Հայաստանն ունի 6 հազար տարվա գինեգործության պատմություն, բայց այսօր բարձրորակ գինի չունի
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | March 27, 2011 6:07
Եվրոպական և ամերիկյան հասկացողությամբ գինին պետք է լինի կիսաչոր, դառը: Կիսաքաղցր կամ քացր գինին դրսի շուկայում տեղ չունի: Այսպես է կարծում սփյուռքահայ հայտնի գինեգործ, գործարար Վահե Քոշգարյանը: «Եթե ես գնամ Եվրոպա և առաջարկեմ կիսաքաղցր գինի, իմ վրա կծիծաղեն, դա պրոֆեսիոնալ չէ,- ասում է նա,- կիսաքաղցր կամ քաղցր գինի ստեղծում են այն երկրներում, որոնք գինու մշակույթ չունեն և նոր են սկսում գինեգործությամբ զբաղվել»:
Ըստ նրա` եթե մարդ կյանքում գինի խմած չլինի և նրան դառը գինի տաս, չի հավանի: Դառը գինու «գինը» գիտեն միայն նրանք, ովքեր գինուց հասկանում են: «Քաղցր գինին ցույց չի տալիս գինու ողջ համը,- ասում է գինեգործը,- բացի այդ, վատ որակի գինուն կարող են քաղցրություն տալ և կոծկել թերությունները, իսկ դառը գինին չես կարող կոծկել, բոլոր թերությունները դուրս կգան»:
Վահե Քոշգարյանն իր առաջին գինին՝ «Ռենդոլան», ստեղծել է Իտալիայում: Այդ ժամանակ չէր էլ մտածում Հայաստանի ու հայկական գինու մասին: Սակայն 1997 թ., երբ առաջին անգամ գալիս է Հայաստան, նրա կյանքում կտրուկ շրջադարձ է տեղի ունենում. «Սփյուռքում անվերջ երազում էինք հայրենիքի մասին, բայց մեզ համար հայրենիքը Հայաստանը չէր, այլ Արևմտյան Հայաստանը, կորցրած հողերը, գաղթը,- ասում է նա,-բայց երբ եկա Հայաստան, ինձ համար հայտնություն էր, ողջ էությունս փոխվեց, և Հայաստանն այլևս դուրս չեկավ մտքիցս»:
Նա սկսում է ավելի հաճախակի գալ Հայաստան և կամա թե ակամա մտնում է գինեգործության ոլորտի մեջ՝ իր փորձը փոխանցելով գինի արտադրող նորաստեղծ ընկերություններին: «Որտեղ էլ որ լինեմ, ես պիտի գինեգործությամբ զբաղվեմ, դա իմ գործն է,- ասում է նա,- ուստի ես որոշեցի լրջորեն մտածել հայաստանյան գինեգործության մասին»:
Գինեգործ-գործարարը համոզված է, որ բոլոր հնարավորությունները կան Հայաստանում գինեգործության մակարդակը բարձրացնելու համար. «Մենք ունենք 6 հազար տարվա գինեգործության պատմություն, բայց այսօր լավ գինի չենք կարողանում ստեղծել,- ասում է Քոշգարյանը,- մինչդեռ Իտալիան, որ գինեգործության մի քանի հարյուր տարվա պատմություն ունի, համարվում է գինու առաջատար երկրներից մեկը»:
Նա պատմում է, որ մի երեք-չորս տարի առաջ Իտալիայի հարավում հայտնաբերվել են խաղողի ֆերմենտացիայի համար նախատեսված հատուկ քարեր, որոնց վրա փորագրված խաչեր են եղել: Հետազոտողները պարզել են, որ բյուզանդական ժամանակաշրջանին պատկանող քարերի վրայի խաչերը հայկական են. փաստորեն, այդ հովտում ապրելիս են եղել հայեր, որոնք զբաղվել են գինեգործությամբ:
Վահե Քոշգարյանը շատ ծրագրեր ունի՝ կապված Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հետ: Այդ նպատակով էլ հիմնել է «Հայ որակավոր արտադրողների ասոցիացիան», որտեղ կարող են ներառվել որոշակի բարձր չափանիշներ ապահովող գինեգործական ձեռնարկություններ՝ հնարավորություն ունենալով նաև մասնակցելու միջազգային փառատոների:
