Հին հաշիվներ, նոր խնդիրներ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 26, 2011 15:22

Աշոցքում աշխատող դահուկային սպորտի մարզիչ Արթուր Միքայելյանը ճանաչված մասնագետ է: Նրա կինը` Ալլա Միքայելյանը, որ նախկինում կրել է Կոպչիկաևա ազգանունը, քանիցս դարձել է Ռուսաստանի, ԽՍՀՄ առաջնությունների չեմպիոն, մրցանակակիր, իսկ ներկայումս ամուսնուն է օգնում, մարզչությամբ է զբաղվում: Նրանց որդին` Սերգեյ Միքայելյանը, դահուկավազքի Հայաստանի հավաքականի առաջատարներից է և մեր երկրի պատիվը քանիցս պաշտպանել է միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, նաև օլիմպիական խաղերում:

Հիմա Արթուր Միքայելյանը դժգոհում է, որ իր ու իր սաների նկատմամբ կամայականություններ են դրսևորվում: Երբ հետաքրքրվեցինք, մարզիչը հետևյալը պատմեց.

– Դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանին քանիցս խնդրել ենք, որ նա ուշադրության կենտրոնում պահի, միջոցներ հատկացնի, քանի որ շնորհաշատ երեխաներ ունենք: Ապարդյուն: 2003-ին աշխարհի առաջնությանը մասնակցելուց առաջ խնդիրներ ունեինք: Ֆեդերացիայի նախագահի հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց, Երիցյանը չարձագանքեց:

Ռոբերտ Քոչարյանը նախագահական  նախընտրական արշավի ժամանակ Աշոցք էր եկել: Օգտվելով առիթից` Ալլան մոտեցավ նրան և հայտնեց, որ դժվարություններ կան, խնդրեց օգնել: Քոչարյանն ասաց, որ իր համար այդ ամենն անհասկանալի է, քանի որ դահուկային սպորտի ֆեդերացիան հզոր մարդ է գլխավորում, և հարցրեց, թե ինչու նրան չենք դիմում: Կինս էլ ռուսի ուղղամտությամբ հայտնեց, որ նրան դժվար է գտնել կամ հանդիպել: Կարելի է ենթադրել, որ Քոչարյանը հետո այդ մասին խոսել է Երիցյանի հետ: Ի դեպ, Քոչարյանն Աննային լավ է ճանչում: Նա նախկինում, երբ առիթ է եղել Աշոցք այցելելու, միշտ էլ հանդիպել է դահուկորդներին, զրուցել նրանց հետ:

Ինչևէ, ֆեդերացիայի նախագահին դուր չէր եկել, որ երկրի նախագահը տեղեկացվել էր մեր հոգսերի մասին: Եվ դա անհետևանք չմնաց, քանի որ հայտնվեցինք անցանկալի անձանց ցուցակում: Օրինակներ բերեմ: 2008-ին Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան հերթական օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար առանձին ծրագրով ֆինանսավորում էր նախատեսել Հայաստանի լավագույն դահուկորդի և նրա մարզչի համար: Իսկ լավագույնը` իմ որդին էր` Սերգեյը: Բայց ֆեդերացիայի ղեկավարությունը նպատակահարմար էր գտել այդ պատիվը  վերապահել մի այլ մարզիկի, որը հետագայում խայտառակ մրցելույթներ ունեցավ:

2010-ին էլ ես Հայաստանի դահուկային սպորտի հավաքականի մարզիչն էի: 1986-ից ես եմ մարզում Հայաստանի հավաքականը, քանի որ իմ աշակերտներն էին հաղթում մեր երկրի առաջնություններում: Սակայն երբ Գերմանիայում միջազգային  ստուգատեսի էինք մասնակցում, հավաքականում ընդգրկված գյումրեցի Համլետ Զիրոյանը չվերադարձավ Հայաստան: Ի դեպ, 2002-ին էլ Սոլթ Լեյք Սիթիում կայացած օլիմպիական խաղերի ժամանակ էլի  մի գյումրեցի դահուկավազորդ էր փախել, ընդ որում, երկուսն էլ նույն մարզչի` Սլավիկ Սարգսյանի սաներն էին: Այժմ Երիցյանը վերջինիս իմ փոխարեն նշանակել է հավաքականի գլխավոր մարզիչ: Ինձ համար անհասկանալի է, թե առանց ինձ հետ զրուցելու, որևէ հարցում հանդիմանելու, ինչու է այդպիսի վճիռ կայացվել: Ճշմարտությունն այն է, որ մինչև այդ ինքս խիստ խոսք էի ասել ֆեդերացիայի նախագահին: Պարզապես, նշել էի, որ նա գեներալ  լինելով` իր ասածի տերը չի դարձել. նա ասել էր, որ Աշոցքում մարզումներն արդյունավետ կազմակերպելու համար ավտոմեքենա պետք է տրամադրի, փոքրիկ մարզաբազա կառուցի և այլն: Հիմա էլ նա չի ցանկանում Սերգեյին ֆինանսավորել:

