Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Մերձծովյան երկրամասի նահանգապետ Սերգեյ Դարկինի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 24, 2011 16:20

Այսօր  Վլադիվոստոկ քաղաքում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Մերձծովյան երկրամասի գուբերնատոր Սերգեյ Դարկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրամասի եւ ՀՀ մարզերի միջեւ արդյունավետ համագործակցության խորացման հարցերը:

Դեսպան Եսայանը գուբերնատորի հետ հանդիպմանը նշել է, որ Մերձծովյան երկրամասի եւ ՀՀ մարզերի միջեւ սերտ կապերը կնպաստեն նոր հնարավորությունների եւ տնտեսական համագործակցության նոր ձեւաչափի ստեղծմանը: Դեսպանն ընդգծել է նաեւ երկկողմանի ներդրումային նախագծերի իրականացման անհրաժեշտությունն ինչպես տնտեսական եւ համատեղ ձեռնարկատիրության ոլորտներում, այնպես էլ հումանիտար բնագավառում:

Սերգեյ Դարկինն իր հերթին դեսպան Եսայանին ներկայացրել է Մերձծովյան երկրամասի սոցիալ-տնտեսական զարգացման եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, այդ թվում` շեշտելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Նշվել է նաեւ, որ երկրամասն ակտիվ համագործակցում է Մերձավոր եւ Հեռավոր արեւելքի 90-ից ավելի երկրների հետ: 2010թ. ապրանքաշրջանառությունը 2009-ի համեմատ 1,7 տոկոսով աճել է ՝ հասնելով 5,5 մլն ԱՄՆ դոլարի: Հայաստանի կշիռը կազմել է 1 տոկոս: Այս առիթով կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու ակտիվացմանը փոխշահավետ պայմանների հիման վրա:

Գուբերնատոր Դարկինը նկատել է, որ հայ համայնքը երկրամասի մյուս համայնքների հետ միասին ակտիվ մասնակցում է կազմակերպվող տարաբնույթ նախաձեռնություններին՝ փառատոններին, ցուցահանդեսներին եւ հասարակական ֆորումներին:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply