Գրասենյակային հիվանդություն. ինչպե՞ս պահպանել առողջությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 28, 2011 15:02

Կյանքի մեծ մասը  մենք` միջին վիճակագրական իրավաբաններս, մենեջերներս անցկացնում ենք ստեղնաշարի ու մկնիկի առջև, կան գրասենյակային աշխատողներ էլ, որ կարծես տուն են գնում միայն քնելու համար: Գրասենյակում, որտեղ, աշխատանքից բացի,  շփվում ենք  գործընկերների հետ, սնվում, սուրճ ու թեյ խմում, տեղեկանում նորություններին ու քննարկում դրանք, մեզ դարանակալում են սուսուփուս, նենգ, աննկատ  մոտեցող  հիվանդությունները:

Ճանաչի՛ր թշնամուդ

Գրասենյակային աշխատողի աշխատանքային գործիքը համակարգիչն է` աչքերի անողոք թշնամին: Մոնիտորին նայելիս աչքերը սովորականից մոտավորապես երեք անգամ քիչ ենք թարթում (թարթելն  անհրաժեշտ է աչքերը խոնավացնելու համար):  Հետևանքը` օրվա վերջում աչքերը ցավում են, արցունքակալում, կարծես կոպերի տակ ավազահատիկներ լինեն:

Հիշեք` եթե երեկոյան դուրս եք գալիս աշխատանքից ու  չեք կարողանում նայել լույսին, դժվարանում եք կենտրոնացնել  հայացքը, ու աչքերն էլ կարմիր են, նշանակում է, որ դուք  գրասենյակային հիվանդության զոհ եք: Այս ախտանշանն էլ հենց կոչվում է «չոր աչք»:

Հետևաբար, անհրաժեշտ է ապահովել աչքի նորմալ խոնավացումը. յուրաքանչյուր 20-30 րոպեն մեկ պետք է ընդհատել աշխատանքն ու աչքերի «լիցքավորում» կազմակերպել (մի քանի վայրկյան անընդհատ ուժեղ թարթել, ապա 10 անգամ պինդ կկոցել, հետո էլ հայացքն  աջ ու ձախ պտտեցնել): Եթե  այս վարժություններից  թեթևություն զգաք, կրկնեք ավելի հաճախ:

Օրվա ընթացքում տեսողության ֆոկուսավորման համար փորձեք  հայացքը  պարբերաբար սևեռել հեռուն. մոտ տեղադրված առարկաներից հայացքը տեղափոխեք հեռվում գտնվող  օբյեկտների վրա:  Եթե ձեր աշխատանքը 90%-ով կապված է համակարգչի հետ, չի խանգարի  մանկության հուշեր արթնացնող ձկան յուղ օգտագործել: Ակնաբույժի նշանակմամբ  կարելի է նաև աչքի կաթիլներ օգտագործել, ինչպիսին, ասենք, «արհեստական արցունքն է»:

Մկնիկով անընդհատ աշխատանքի պատճառով հնարավոր է աշխատող ձեռքի արմունկի ու դաստակային հոդերի տհաճ ցավ առաջանա: Դա էլ անհարմար դիրքից է, մշտական լարվածությունից ու արյան շրջանառության խանգարումից: Այս տհաճությունների կանխարգելումն էլ  բավականին պարզ է. դրա համար հարկավոր է աշխատանքային մակերեսը ճիշտ կազմակերպել, ինչի  շնորհիվ հնարավոր  է  խուսափել նաև այդ անհարմարություններից: Սեղանը պետք է բավականաչափ ազատ լինի, որպեսզի ձեռքը հանգիստ տեղաշարժվի:  Ժամը մեկ թողեք, որ մկնիկը հանգստանա: Վարժություններ արեք ձեռքերի համար, ասենք` դաստակի պտույտներ, մատները բռունցք անել, ապա թուլացնել: Եթե  արմունկը ցավում է և ուռչում, կարելի է հագուստի տակից արմնկակալ հագնել:

Կորչի օսթեոխոնդրոզը

Սկոլիոզն ու օսթեոխոնդրոզն ամենատարածված գրասենյակային հիվանդություններն են. ողջ օրը նստելու հետևանքով ողնաշարը ծռվում է, առաջանում են  գոտկատեղի  ու մեջքի ցավեր, գլխացավ, որի պատճառն էլ անշարժ դիրքն է:

Դրանք նույնպես  կարելի է կանխարգելել  շարժողական ակտիվությամբ:

Օրվա ընթացքում մի քանի րոպե հատկացրեք պարանոցի մկանները տրորելու, ողջ մարմնով ձգվելու և ուսերն ուղղելու համար: Կռացեք առաջ, աջ ու ձախ, մի քանի անգամ կքանստեք: Փորձեք աշխատավայրում մի քանի անգամ ընդմիջումներ անել օգտակար մարզանքներով և անպայման արդյունքը կտեսնեք: Եթե պարբերաբար լողավազան եք հաճախում կամ խմբակներ (յոգայի, պարի), ապա ճիշտ կլինի աշխատանքային ժամերի հետ համատեղել, որ ստացվի լիցքաթափող ընդմիջում: Աշխատանքային օրվա վերջում  զգացնել է տալիս ևս մեկ անհարմարություն` «հոգնած ոտքերի» ախտանշանը: Եթե աշխատանքի եք գնում բարձրակրունկներով, ապա հարկավոր է աստիճաններով հաճախակի  վերուվար անել: Ընդմիջմանը դուրս եկեք, ու ավելի լավ է` անհարմար կրունկները փոխարինեք հարմարավետ կոշիկներով:

Թվարկենք գրասենյակային աշխատանքի անհարմարություններից մի քանիսը

1.Գրասենյակում փոշու կուտակումը: Անհրաժեշտ է օրվա մեջ մեկ անգամ խոնավ շորով մաքրել բոլոր մակերեսները: Չէ՞ որ փոշին ոչ միայն շնչառական օրգաններին է վնասում, այլև մանրէների փոխանցման գերազանց միջավայր է:

2. Երբեմն պետք է կահույքը տեղաշարժել ու սարքավորումները վերադասավորել  այնպես, որ ճիշտ գնահատվեն բոլոր հնարավորությունները, և մեջքին հնարավորինս  հարմար դիրք տրվի:

3.Ինչպես արդեն վերը նշվեց, աչքերին ժամանակ առ ժամանակ հանգիստ տվեք. հանգստի բացակայությունը տեսողությանը լուրջ վնաս է հասցնում:

4. Տարին գոնե 1-2 անգամ անհրաժեշտ է լվանալ ստեղնաշարը, մկնիկն ու սեղանը:  Հենց այդ մակերեսներին են գոյանում հիվանդածին  մանրէների կուտակումները:

5. Նշանակություն ունի նաև աշխատասեղանի կազմակերպման գործը: Անհարմար դիրքը, սեղանը, մի խոսքով`  մեջքի, պարանոցի ուսամկանների լարումն օրվա վերջում հանգեցնում է խիստ հոգնածության:

6. Ով երկար է աշխատում համակարգչով, նրա մոտ դաստակի արթրիտ  կարող է առաջանալ:

7.Նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու   անլիարժեք քունը կարող են  հանգեցնել անընդհատ քնատության: Այս դեպքում խորհուրդ է տրվում հաճախակի դուրս գալ, մաքուր օդ շնչել և շուտ պառկել քնելու:

8.Գլխացավը  հատուկ  է  գրասենյակային «նստակյացներին»: Միգրենը նույնպես կարող է  առաջանալ նստակյացությունից, ինչպես նաև` ցերեկային լամպի լույսից: Գրասենյակային դժբախտություններից է նաև  ոտքերի ու թոքերի թրոմբոզը. երկարատև նստած վիճակի հետևանքով արյան շրջանառությունը  դանդաղում է: Այս հիվանդությունների բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի ու կաթվածի:

9.Իսկ ամենավտանգավորն աշխատանքի պատճառով  սակավաշարժ վիճակն է: Այն կարող է հանգեցնել գիրության: Դրանից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում օրական գոնե երկու ժամ քայլել:

Դիտվել է 2170 անգամ:
Print Friendly

Leave a Reply