Երիտասարդ քաղաքական գործիչները գնահատել են վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական վերադասավորումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 19:41
Սույն թվականի մարտի 24-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության (ՀԵՔԳՄ) ընդլայնված նիստը, որին մասնակցում էին Երևանի և Հայաստանի մարզերի պատվիրակները: Այս մասին “Անկախ”-ին հաղորդեցին կազմակերպության լրատվական ծառայությունից:
Նիստի ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական վերադասավորումները, որոնց վերաբերյալ հնչել են տարբեր գնահատականներ:
ՀԵՔԳՄ անդամներն իրենց ելույթներում կարևորել են թե’քաղաքական, և թե’ հասարակական ներկա գործընթացներում հայ երիտասարդության իրական մասնակցությունը` կոչ անելով նրանց զերծ մնալ իմիտացիոն և արժեզրկված «պրոյեկտների» մեջ ներգրավվելուց:
Բարձրաձայնվել է քաղաքական դաշտում արժեքային համակարգի գրեթե բացակայության փաստը, ինչը, ըստ կառույցի ներկայացուցիչների, խիստ բացասական է անդրադառնում հասարակության շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:
Անդրադառնալով պարզ կանխատեսելիության մակարդակի հասնող հայաստանյան քաղաքական զարգացումներին, ՀԵՔԳՄ հիմնադիր-նախագահ Արման Վարդանյանն իր ելույթում նշել է. «Մենք պարտավոր ենք հարթակ հանդիսանալ նոր տեսլականներով սկզբունքային երիտասարդների համար և ապահովել նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Այսօր, ավելի քան երբևէ, առկա է քաղաքական սերնդափոխության հրամայականը»:
Նիստի ընթացքում նաև հստակեցվել է կառույցի մարտավարությունը, և առաջարկ է եղել հիմնադրել մարզային կառույցներ, ինչն էլ ընդունվել է ձայների պարզ մեծամասնությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