Ծրագիր կա նաև խաղողի որոշ զուտ հայկական տեսակներ վերամշակել, որակը բարձրացնել և տարածել, անցկացնել սեմինարներ հողագործների, գինեգործների համար, արտերկրից հրավիրել մասնագետների՝ իրենց փորձը փոխանցելու հայ գինեգործներին: Հեռահար նպատակներից մեկն էլ եվրոպական խաղողի բոլոր տեսակները գենետիկորեն հայկական տեսակներին կապելն է, քանի որ պատմությունից հայտնի է, որ Հայաստանը եղել է խաղողագործության բնօրրանը:
Նա կարծում է, որ հայկական գինու արտահանումը մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. շուկան կմեծանա, այգիների ու խաղողի գները կբարձրանան և այլն:
Մի խոսքով, ցանկությունը մեկն է՝ Հայաստանում զարգացնել գինու մշակույթը:
«Մենք դեռ պատրաստ չենք դրսում գինի վաճառելու, նախ ներսում պետք է զարգացնենք խաղողագործությունը, բարձրացնենք գինու մշակույթը, ապա նոր մտածենք միջազգային շուկա դուրս գալու մասին»,- ասում է գինեգործը,- գինու գործարան բացելն ամենահեշտ բանն է, դժվարը լավ խաղող ունենալն է: Կա լավ խաղող, նշանակում է՝ կա լավ գինի»:
Հայաստանում գինի արտադրողները շատ են, շուկան՝ փոքր, և բոլորն աշխատում են 2 միլիոն գնորդի համար: Քոշգարյանը կարծում է, որ պետք է դուրս գալ միջազգային շուկա և մտածել ոչ թե 2 միլիոն շշի, այլ միլիարդավոր շշերի մասին. «Շատերը չեն հավատում, որ Եվրոպայում կարելի է հայկական գինի վաճառել, և երբ ես այդ մասին վստահորեն խոսում եմ, ծիծաղում են»,-ասում է նա:
Միաժամանակ սփյուռքահայ գինեգործը համոզված է, որ 5-6 տարի հետո Հայաստանում գինեգործության մակարդակը բոլորովին այլ հարթության վրա կհայտնվի: «Դրան հասնելու համար մեկ հոգու ջանքերը քիչ են, պետք է Հայաստանի բոլոր գինի արտադրողները համախմբվեն և թիմի պես աշխատեն»,- կարծում է նա:
Երկու տարի առաջ Վահե Քոշգարյանը հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին առաջարկում է նրա գնած խաղողի այգիների խաղողի որոշ մասից գինի ստանալ. «Եկեք փորձենք, ես պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում»,-ասում է Վահեն:
Երկու ամիս չանցած՝ գինին արդեն տակառներում էր: Երբ Էռնեկյանը կրկին վերադառնում է Հայաստան, որոշում է համտեսել իր այգիների խաղողից ստացված գինին՝ նախապես չհավատալով, որ հայկական գինին կարող է բարձր որակ ունենալ, սակայն ի զարմանս իրեն՝ շատ է հավանում:
Այդ օրվանից Էռնեկյանը լրջորեն մտածում է այգու խաղողի մի մասը գինեգործական նպատակով օգտագործելու մասին: Ավելին` նա առաջարկում է գինու գործարանի ծրագիր մշակել, ինչը հանձնարարում է Վահե Քոշգարյանին:
Գործարանն արդեն կա, գինին՝ նույնպես: Մայիսի 15-ին կազդարարվի «Արմավիր» անունը կրող մոտ 60 000 շիշ հայկական նոր գինու մուտքը: Այն կարտահանվի եվրոպական ու ամերիկյան երկրներ: Այդ գինուց երևանյան միայն մի քանի խանութներում կլինի, այն էլ` խորհրդանշական քանակով: «Իմաստ չունի Հայաստանում վաճառել դա, քանի որ կդիտվի որպես բիզնես, բացի այդ, կվնասվեն մյուս գինեգործների շահերը,- ասում է Վահեն,- բայց այս ծրագիրն առայժմ բիզնես չէ, այլ երազանք՝ ստեղծելու հայկական բարձրորակ գինի, որը հայկական կոնյակի պես արտերկրում կդառնա հայկական բրենդներից մեկը»:






Facebook
Tweet This
Email This Post
