Գերմանիան հրաժարվեց մասնակցել Լիբիայի ծովային շրջափակմանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 17:57
ԳԴՀ-ն որոշում ընդունեց հեռացնել իր նավերը, որոնք հերթապահում են Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի ենթակայության տակ լինելու պատճառով: Գերմանիայի հրամանատարությանը ժամանակավոր հանձնվել է երկու եռակայմ հետախուզանավ և երկու սուզանավ, որոնց անձնակազմում 550 գերմանացի զինծառայող կա:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը պատասխանատվություն էին ստանձնել ապահովել Լիբիային զենք մատակարարելու էմբարգոն, ինչը նախատեսում է հյուսիսաֆրիկյան այդ պետության ծովային շրջափակում: Գերմանիայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը հայտարարել է, որ քանի որ էմբարգոյի պաշտպանությունը ենթադրում է անհրաժեշտության դեպքում զինված միջամտություն, ԳԴՀ-ն չի մասնակցի այդ ակցիային:
Նշենք, որ Գերմանիան այն երկրներից մեկն է, որոնք ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լիբիայի նկատմամբ պատժամիջոցների մասին բանաձևի քվեարկության ժամանակ: Այսպիսով, ԳԴՀ-ն անմիջականորեն չի մասնակցում Մ. Քադաֆիի զորքերի վրա ավիահարվածներին: Միաժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշում է, որ այդ դիրքորոշումը չեզոքություն չի ենթադրում: Մասնավորապես, Գերմանիայից Աֆղանստան է ուղարկվել 300 զինծառայող AWACS-ի հետախուզական ինքնաթիռների թռիչքներն ապահովելու համար` այդպիսով փոխարինելով բրիտանական և ամերիկյան օդաչուներին, որոնք կարող են օգտագործվել Լիբիայում:
Նշենք, որ մարտի 24-ին կոալիցիայի ուժերն անցան Լիբիայի մայրաքաղաքի ռմբակոծմանը: Reuters-ի տվյալների համաձայն` Տրիպոլիում տեղի է ունեցել 8 պայթյուն: Երկրի նախագահի նստավայրը կրկին ենթարկվել է օդային հարվածի:
Հինգ արևմտյան երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Իտալիայի կոալիցիան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն, որով լիբիական ինքնաթիռներին արգելվում է թռչել երկրի տարածքում, 2011 թ. մարտի 19-ին հրթիռային հարվածներ է սկսել Լիբիայի տարածքում: Իսկ մարտի 23-ին կոալիցիային միացավ Կանադան: Ինչպես հաղորդել են երկրի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները, առաջին ռումբերը նետվել են զինապահեստների վրա:






Facebook
Tweet This
Email This Post