Աշխարհի վերջին երիտասարդական առաջնության ժամանակ, որ 2011-ին անցկացվեց Էստոնիայում, ֆեդերացիան Սերգեյի համար միայն ինքնաթիռի տոմս գնեց: Սերգեյը 20 կմ դասական ոճով մրցավազքում 27-րդ տեղը գրավեց: Այդպիսի արդյունք  Հայաստանի ոչ մի մարզիկ աշխարհի երիտասարդական առաջնություններում ցույց չի տվել: Ի դեպ, այդ ստուգատեսում հաղթող դարձած գերմանացի մարզիկն աշխարհի նախորդ առաջնությունում գրավել էր 31-րդ տեղը: Այնպես որ չի բացառվում, որ Սերգեյը հաջորդ անգամ դառնա չեմպիոն: Սակայն Հայաստան վերադառնալուց հետո այս ամենին ոչ մի ուշադրություն չդարձվեց, ոչ էլ մարզիկին որևէ խրախուսական պարգև տրվեց: Ֆեդերացիան անգամ մարզիչ գործուղելու փող չէր տվել: Դժվարությամբ եմ այդ հարցը կարգավորել: Տեղում մեր միջոցներով նոր դահուկներ գնեցինք, հանդերձանք, դահուկային քսուքներ: Ներկայումս Սերգեյը թոշակ էլ չի ստանում:

Ինքս դիմել եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե,  պատասխանեցին, որ ֆեդերացիան պետք է համապատասխան ծրագիր ներկայացնի: Բայց չեն ցանկանում դա անել: Ի դեպ,  Սերգեյին այդ ստուգատեսին մասնակցելուց առաջ միայն մարզական կոստյում էին տրամադրել: Դահուկներ, մարզակոշիկներ, մասնագիտական հանդերձանք, ձեռնոցներ նա չէր ստացել: Եվ այսպիսի բացառություն մեր երկրի թիմում միայն նա էր  կազմել, քանի որ հավաքականի մյուս մարզիկներն ամեն բանով ապահովվել էին:

Սակայն միայն Սերգեյի հարցը չէ: Իմ բոլոր սաներին են անտեսում, անուշադրության մատնում:  Հայաստանի առաջնությունում 5 կմ  դասական ոճով դահուկավազքում աղջիկների պայքարում իմ սաներից Սյուզաննա Վարոսյանն առաջին տեղ է գրավել: Երկրորդն է ճանաչվել Վալյա Վարոսյանը: Սակայն վերջինիս չեն տարել աշխարհի աղջիկների առաջնության և Հայաստանի հավաքականում ընդգրկել են այն մարզուհուն, որը առաջնությունում 7-րդ տեղ է գրավել  և իմ սանին այդ մրցատարածությունում զիջել էր 2 րոպե 40 վայրկյանով:  Ի դեպ, երբ այդ մասին հարց է բարձրացվել, հավաքականի գլխավոր մարզիչը սկզբում հայտնել է, որ Վալյայի տարիքը չի համապատասխանել,  բայց երբ բացահայտվել է, որ նա 1992-ի ծնված է և կարող էր մասնակցել այդ ստուգատեսին, պատճառաբանվել է, որ այդ մարզուհին այնքան էլ գեղեցկադեմ չէ: Եվ  դրանից հետո գործին արդեն խառնվել են Աշոցքի ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Որոշել են, որ Վալյային հնարավորություն տրվի մասնակցելու աշխարհի մեծահասակների առաջնությանը, որի մրցավայրը Նորվեգիայի Օսլո քաղաքն էր: Հավաքականում ընդգրկվել էր նաև նրա քույրը: Այդուհանդերձ,  ցավալի է, որ Վալյան, լավ մարզուհի լինելով, մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը բաց է թողել:

Ոչ մի երկրում ավելի վատ արդյունք ցույց տվողին չեն տանում պատասխանատու ստուգատեսին մասնակցելու, իսկ նրան բոլոր առումներով շրջանցողին` թողնում տանը: Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանի առաջնություն անցկացնում: Նման վերաբերմունքից առաջին հերթին ընդհանուր գործն է տուժում: Ինչ խոսք, ցանկանում են ինձնից վրեժ լուծել, սակայն դրանով ինչի՞ կարելի հասնել: 2012-ին Թուրքիայի էրզրում  քաղաքում անցկացվելու է  դահուկավազքի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումները կայանալու են ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա: Երկրների մեծ մասի պատվիրակները այդպիսի տեղանքում դժվար են հանդես գալիս: Մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչների համար դա սովորական բաձրություն է: Աշոցքում մեր մարզիկները  ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա են պարապում: Այնպես որ կարելի է ակնկալել, որ աշխարհի առաջնությունում նրանք կարող են բարձր արդյունք ցույց տալ, հավակնել մեդալների: Ի դեպ, այս տարվա սկզբին Էրզրումում անցկացվեց Համաշխարհային ձմեռային ունիվերսիադան: Այդ ստուգատեսում էլ Սերգեյը կարող էր կարողությունները փորձել, քանի որ ուսանող է: Սակայն փող չգտնվեց, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան պետությունից փող չէր պահանջել, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան էլ այդ հարցը չլուծեց:

Հ. Գ. Հնարավոր է, որ Արթուր Միքայելյանը վիրավորված է, որոշ հարցերում սուբյեկտիվ է, սակայն բերված փաստերը չեն կարող չմտահոգել:

Դիտվել է 1922 անգամ:
Print Friendly

Leave a Reply