ՄԽ համանախագահները խստորեն դատապարտել են շփման գծում սպանությունների եւ հակահարվածների անիմաստ շրջապտույտը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 25, 2011 11:11

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բերնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը մարտի 23-24-ին գտնվելով Վիեննայում Մինսկի խմբին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու իրենց գործունեության արդյունքները` որպես միջնորդներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, համանախագահները նաեւ ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դիտարկման արդյունքները:

Համանախագահները վերահաստատել են այն տեսակետը, որ հակամարտության միայն խաղաղ եւ բանակցային կարգավորումը կարող է ավելի լավ եւ հաստատուն ապագայի հեռանկարներ բացել այն մարդկանց համար, ովքեր ապրում էին եւ ապրում են այնտեղ: Նրանք նաեւ հույս են հայտնել, որ այս զեկույցը կօգնի կողմերին հասկանալ, թե ինչպես այս տարածքները կարող են նպաստել խաղաղությանը եւ բարգավաճմանը, եւ ոչ թե լինել լարումների եւ հակամարտության առարկա:

Համանախագահները նաեւ տեղեկացրել են, որ մոտ ապագայում այցելելու են տարածաշրջան` հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ քննարկումները շարունակելու համար` օգտվելով Սոչիում մարտի 5-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում առաջացած դրական տեղաշարժից: Նրանք կոնկրետ միջոցառումներ կմշակեն, որոնք թույլ կտան կյանքի կոչել Սոչիում ստանձնած պարտավորությունները` հրադադարի խախտումների վերաբերյալ բոլոր կողմերի մասնակցությամբ հետաքննություններ անցկացնելու մասին:

Հերթական անգամ ընդգծելով, որ հակամարտության կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ինչպես իրենց իրականացրած քայլերում, այնպես էլ հրապարակային կոչերում, համանախագահներն անընդունելի են որակել ուժի կիրառման սպառնալիքը, այդ թվում` քաղաքացիական օդանավերի նկատմամբ: Համանախագահները «խստորեն դատապարտում են սպանությունների եւ հակահարվածների անիմաստ շրջապտույտն առաջին գծի երկայնքով, եւ վերահաստատում իրենց դիրքորոշումը, որ կողմերը պետք է պատրաստեն իրենց հասարակություններին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply