«Ոչ մի թիզ հող»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | March 31, 2011 8:58
Պատերազմում հաղթանակ տարանք, բայց 2Օ տարի է, ինչ այն դիվանագիտական ոլորտ է տեղափոխվել, որտեղ սայլը տեղից չի շարժվում: Շարունակ շահարկվում է ազատագրված տարածքները հանձնել–չհանձնելու խնդիրը: Այս համատեքստում Քաշաթաղի վարչակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանի խոսքը բավական հուսադրող է:
–Պրն Հակոբյան, Ձեր ղեկավարած շրջանը թերևս ժամանակին Արցախի առաջին ու համեմատաբար լավ բնակեցված ազատագրված տարածքն էր: Ե՞րբ և ինչպե՞ս դրվեց վերաբնակեցման հիմնաքարը:
– Զրոյական իրավիճակ էր, երբ սկսվեց գործընթացը: Շրջանի վերաբնակեցումը լուրջ թափով սկսվեց 1993 թ. և որոշ հաջողություններ եղան: Տարիների ընթացքում անբնակ, ավերակ երկիրը շենացավ, որի բնակիչները շատ էին սիրում իրենց երկիրը: Հաճույքով էին ապրում՝ գիտակցելով, որ տասնամյակներ շարունակ ուրիշի ոտքի տակի հողը, որն իրենց հայրենիքն էր, վերջապես իրենց վերադարձավ: Տարիների ընթացքում գյուղերի թիվը 106-ի, իսկ դպրոցներինը՝ 54-ի հասավ: Երեք քաղաքային համայնք ունեցանք՝ Բերձոր, Միջնավան, Կովսական:
– Այսուհանդերձ շատ է խոսվում, թե ինչու այդ տարածքները փախստականներով չենք բնակեցնում:
– Հարցը ճիշտ չէ, և ուրախ կլինեմ, որ այսուհետ այլևս չհնչի, որովհետև վերաբնակեցվել է հիմնականում Ադրբեջանի հայ փախստականներով:
– Ի՞նչ սկզբունքով ընթացավ գործընթացը:
– Մի շարք, դրանք չէին գովազդվում, բայց առավել հետաքրքիր էին մեթոդոլոգիայի տեսանկյունից, նկատի ունենալով աշխարի փորձը: Այն կիրառել ենք ու որոշակի հաջողութունների հասել: Իհարկե, մեզ համար անընդունելի տարբերակներ էլ կային: Վերաբնակեցման ծրագիրը տարիների համար էր: Սկզբում երկու քառամյա, մեկ երկամյա, այնուհետև մեկամյա ծրագրեր կյանքի կոչեցինք:
– Սակայն մեզանում, չգիտես ինչու, կարծիք էր ձևավորվել, որ այդ գործընթացում բացակայել է պետական մոտեցումը:
– Ով ասում է, թող ինքը պատասխանի: Առանց պետական մոտեցման չէր լինի այն, ինչ եղավ 1993 թ. դեկտեմբերի 2-ին: Օր, որ մոռանալ չի լինի, քանզի Քաշաթաղի շրջանի ստեղծման օրն է: Այդպես էր թվում, որովհետև առկա էր գաղտնիության սկզբունքը, բայց այդ տարածքներ այցելածները, այդ թվում նաև քաղաքական այրեր, իհարկե, ոչ առաջին կարգի, այդ ամենը ոչ միայն տեսել ու հասկացել են, այլև նորմալ վերաբերվել՝ գիտակցելով, որ այդ ամենն արվում է ընդամենը մեծ քաղաքականության համար խնդիրներ չստեղծելու նպատակով: Եվ ոչ ավելին:
– Բնակչության թիվն ինչքանի՞ հասավ:
– Բնակեցվեց Քաշաթաղի շրջանն ու նրանից հյուսիս ընկած Շահումյանի շրջանը (Քարվաճառ), ինչպես նաև՝ Արցախի քարտեզի մեջ մտնող առանձին թերակղզիներ: Լավ բնակեցվեց մի քանի գյուղ: Դրանով Արցախի կառավարությունը զբաղվեց: Քարվաճառում բնակչության թիվը 3 հազարի հասավ, իսկ Քաշաթաղում, Միջնավանը ներառյալ, 12 հազար 300 բնակիչ: Հետո բնակչության կորուստ տեղի ունեցավ:
– Ի՞նչ պատճառով:
– Քաղաքականության փոփոխման պատճառով որոշվեց, որ վերաբնակեցումը պետք է դադարեցվի, թեև այդ մասին չհայտարարվեց: Հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանի հետ փաստաթուղթ է ստորագրվել: Ալիև մեծի մահից առաջ նախագահ Քոչարյանը հաջողացրել էր մի փաստաթուղթ ստորագրել, որի 6-րդ կետով դադարեցվեցին վերաբնակեցման, ինչպես նաև կոմունիկացիաների սեփականաշնորհման գործընթացները: Այդ պատճառով էլ 2004-ից այս կողմ վերաբնակեցում, որպես այդպիսին, չկա ո՛չ Քաշաթաղում, ո՛չ էլ Քարվաճառում: Փոխվեց վերաբերմունքը բնակիչների նկատմամբ, ինչի հետևանքով նրանց թիվն աստիճանաբար նվազեց:
– Որովհետև հանեցի՞ն արտոնությունները:
– Արտոնություններն առաջին տարիներին 100 միավոր էին: Տարեցտարի դրանք պակասեցին: Փոխվեցին, հարմարեցվեցին առաջացած պայմաններին: Ի վերջո, այդ տարածքը պիտի ոչ արտոնյալ լինի, այնպես ինչպես Հայաստանի մեկ այլ տարածք, բայց եթե ուզում ես վերաբնակեցում իրականացնել, ապա արտոնություններ պիտի լինեն, որոնք գնալով նվազեցին: Բնակչությունը դրան նորմալ էր վերաբերվում, բայց եթե դրանք վերացնում ես, կնշանակի վերաբնակեցում չես ուզում: Ինչն էլ տեղի ունեցավ 2004-ին: Իրականում ոչ այնքան հումանիտար խնդիրն է կարևորվում, որքան մարդկային ու պետական, ազգային խնդիրը: Ցավոք, 2004 թ. քաղաքականության փոփոխությունը նաև նշանավորվեց գաղափարական մի այնպիսի ստով, թե իբր մենք վերաբնակեցում չունենք, այն, ինչ ունենք, գրեթե չեղած բան է: Գոնե դուք եղել եք շատ բնակավայրերում, տեսել Բերձորի Ս. Համբարձում, Հակի Ս.Մինաս եկեղեցիները, վերակառուցված Ծիծեռնավանքը: Ձևացնելը, թե դա վերաբնակեցում չէ, վերակասեցման քաղաքականության մի մասն է:
Ասեմ, որ վերաբնակեցնողներիս պետականորեն հաստատված սկզբունքը ամենահեռավոր, լեռնային գյուղերը չբնակեցնելն էր: Այդ քաղաքականությունը փոխողների մտքով անցավ նաև պակասեցնել համայնքների թիվը, որի հետևանքով դրանց թիվը 71-ից իջավ 51-ի, 54 դպրոցից էլ մնաց 44-ը:
– Այսինքն` համայնքների խոշորացում գնաց:
– Այո, ինչն անթույլատրելի է: Բերձորը դարձավ նորմալ քաղաք՝ քաղաքին հարիր հասարակական կյանքով ու բոլոր ենթակառուցվածքներով: Երկու միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, երաժշտական, արվեստի դպրոցներ, պատմա-երկրաբանական թանգարան: 2001-ի հոկտեմբերին օծվեց Ծիծեռնավանքի եկեղեցին, իսկ մեկ տարի անց բացվեց սեղանատունը, որը դարձավ Բերձորի պատմա-երկրաբանական թանգարանի մասնաճյուղը: Ասեմ, որ վերջին շրջանում վերաբնակեցման նկատմամբ վերաբերմունքը փոխվել է հօգուտ լավի:
– Պրն Հակոբյան, Քնարավանը կառուցվե՞ց:
– Հյուսիսային թևի գյուղերի կենտրոնում շատ կարևոր էր մի շրջկենտրոն ունենալը, որովհետև ամենամոտիկ գյուղից մինչև շրջկենտրոն՝ 22 կմ էր, իսկ հեռավորից՝ 55: Եվ այդ գյուղերի կենտրոնում կառուցել մի ավան, որը կունենար լավ հիվանդանոց, դպրոց, տնտեսական այլ հնարավորություններ, անհրաժեշտություն էր: Հետևաբար 1999-2000 թթ. խնդիրը դրվեց, ու արագ թափով այդ ավանը կառուցվեց, բայց այն Վարդուտ կոչվեց, որովհետև կանադահայ ընտանիքը, որ պիտի աջակցեր այդ շինարարությանն ու իրենց մոր անունով պիտի կոչեր, վերջնական արդյունքում ընտրեց Քարվաճառը, և Քնարավանը կառուցվեց Սոտքից-Դադիվանք իջնող ճանապարհին՝ Հանաբերդի տակ: 10 տուն, բուժկետ, դպրոց կառուցվեց: Քարվաճառի բարեկարգ բնակավայրերից է այսօր: Բարեբախտաբար, մեր գյուղախմբերի կենտրոնն էլ կայացավ: Դպրոց, հիվանդանոց կառուցվեց: 15 ընտանիք է ապրում: Գործող դպրոց կա:
– 11 տարի ոչ միայն ղեկավարել, այլև ավերակներից բնակավայր եք հիմնել, հաղթահարել հազար ու մի դժվարություն: Ցավով չհեռացա՞ք:
– Ներկայացվեց, որ ՄԱԿ-ի մոնիթորինգի խումբ է գալիս, և ուզում են պահել գաղտնիության սկզբունքը: Համաձայնեցի: Ոչինչ չպիտի փոխվեր դեպի վատը, բայց փոխվեց և վերաբնակեցումը կասեցվեց, որը շատ ցավալի էր:
– Քաշաթաղում տուն ունե՞ք
– Ոչ, որովհետև այն ժամանակ իմ մոտեցումն էր, որ Քաշաթաղի ղեկավարությունը որևէ սեփականություն չպետք է ունենա: Եվ դա միայն իմ մոտեցումը չէր: Նվիրվել ընդհանուր գործին. դա էր Քաշաթաղի հասարակական էլիտայի մոտեցումը: Մնացածը երկրորդական էր:
– Փոխզիջումների մասին շատ է խոսվում: Ձե՞ր մոտեցումը:
– Ոչ մի թիզ հող…
Զրույցը վարեց Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆԸ






Facebook
Tweet This
Email This Post
