվել է 1809 անգամ:
Print Friendly

Leave a Reply