Մոնոէթնիկ պետություն ստեղծելու վրացական ծրագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 2, 2009 18:06

315_790930429Աստծուն ավելի մոտ է կանգնած վրացի ամուսնական զույգը, որն ունի 3 և ավելի երեխա, իսկ յուրաքանչյուր ընտանիքում ծնված 4-րդ և հաջորդ երեխաներին կնքում է վրացիների հոգևոր առաջնորդ Իլյա 2-րդը. այսպիսին է վրացական ուղղափառ եկեղեցու` ծնելիությունը խթանելու քաղաքականությունը. այս մասին այսօր տեղեկացրեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքերով` վրացական եկեղեցին ագրեսիվ ձուլման քաղաքականություն է վարում. վրացու հետ ամուսնանալ ցանկացող հայ աղջիկը պետք է դառնա ուղղափառ և վերամկրտվի վրացական եկեղեցում, որը հայերին համարում է «ոչ ճիշտ» քրիստոնյաներ:

Վրացական եկեղեցին յուրացնում և վրացականացնում է նաև հայկական մշակութային արժեքները: Նինոծմինդայի Փոկա գյուղի եկեղեցին վրացականացնելուց հետո այժմ հերթը Ախլցխայի Սբ. Նշանինն է: Աբրահամյանն ասում է` այժմ վրացական ծագում ունեցող անտուն մարդիկ են հաստատվում եկեղեցում, «ինչը հետագայում առիթ կդառնա, որ իշխանությունները տարածքը շրջափակեն մաքրման աշխատանքների պատրվակով և եկեղեցու պատերից ջնջեն հայկական արձանագրությունները»:

nshan4-1«Վրացիներն ամեն կերպ փորձում են ապացուցել, որ ջավախքահայերը եկվորներ են և այդտեղ են հաստատվել միայն 1830-ից հետո: Եվ այժմ հայաբնակ տարածքներում, որտեղ ոչ վրացիներ կան, ոչ էլ ուղղափառներ, վրացական եկեղեցիներ են կառուցվում, վրացականացվում են նաև խոշոր ճանապարհների վրա գտնվող պարսպապատ հայկական եկեղեցական համալիրները»,-ասում է Աբրահամյանը` ավելացնելով, թե այդ տարածքներում հոգևոր գործունեություն ծավալող վրաց եկեղեցականներից ոմանք նախկին բանտարկյալներ են, հաճախ նաև զինված:

Աբրահամյանն ասում է, որ պարտադիր պայման է հայկական դպրոցներում մատյանները վրացերենով լրացնելը: Բոգդանովկայի շրջանում, որտեղ միայն հայկական դպրոցներ են, ուսումնական ռեսուրս կենտրոնի տնօրեն է նշանակվել ազգությամբ վրացի, ով չի տիրապետում հայերենին:

«Վրաստանն արդեն 10 տարի է` Եվրախորհրդի անդամ է և 54 կոնվենցիա է ստորագրել, որոնց մեծ մասը վերաբերում է ազգային փոքրամասնությունների շահերի, իրավունքների և մշակութային կոթողների պաշտպանությանը,-ասում է կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը,-Սակայն մինչ օրս այս կոնվենցիաներից և ոչ մեկի պահանջը չի կատարել: Սա լուրջ լծակ է, որ կարող ենք օգտագործել»:

Փորձագետները նշում են, որ Ջավախքին սպառնում է նաև մահմեդականացման վտանգը. Քվեմոքարթլիում բնակվող ադրբեջանցիներն աստիճանաբար հաստատվում են հայաբնակ տարածքներում:

«Ջավախքը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Եթե այնտեղ այլևս չլինի հայկական գործոնը, ոչ միայն կվտանգվեն հայ-վրացական հարաբերությունները, այլև կարող է առաջանալ Հայաստանի լինել-չլինելու խնդիրը, քանի որ Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ»,-ասում է Աբրահամյանը:

Դիտվել է 1623 անգամ:
Print Friendly

Leave a Reply