Թուրքիայում գանձ որոնողները Համշենում քանդում են հայկական գերեզմանները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 25, 2011 0:46
Թուրքիայում գանձ որոնողների հերթական թիրախն է դարձել համշենահայերի գերեզմանների պղծումները:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ` Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Չամլըհեմշինի շրջանի 80 տուն ունեցող Մուրադ գյուղը դարձել է գանձեր որոնողների հերթական արկածախնդրության վայրը: Նախորդ տարի գյուղում ճանապարհ կառուցելու ժամանակ փոքրիկ բլրակներ են երեւացել: Արագ խոսակցություն է տարածվել, որ դրանք նախկինում այդտեղ ապրած հայերի գերեզմաններն են, որոնց մեջ հայերը հեռանալուց առաջ պահել են իրենց ոսկիները:
Այս խոսակցությունները արագ տարածվել էին նաեւ հիշյալ շրջանի սահմաններից դուրս, որից հետո գյուղը դարձել է գանձ որոնողների թիրախը: Գյուղացիները բողոքում են, որ ամեն օր իրենք առավոտյան տեսնում են, որ գիշերով անհայտ անձիք գյուղի տարբեր մասերում փորել են գանձ գտնելու նպատակով:
Գյուղի բնակիչներից Իբրահիմ Քեսիմալը ասել է, թե հայերը այս գյուղից հեռանալուց առաջ ոսկիները թաղել են գերեզմաներում, քանի որ մտածել են, թե թուրքերը գերեզմաների նկատմամաբ հարգանք ունեն եւ ձեռք չեն տա: «Մեզ այսպես են ասել մեր մեծերը: Ասում են, որ որոշներին հաջողվել է գտնել եւ հանել ոսկիները: Այս ընթացքում շատացել են գյուղ այցելողները»,-ասել է Մուրադ գյուղի բնակիչը:
Մուրադի գյուղապետ Հուրշիդ Դուրմուշը նշել է, թե իրենք ստիպված գիշերները սկսել են հերթապահություն իրականացնել` կանխելու արկածախնդիրների կողմից գյուղում փոսեր անելու փորձերը:
Բացի այդ, ժանդարմերիան եւս հերթապահություն է սահմանել գյուղի նկատմամբ:
Նշենք, որ հիմնականում Արեւմտյան Հայաստանում եւ այն վայրերում որտեղ հայեր են ապրել, տիրում է հայերի թաքցրած գանձերը գտնելու մոլուցքը: Ցավոք, այդ ամենը առիթ է հանդիսանում, որ արկածախնդիրները քանդեն հայկական գերեզմաներն ու հայկական եկեղեցիների հիմքերը` մտածելով, թե այնտեղ թաղված կլինեն այդքան սպասված գանձերը:






Facebook
Tweet This
Email This Post
