Ի՞նչ է սեփականության իրավունքը և ի՞նչ իրավունքներ ունի սեփականատերը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | March 30, 2011 18:42

Սեփականության վերաբերյալ հարաբերությունները կարգավորվում են նախևառաջ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, որի 31-րդ հոդվածի համաձայն.

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Հողի uեփականության իրավունքից չեն oգտվում oտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի:

Մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով»:

Սեփականությունը քաղաքացիական իրավունքի առանցքային ինստիտուտներից է: Այն յուրաքանչյուր հասարակարգի հիմքն է: Առանց սեփականության որոշակի ձևի  որևէ հասարակարգ գոյություն ունենալ չի կարող: Բնության բարիքներին, աշխատանքի արդյունքներին տիրանալու համար հասարակության անդամներն անպայման որոշակի հարաբերությունների մեջ են մտնում արտադրության միջոցների, սպառման առարկաների և այլ նյութական ու ոչ նյութական բարիքների կապակցությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն.

«1. Սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:

Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

2. Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

3. Սեփականատերը կարող է իր գույքը հանձնել այլ անձի հավատարմագրային կառավարման: Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման։ Հավատարմագրային  կառավարիչը պարտավոր է գույքը կառավարել ի շահ սեփականատիրոջ կամ նրա կողմից նշված երրորդ անձի:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 5248 անգամ:
Print Friendly

Leave a Reply