85 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ. ԱԺ-ն ընդունեց մանկապղծությանը վերաբերող օրինագիծը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 24, 2011 18:27

ՀՀ ԱԺ-ն այսօր քննարկեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագիծը, որտեղ շեշտվում էր հատկապես երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտությունը:

Վ. Դալլաքյանը մանկապղծության դեմ պայքարի “դռագոնյան մեթոդներ”-ի կողմնակից է:

Նա կարծում է, որ Հայաստանում գործող օրենսդրության մեջ պատիժները շատ մեղմ են և պետք է խստացվեն: Որպես օրինակ պատգամավորը բերեց այն երկրները, որտեղ նման հանցագործներին ամորձատում են բժշկական, քիմիական կամ այլ մեթոդներով:

Դալլաքյանը, սակայն, իր օրինագծում զերծ է մնացել նման մեթոդով պատժի կիրառումից` առաջարկելով, օրինակ, որ 14 տարին չլրացած անձի նկատմամբ նման գործողություն թույլ տված անձը պատժվի 8-15 տարի ժամկետով ազատազրկմամբ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Դալլաքյանն առաջարկեց նաև մանկապղծության համար մի շարք ծանրացուցիչ-լրացուցիչ հանգամանքներ, մասնավորապես` բռնաբարության մասին հոդվածում ավելացնել նաև հետևյալ կետը`բռնաբարությունը, որը կատարվել է հղի կնոջ նկատմամբ, կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դրա գործադրելու սպառնալիքով, կատարվել է ուղղիչ հիմնարկում, կալանավորվածների կամ ձերբակալվածների պահելու վայրերում, զորամասում, բուժհաստատությունում` տուժողի կախվածությունն օգտագործելով:

Օրինագծով ծանրացուցիչ հանգամանք է նախատեսվում սեքսուալ բնույթի գործողության համար, որը կատարվել է երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից  կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության և խնամքի պարտականությունը:

Օրինագիծն ընդունվել է 85 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Դիտվել է 1871 անգամ:
Print Friendly

Leave a Reply