Միջոցառումներ` նվիրված առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 25, 2011 11:08

Ապրիլի 12-ին կլրանա մարդու կողմից կատարած առաջին տիեզերական թռիչքի 50-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական միության համանախագահ Արեգ Միքայելյանը, այս նշանակալից իրադարձության 50-ամյակը նշվում է մի շարք երկրներում:

Ամենախոշոր միջոցառումը` «Starmus» փառատոնը, որին մասնակցելու են մի շարք ճանաչված տիեզերագնացներ, նոբելյան մրցանակի դափնեկիրներ եւ ընդհանուր առմամբ ավելի քան 5000 հյուրեր, տեղի կունենա հունիսի 20-25-ին Կանարյան կղզիներում, ընդ որում` այն կազմակերպում է մեր հայրենակից, աստղագետ Գարիկ Իսրայելյանը: Հայաստանում նույնպես պատրաստվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, ըստ ՀՀ ԳԱԱ նախագահության եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի միջեւ կնքած համաձայնագրի, ապրիլի 12-ին ՀՀ ԳԱԱ նախագահության փոքր դահլիճում տեղի կունենա հանդիսավոր գիտական նստաշրջան, որտեղ կլսվեն մի շարք զեկուցումներ:

Դրանից մեկ օր առաջ` ապրիլի 11-ին, Բյուրականի աստղադիտարանի գիտաժողովների դահլիճում տեղի կունենա երիտասարդական սեմինար, որին կմասնակցեն ընտրված աշակերտներ եւ ուսուցիչներ: Կրկին Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի ԱՊՀ երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների Գագարինյան միջազգային գիտաժողով` «Բյուրականի պարզ երկնքի տակ» անվանմամբ: Մի շարք դպրոցներում կանցկացվեն գագարինյան ընթերցումներ եւ այլ միջոցառումներ: Ապրիլի սկզբին պատրաստվում են Հայաստան այցելել անվանի տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովը, Գեորգի Գրեչկոն եւ Վլադիմիր Ջանիբեկովը:

Նշենք, որ 1961թ. ապրիլի 12-ին Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով առաջինը բարձրացավ Երկրի ուղեծիր եւ 89 րոպեում մեկ պտույտ կատարեց Երկրի շուրջը: Նույն տարում եւս 3 թռիչք տեղի ունեցավ` երկուսն ամերիկացիների`Ալան Շեփարդի եւ Վիրջիլ Գրիսոմի,եւ մեկը խորհրդային մեկ այլ տիեզերագնաց Գերման Տիտովի կողմից: Այսպիսով` տիեզերական դարաշրջանի սկիզբը դրվեց: Առ այսօր, տիեզերական թռիչքներ են կատարել 36 երկրների 530 տիեզերագնացներ:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply