«Լրագրողը պետք է կարողանա սիրտ նվաճել»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 30, 2011 14:16

Ասում են` ցանկացած մասնագիտությամբ անձ կարող է դառնալ լրագրող, բայց լրագրողը որևէ այլ մասնագիտությամբ զբաղվել չի կարող: Շատերը կարծում են, թե լավ բառապաշար ունենալը բավական է, որ մտնես լրագրության ասպարեզ: Բայց եթե ծանոթ չես լրագրության էթիկայի կանոններին, չունես համապատասխան կրթություն…Թե ինչ մակարդակի վրա է լրագրողական կրթությունը Արցախի պետական համալսարանում, փորձեցինք պարզել գրականության և լրագրության ամբիոնի վարիչ Անահիտ Աթայանից:

Տիկին Աթայան, ինչպիսի՞ն է լրագրողական կրթության մակարդակը, և ի՞նչ պետք է անել այն բարձրացնելու համար:

– Եթե խոսքը մեր համալսարանի մասին է, չի կարելի անվերապահորեն ասել, որ այն ցածր մակարդակում է, ուղղակի դեռ անելիքները շատ են: Մեր հիմնական խնդիրը տեսականի և գործնականի կապի ստեղծումն է, որը բազում դժվարությունների հետ է կապված: Մեր բաժինը նոր չէ, միշտ էլ պետական քննությունների հանձնաժողովի նախագահները գոհ են եղել մեր ուսանողների տեսական գիտելիքներից: Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները շեշտել են մեր ուսանողների պատշաճ տեսական մակարդակը: Բավական է ասել, որ Արցախի լրատվամիջոցներում աշխատում են մեր համալսարանն ավարտած ուսանողները, որոնցից շատերն արդարացնում են իրենց:

Անհրաժեշտ ուսումնական գրականություն կա՞ լրագրության բնագավառում:

– Հայթայթում ենք: Մեզ օգնում են Երևանի պետական համալսարանի լրագրության բաժնի այն դասախոսները, որոնք ղեկավարում են մեր հայցորդներին ու ասպիրանտներին:

Բայց լրագրությունն այնպիսի մասնագիտություն է, որը սոսկ մասնագիտական գրքեր կարդալով չես կարող ձեռք բերել:

– Ճիշտ եք, սոսկ մասնագիտական գրքեր կարդալով` լրագրող չեն դառնում: Չեմ թաքցնում, երբեմն ընդունվում են այնպիսի ուսանողներ, որոնք լրագրությունից հեռու են այնքան, որքան երկինքն ու երկիրը: Բնականաբար, սովորելը նրանց համար շատ դժվար է: Հին պլաններով փորձուսուցումը 1-ին և 2-րդ կուրսերում էր իրականացվում, կրեդիտային համակարգում 4-րդ կուրսում է նախատեսված: Իհարկե, մեր կարծիքով, դա շատ քիչ է, որովհետև նախկին ստեղծագործական աշխատանքն էլ է հանվել ծրագրից (այն ուներ և՛ դրական և՛ բացասական կողմեր): Համենայնդեպս, այսօր շատ ավելի լուրջ ուշադրություն է դարձվում ուսանողի ինքնուրույն աշխատանքին:

Այսօր ունենք ոչ թե լրագրության ֆակուլտետ, այլ բանասիրական ֆակուլտետի լրագրություն բաժին, ոչ թե լրագրության ամբիոն, այլ գրականության ու լրագրության ամբիոն: Ժամանակը չէ՞ բաժանվել ու առանձին միավոր դառնալ:

– Մենք այդ ամբիոնը կամ ֆակուլտետը չունենք, որովհետև, նախ, ուսանողների թիվն է քիչ, հետևաբար և համապատասխան ժամաքանակը, որը հնարավորություն կտար ունենալու առանձին ամբիոն: Ինչ վերաբերում է դասախոսական կազմին, մենք ունենք փորձառու դասախոսներ, որոնք հայցորդներ ու ասպիրանտներ են, աշխատում են թեկնածուական  ատենախոսության վրա: Ոմանք շուտով կպաշտպանեն, և ամբիոնը կունենա  համապատասխան մասնագիտական կադրեր: Հետո կյանքը ցույց կտա, գուցե կգա ժամանակ, որ լրագրության ամբիոնը կանջատվի:

Ամբիոնին կից լրագրության սենյակ կա: Այն ապահովվա՞ծ է համապատասխան տեխնիկական միջոցներով:

– Լրագրության կաբինետը նոր է ստեղծվել: Համալսարանի ռեկտոր պարոն Դադայանի օժանդակությամբ որոշ տեխնիկական միջոցներ ձեռք են բերվել: Ստեղծվել է մինի ռադիոստուդիա, որը հնարավորություն է տալիս ռադիոհաղորդումներով գործակցել Արցախի հանրապետական ռադիոյի հետ: Կաբինետը դեռևս լրիվ չի կահավորված: Համալսարանի ղեկավարությունը, ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչը փորձում են կահավորել այն ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Լրատվամիջոցներում աշխատանքի անցնելու համար պահանջում են պատրաստի լրագրողներ, մինչդեռ բուհն ավարտած ուսանողին սկսնակ լրագրող էլ չես համարի:

– Ոչ ոք չի կարող վստահորեն ասել, որ ինքը պատրաստի լրագրող է: Լրագրողը աշխատանքի մեջ է թրծվում, դառնում պրոֆեսիոնալ: Դուք պետք է վստահ լինեք ձեր ուժերի նկատմամբ, զուգակցեք ձեր ձեռք բերած տեսականը գործնականի, կյանքի հետ: Եվ հետո «պատրաստի լրագրող» արտահայտությունը խիստ հարաբերական է: Երբեմն սկսնակն ավելի մեծ տպավորություն է թողնում, ավելի մեծ լսարան է նվաճում, քան Ձեր ասած «պատրաստի լրագրողը»: Լրագրողը պետք է կայծ ունենա, կրակ բորբոքի, կարողանա սիրտ նվաճել:

Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ապագա լրագրողներին:

– Ձեզ` ապագա լրագրողներիդ, խորհուրդ կտայի ապրել ակտիվ կենսադիրքով, որովհետև առանց դրա լավ լրագրող դառնալ հնարավոր չէ: Պետք է ունենալ համապատասխան լրագրողական էթիկա և ձեռք բերել վարպետություն: Պետք է շատ կարդալ և ակտիվ լինել: Պրոֆեսիոնալիզմը կախված է լրագրողի մասնագիտական պատրաստականությունից և նաև պահվածքից: Դա նույնիսկ արվեստ է: Ձեռք բերեք այդ արվեստը:

Մարտա ԲԱԴԱԼՅԱՆ

Դիտվել է 2543 անգամ:
Print Friendly

Leave a Reply