Ծառուղիում գիրք կարդացող աղջկա որոնումները շարունակվում են

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 25, 2011 1:08

Օրերս Տավուշ գնացող մտավորականների մի խումբ ուղևորվել էր շարունակելու «ծառուղիում գիրք կարդացող աղջկա» որոնումները:

Հրանտ Մաթևոսյանի այս միտքն իր շուրջն էր խմբել  Տավուշի մարզկենտրոն Իջևանում «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնի նախաձեռնող խմբի անդամների, մտավորականների և այդ գրքահավաքի հեղինակներին:

Փետրվարի 13-18-ը ինտերնետում «մոլեգնում» էր  «Գիրք-2011» ինտերնետային մարաթոնը, որը նախաձեռնել է գրող Հովիկ Չարխչյանը: Իսկ գրքահավաքի «մեղավորները»  Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողներն են, որոնք Ջինիշյան հիմնադրամի կազմակերպած սեմինարի արդյունքում առաջարկել են մարզի սահմանամերձ գյուղերի համար գրքահավաք կազմակերպել:

Ջինիշյան հիմնադրամը  Հայաստանի յոթ քաղաքների բուհերում մասնաճյուղեր ունի և իրականացնում է տարբեր ծրագրեր: «Մեզ մոտ կազմակերպում ենք  սեմինարներ, որոնց արդյունքում էլ ծնվում են գաղափարներ,- ասում է  Իջևանի համալսարանի Ջինիշյան հիմնադրամի աշխատակից Արման Եգանյանը,- «Համայնքի զարգացման գործընթացը քաղաքացիական հասարակության մեջ» սեմինարի ընթացքում էլ ծնվել է  այն միտքը, որ գրադարանները գրքի կարիք ունեն»:

«Այս նախաձեռնության նպատակը, թերևս, Մաթևոսյանի մտքում պտտվող աղջկան գտնելու որոնումներն են,- ասաց լեզվաբան Լևոն Գալստյանը,- ընթերցանության և մշակույթի ընդհանուր ճգնաժամ կա,  մշակույթների փոխակերպում է տեղի ունենում»:

Լեզվաբանը հանդիպմանը եկած իջևանցի ուսանողներին ասաց, որ այդ որոնումները կատարվում են նոր միջավայրում, որոնք ենթադրում են նոր գործիքներ. «Դրանք շատ կարևոր գործիքներ են, որոնք ձևակերպում են նոր իրականություն»:

Իջևանցի գրող Անդրանիկ Իսախանյանի հարցին, թե ինչպես եզրեր գտնեն ընդհանուր մշակույթում, եթե իրենք երիտասարդ ստեղծագործողներ են, Գալստյանը խորհուրդ տվեց գրանցվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:  «Ժամանակն առաջ է գնում, գրականության վերջին խոսքը հնարավոր է գտնել ինտերնետում,- ասաց նա,-  այնտեղ կարելի է հանդիպել ստեղծագործողների հետ, դնել ձեր գործերը քննարկման ու կարծիքներ լսել»:

Մարաթոնի մյուս բանախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, սակայն, փաստեց, որ ժամանակակից օնլայն իրականությունը մարդուն ծուլացնում է: «DVD, հեռուստատեսություն, ինտերնետ. մարդիկ ժամանակ չունեն այլևս գիրք կարդալու,- ասաց նա,- սակայն դեռ Մարկեսն է ասել, որ մարդկությունը  ոչ թե ուղիղ է առաջ գնում, այլ պարույրաձև: Վիրտուալ աշխարհը լավ բան է, բայց գրքի թովչանքին բան չի հասնի»:

Լևոն Գալստյանը, փաստելով գրքի տեղեկատվական և հոգևոր արժեքները, ասաց, որ ամբողջությամբ անտեսվել է գրքից հոգևոր ազդակ ստանալու ակնկալիքը. «Ըստ էության, մարդն օտարվել է դրանից, և ամեն ինչին մենք նայում են օգտապաշտական մղումով»:

Մարաթոնի ընթացքում հավաքվել էր 6000 կտոր գրականություն, որից միայն 2000-ն էր բերվել Իջևան: «Մարաթոնն աննախադեպ ծավալ ընդգրկեց, և մենք որոշեցինք գրքերով ապահովել, օրինակ, այն զորամասերի գրադարանները, որոնք վերազինված չեն»,- ասաց Չարխչյանը:

Արման Եգանյանն ասաց, որ իրենք ակնկալում էին ստանալ 500 գիրք, սակայն, քանի որ բերել են 2000-ը, դրանք կտրվեն Այգեհովիտ, Սարիգյուղ, Խաշթառակ, Աչաջուր և Ենոքավան գյուղերի գրադարաններին, ինչպես նաև  Իջևանի համալսարանին ու Տավուշի մարզային գրադարանին, որը գտնվում է Իջևանում:

Տավուշի մարզային գրադարանը

Տավուշի մարզային գրադարանը  հիմնադրվել է 1956 թ.: Տուֆակերտ շենքը, որ արտաքուստ բարվոք  տեսք ունի, ներսից քայքայված է: Գրադարանը ջեռուցվում է փայտի վառարաններով: Նախկինում այն եղել է պիոներ տուն, իսկ գրադարանը մինչև այստեղ հանգրվանելը դեգերել է տարբեր շենքերում, բավական երկար ժամանակ էլ եղել է մի շենքում, որն այժմ  Իջևանի սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին է: Այս ոդիսականն «Անկախը» կներկայացնի հաջորդ համարում:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն «Անկախին» ասաց, որ գրադարանի նորոգման համար կառավարության որոշմամբ հատկացված է 58 մլն դրամ, և աշխատանքները պետք է իրականացնի քաղաքաշինության նախարարությունը:  «Որոշումը 2011 թ. համար է,- ասաց նա,- բայց այդ գումարով պետք է հիմնանորոգվի, թե նորոգվի, չգիտեմ»:

Գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանի տեղեկացմամբ՝ գրադարանի ֆոնդերում կա 45 829 կտոր գիրք: Նախարարությունն ամեն տարի փոխանցում է 300-350 հազար դրամ, որով այս տարի գնվել է 187  գիրք: Անցած տարի գրադարանին 300 հազար դրամ է տրամադրել նաև «Սիվիլիթաս» հիմնադրամը, որով գնվել է 144 գիրք: Գրադարանը դասական և բուհական մասնագիտական գրականության կարիք ունի: Աշխատակից Արփինե Մխիթարյանն ասաց, որ  2010 թ. տվյալներով` գրադարանն ունեցել է 4955 ընթերցող, որոնց մեծ մասը համալսարանի ուսանողներ են: Գրադարանի տնօրենի հավաստմամբ՝ ընթերցողի պակաս չեն զգում. «Ընթերցողի հետաքրքրությունը գրքի նկատմամբ չի նվազել»:

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply