Կանանց պատմության միամսյակին նվիրված համերգ ԱՄՆ դեսպանատանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 19:34
Մարտի 24-ին ԱՄՆ դեսպանատանը կայացավ համերգ նվիրված Կանանց պատմության միամսյակին: ԱՄՆ դեսպանության հյուրերն էին դեսպանատան նախաձեռնած 2010 և 2011թթ. կանանց մենթորական կամ ուղղորդող-խորհրդատուների ծրագրի մասնակիցները: Ներկաների համար հանդես եկավ JAZZEL վոկալ խումբը, որի կազմում միայն կանայք են: Երեկոյի մասնակիցներին ողջունեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուն` համառոտ անդրադառնալով ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ կանանց հիմնահարցերին տրվող մեծ կարևորությանը: Նա շեշտեց, որ երբ կանայք երկրի հասարակական ու քաղաքական կյանքին լիակատար մասնակցություն են ունենում, դրանից շահում է ողջ հասարակությունը:
Կանանց պատմության միամսյակը նշվում է ամեն տարի մարտին` արժանին մատուցելու այն ներդրումներին, որ ամերիկյան պետության ձևավորման գործում ունեցել են կանայք: Նախագահ Օբամայի հայտարարության մեջ ասվում էր. «Երբ մենք մեր գնահատանքն ենք հայտնում մեր երկիրը կերտած կանանց, պետք է հիշենք, որ այսօր մենք ունենք առաջադրանք գրելու կանանց պատմության հաջորդ գլուխը: Մենք պետք է սովորեցնենք մեր դուստրերին, որ ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ, որ վեր բարձրանալիս ոչինչ չի փակի նրանց ճանապարհը և միայն այս կերպ կարող ենք ոգեշնչել նրանց, որպեսզի հասնեն իրենց ամենաբարձր հավակնություններին ու իրական հավասարության»:
2010թ. ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ մեկնարկեց Կանանց մենթորական ծրագիրը: Միացյալ Նահանգներում մենթորական պրակտիկան լայնորեն կիրառվում է և դրա օգնությամբ մարդիկ, ովքեր կյանքում և աշխատանքում հասել են հաջողությունների, թրծում և օգնում են առաջնորդների հաջորդ սերնդին: Մենթորները խորհուրդներ են տալիս աշխատանքային կարիերայի վերաբերյալ, կիսում են իրենց փորձը և օրինակ ծառայում խոստումնալի ուսանողներին: Հայաստանի 2010թ. ծրագրին որպես մենթոր մասնակցել են 45 կին` տարբեր մասնագիտական ոլորտներից, իսկ նրանց հովանավորյալներն էին Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 ուսանողուհիներ: Այս տարի ծրագրին մասնակցում են 61 մենթոր և 61 ուսանողուհի:






Facebook
Tweet This
Email This Post
