Հաջողությունները պարտավորեցնում են

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 30, 2011 8:06

2011-ի մրցաշրջանը հագեցած է Հայաստանի մարմնամարզիկների համար  միջազգային մեկնարկներով: Ապրիլի 3-11-ը Գերմանիայի Բեռլին քաղաքի մարզապալատում կկայանա մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Իսկ հոկտեմբերի 1-17-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն պետք է հյուրընկալի աշխարհի առաջնության մասնակիցներին: Ի դեպ, այդ առաջնությունը վարկանիշային է, վիճարկվելու են օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարին մասնակցելու իրավունք տվող ուղեգրեր:  Սակայն ծագող արևի երկրում  օրերս տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո դեռևս պարզ չէ` մրցավայրը նույնը կմնա՞, թե՞ կփոխվի: Համենայն դեպս, այդ մասին առայժմ պաշտոնական ոչ մի հայտարարություն չի արվել:

Ինչևէ, ներկայումս մեր մարմնամարզիկներն իրենց կարողություններն են փորձում տարբեր ստուգատեսներում: Պայքար կա հավաքականում տեղ զբաղեցնելու համար: Օրերս Երևանում կայացած մարմնամարզության Հայաստանի առաջնությունում էլ լարվածությունը մեծ էր: Վահագն Ստեփանյանը և Հարություն Մերդինյանը բազմամարտում հավաքեցին 86,15 միավոր և բաժանեցին առաջին տեղը: Սերոբյանն այն կարծիքին է, որ այդպիսի միավորներով մերոնք կարող են աշխարհի առաջնությունում տեղ զբաղեցնել 24 լավագույնների շարքում և հայտնվել եզրափակչում: «Հայաստանի առաջնությունում իր պատրաստականության մակարդակով նաև հույսեր ներշնչեց Արթուր Դավթյանը: 85,9 արդյունքով նա 3-րդ տեղը գրավեց: 18-ամյա այդ մարմնամարզիկը մեկ տարվա ընթացքում մեծ առաջընթաց է ունեցել: 17-ամյա Վահան Վարդանյանը նույնպես բարձր արդյունք ցույց տվեց (83,5) և հանգրվանեց 4-րդ տեղում: Նա  2010-ին Սինգապուրում կայացած պատանեկան առաջին օլիմպիական խաղերում հավաքել էր 82,5 միավոր: Այսինքն` առաջընթացը նույնպես ակնառու է: Այն, որ երիտասարդ մարմնամարզիկները խառնվում են փորձառուների պայքարին, արդեն խոսուն փաստ է: Իսկ Թեհրանում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները մրցակցությունից դուրս էին:  Մերդինյանը (84,7), Ստեփանյանը (84,3),  Արթուր Դավթյանը (83,3) գրավեցին առաջին երեք տեղերը»,- ասաց Սերոբյանը:

Թերևս հարց  առաջանա, թե մեր մարմնամարզիկներին ի՞նչ կարող է տալ Եվրոպայի առաջնության մասնակցությունը: Այն  կարող է նպաստել միայն փորձ ձեռք բերելուն, քանի որ օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ: Անցյալ տարի Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում Վահագն Դավթյանը մեծահասակների առաջնությունում 4-րդն է ճանաչվել  օղակների վրա վարժություններում: Արթուր Դավթյանը ոսկե, բրոնզե մեդալակիր է դարձել երիտասարդների պայքարում, երբ պարգևներ էին խաղարկվում բազմամարտի առանձին մրցաձևերում: Բայց այս տարի երիտասարդների մրցումներ չեն կայանալու, քանի որ դրանք կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ: Այդուհանդերձ, այն հանգամանքը, որ մարմնամարզիկը մոտ է եղել մեդալի տիրանալուն մեծահասակների առաջնությունում,  հույսեր է ներշնչում, որ կարելի է պայքարել պարգևների համար: Իսկ Հայաստանի պատիվն այդ ստուգատեսում կպաշտպանեն Մերդինյանը և Դավթյանը: Հատկապես սպասելիքները մեծ են Մերդինյանից, որի նժույգի վրա վարժությունների ծրագիրը բարդացվել է: Հիշեցնենք, որ այդ մրցաշարում նա աշխարհում 6-րդն է: Առայժմ պարզ չէ, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու աշխարհի առաջնությունում: Պարզ է միայն, որ այդ ստուգատեսում կունենանք  3 մասնակից:

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply