Հավաքների ժամանակ հեռավորություն որոշողը լինելու է ոստիկանությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 24, 2011 15:32

Աժ-ում շարունակվում է «Հավաքների ազատության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար  Հրայր Թովմասյանը:

Նախարարի խոսքով, նախորդ օրենքի համեմատ տեղի են ունեցել մի շարք հիմնարար փոփոխություններ: Մասնավորապես, հստակեցվել ու տարանջատվել  է քաղաքական բնույթի հավաքն այլ միջոցառումներից (տոնական միջոցառումներ, համերգներ և այլն):

«Այս երկուսն իրար խառնելը միևնույն հարթության վրա է դնում երկու իրավունքները, և հանրահավաքը հավասարվում էր սովորական մի միջոցառման»,-նշեց նախարարը:

Ըստ Թովմասյանի, դա նաև կլուծի հանրահավաքի թույլտվության համար դիմած քաղաքացիներին մերժելու և նախապատվությունը համերգին տալու խնդիրը:

Նրա խոսքով, ներմուծվել է մի ինստիտուտ, որի անունը պայմաններ առաջադրելն է.

«Իրազեկման մեջ նշված պայմաններից կարող են նաև շեղումներ լինել և իրազեկում ներկայացնողն ու լիազոր մարմինը կարող են բանակցել»,-նշեց նա:

Նախարարի խոսքով, առաջին անգամ սահմանվում է, որ վարչարարության հիմունքների վարչական վարույթի սկզբունքներն ամբողջությամբ տարածվում են և հստակորեն սահմանվում այն բոլոր հիմքերը, որի պարագայում կարող է սահմանափակվել, դադարեցվել կամ ցրվել հավաքը:

«Հավաքի իրավունքը կարող է սահմանափակվել երկու դեպքում, եթե հանրային շահ գոյություն ունի և այլոց սահմանադրորեն ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանություն,-ասաց Թովմասյանը,-իրազեկումը քննարկման փուլում որոշողը լիազոր մարմինն է, կոնկրետ պարագայում, հավաքի անցկացման փուլում` ոստիկանությունը»:

Ինչ վերաբերում է որոշակի կառույցներից (Կառավարություն, Ազգային ժողով, դատարաններ և այլն) հավաքի անցկացման հեռավորությանը, ապա նախարարի խոսքով, այստեղ հստակեցման կարիք չկա, քանի որ գոյություն ունի համաչափության, ինչպես նաև բնականոն գործունեության ապահովման սկզբունք:

Ըստ նախարարի, օրենքը չի կարող բոլոր դեպքերն ու իրավիճակները կանխատեսել, դրա համար գոյություն ունեն սկզբունքներ:

Ամեն դեպքում, նախարարը վստահեցնում է, որ հեռավորություն չսահմանելը ոստիկաններին կամայականության տեղ չի թողնում.

«Կա գնահատողականության և համաչափության սկզբունք, և յուրաքանչյուր դեպքում պետք է որոշել` արդյո՞ք 10 կամ 50 մետր հեռու գտնվելը կապահովի հավաքի բնականոն աշխատանքը,-ասաց նախարարը,-որոշողը այդ պարագայում լինելու է ոստիկանությունը, իսկ վեճ-բողոքի դեպքում` դատարանը»:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply