Հակահայկականությունն ու ապակառուցողականությունը որպես արցախյան կոնֆլիկտի դրսևորում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | March 25, 2011 13:00
Բանակցային պրակտիկայում մի տարբերակ կա, երբ կողմերից մեկն ընտրում է (փոխ)զիջումային ռազմավարություն, իսկ մյուսը` հարձակողական. բանակցությունների որոշ պահի երկրորդ կողմը զգում է, որ իր ագրեսիվ դիրքորոշումն իրեն սպառել է, քանի որ այն միայն խոչընդոտում է հարաբերությունների կարգավորումը:
Արցախյան հակամարտությանը վերաբերող բանակցություններում և առհասարակ արցախյան հակամարտության շուրջ ընթացող քաղաքական զարգացումներում կարծես թե հայկական կողմը շարժվում է հենց այդ հաշվարկով, որ ինչ-որ պահի Ադրբեջանը հետ կկանգնի իր ռազմատենչ հռետորաբանությունից և ավելի կառուցողական դիրք կգրավի: Սակայն իրականում մոտեցումն արդյունավետ է ոչ միջպետական կամ առավել ևս` միջէթնիկ կոնֆլիկտներում, այն դեպքերում, երբ կողմերի մեջ փոխադարձ վստահության և խնդրի լուծմանը հասնելու շուրջ համաձայնության որոշակի մակարդակ կա: Արցախյան հակամարտությունը և մանավանդ Ադրբեջանի նպատակներն այս համատեքստում չեն տեղավորվում:
Միայն անցյալ դարի սկզբից էթնիկ կոնսոլիդացիայի փուլ մտած այսօրվա ադրբեջանցիների համար, որոնք խորհրդային տարիներին բավականին տարածքներ են նվեր ստացել, Արցախի «կորուստը» (ցանկացած ազգի ձևավորման գործում կարևոր են ինչպես հաղթանակները, այնպես էլ կորուստները) և ավելի լայն առումով հակահայկականությունը դարձան ժամանակակից Ադրբեջանի ազգաստեղծման գործընթացի նոր փուլ մտնելու ամենառաջնային խթաններից մեկը: Իհարկե, նախագահ Իլհամ Ալիևն ամեն օր հիշեցնում է իր ժողովրդին, որ Ադրբեջանի տարածքի «20 տոկոսը» «գրավված» է հայերի կողմից, որ պետք է վերականգնել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», բայց հասկանալի է, որ ադրբեջանցիների համար խնդիրն ամենևին էլ տարածքային չէ:
Պատահական չէ, որ Ադրբեջանում շատ քչերը նկատեցին, որ հայերն ազատագրեցին 5 շրջան հենց ադրբեջանցիների հայր համարվող Հեյդար Ալիևի օրոք: Հեյդար Ալիևն օգտագործեց Արցախի «կորստի» գաղափարն իր քաղաքական հակառակորդներին վերացնելու, ազգային փոքրամասնությունների բողոքը լռեցնելու և ամենակարևորը` անկախության շրջանում ազգային ինքնության վերաձևակերպման համար: (Հարկ է նկատել, որ նախագահ դառնալուն պես Հեյդար Ալիևի հենց ամենաառաջին որոշումներից մեկը եղավ Խոջալուի դեպքերը օրենքով որպես «ցեղասպանություն» ճանաչելը:) Այսօր էլ Ադրբեջանն ամեն ինչ անում է սեփական բնակչության և միջազգային հանրության աչքում «զոհի» կերպարն ամրապնդելու համար` իհարկե, այդ փորձերը հաճախակի համեմելով սեփական բանակի մասին ուռճացված հայտարարություններով և պատերազմ սկսելու սպառնալիքներով:
Հետևաբար, անիմաստ է հուսալ, որ Ադրբեջանը կհրաժարվի իր խիստ ագրեսիվ վարքագծից ու կփորձի իրապես հասնել հարցի կարգավորմանը. սրա ապացույցներն անընդհատ կարելի է տեսնել Ադրբեջանի գործողություններում: Ընդ որում, Ադրբեջանն ամեն ինչ անում է սեփական գործողություններն ու ապակառուցողականությունը Հայաստանին հասցեագրելու համար: Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց առօրյա լրահոսն ամպայման հարստացնում են կեղծ տեղեկություններով, թե Հայաստանը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, այն դեպքում, երբ սահմանային միջադեպերի նախաձեռնողը գրեթե միշտ Ադրբեջանն է: Պատահական չէ, որ Ադրբեջանը հաճախ խոչընդոտում է ԵԱՀԿ-ի դիտորդական խմբին սահմանային գծում դիտարկումներ անցկացնելիս: Միայն անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 200 անգամ` արձակելով ավելի քան 1300 կրակոց: Ընդ որում, անցած շաբաթ շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հնարավոր չէ չհիշատակել, որ ընդամենը 2 շաբաթ առաջ`մարտի 5-ին, Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները համատեղ հայտարարություն ընդունեցին, որով կողմերը պայմանավորվեցին նվազագույն ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: Այս խնդրին հատուկ անդրադարձ կա նաև Աստրախանի հոկտեմբերի 27-ին ստորագրված հայտարարության մեջ: Հայկական կողմը միշտ էլ կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները. պատրաստակամորեն վերադարձրել է գերիներին (չնայած շատ դեպքերում ադրբեջանցիներն իրենք չեն ուզում վերադառնալ Ադրբեջան) և երբեք սադրանքների չի գնացել: Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը հայտնել է, որ Հայաստանում ադրբեջանցի 2 ռազմագերի է գտնվում, իսկ Ադրբեջանում 9 հայ կա` 3 ռազմագերի և 6 քաղաքացիական անձ:
Սակայն, իրականում Ադրբեջանի ձեռքում գտնվող հայերի թիվն ավելի մեծ է, որոնց մասին Ադրբեջանը հրաժարվում է նույնիսկ տեղեկություն տալ. «Մենք քիչ թե շատ հավաստի տեղեկություն ունենք Ադրբեջանում շուրջ 50 հայ գերիների գտնվելու վայրի մասին: Տարբեր ժամանակներում մեր կողմից միջազգային մարդասիրական կազմակերպությունների միջոցով հարցումներ են ուղղվել տարբեր անձանց: Հարցումներն ուղղվել են անմիջականորեն Ադրբեջանի պետական հանձնաժողովին: Ցավոք, ոչ մի պատասխան, ահա արդեն 5 տարի է անցել, բայց մենք այդպես էլ ոչ մի պատասխան չենք ստացել: Ադրբեջանը հաստատում է 2009-ից սկսած գերեվարվածների մասին տեղեկությունը, իսկ մինչև այդ գերի ընկած անձանց մասին տեղեկություններն Ադրբեջանի իշխանությունները ոչ մի կերպ պաշտոնապես չեն հաստատում», -ասել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:
Ադրբեջանը նույն վերաբերմունքն ունի նաև իր ստանձնած մյուս պարտավորությունների նկատմամբ: Սոչիում կողմերը պայմանավորվել են «բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կողմերի միջև շփման գծի երկայնքով հնարավոր միջադեպերի հետաքննություն անցկացնել»: Այն, որ Ադրբեջանն արդեն գործելակերպ է դարձրել հանդիպումների նախօրեին սադրանքներ սարքելը (Սոչիի հանդիպման նախօրեին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանվել է հայ ժամկետային զինծառայող 20-ամյա Գրիգոր Շախկյանը), կարելի է ասել, արդեն նորություն չէ: Սակայն Ադրբեջանը խախտեց հայտարարությամբ ամրագրված կետերը նաև ստորագրություն դնելուց անմիջապես հետո: Ռազմագերիների փոխանակումից ընդամենը մի ժամ անց գրեթե նույն պաշտպանական հատվածի դիրքերից մեկում, խախտելով հրադադարի ռեժիմը, սպանեց ևս մեկ հայ զինծառայողի` 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանին, իսկ այնուհետև այդ միջադեպի հետ կապված ԵԱՀԿ դիտարկում-հետաքննությունը չկայացավ Ադրբեջանի հրաժարվելու պատճառով, չնայած հետաքննության մասին ձեռք բերված համաձայնությանը: Ավելին` սեփական գործողությունները քողարկելու համար հորինեց և աշխարհին հրամցրեց հայերի կողմից ադրբեջանցի 9-ամյա տղային սպանելու վարկածը և հայերի «հանցագործությունների» մասին հիսթերիա բարձրացրեց, արտասահմանում ցույցեր տեղի ունեցան: Այս ամենը, ի վերջո, ավարտվեց նրանով, որ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքեց ադրբեջանական հերթական ստին: Սրանով Ադրբեջանի` սեփական ապակառուցողական դիրքորոշումն ակնհայտ դարձնելու քայլերը չավարտվեցին: Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը հայտարարեց, որ Ադրբեջանը կհարվածի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող օդանավերին, եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը։ Այսինքն` հայերին անմեղ երեխա սպանելու մեջ մեղադրող պետությունը շատ հանգիստ հայտարարում է հարյուրավոր քաղաքացիական անձանց սպանելու պատրաստակամության մասին:
Անընդհատ իր կառուցողական դիրքորոշումը գովերգող Ադրբեջանը մինչև այսօր այդպես էլ չի համաձայնել դիպուկահարներին հետ քաշել շփման գծից, չնայած Սոչիի համաձայնությունից հետո նման հույսեր առաջացան: Հայկական կողմը միշտ էլ հայտարարել է, որ իր դիպուկահարներին հետ կքաշի, եթե Ադրբեջանը նույնպես համաձայնի նույնն անել:
Նկատենք, որ միջազգային հանրությունն էլ իր հերթին, հավասարության նշան դնելով Հայաստանի կառուցողական ու Ադրբեջանի խիստ ագրեսիվ դիրքորոշման միջև, ամենևին չի կարող զսպել Ադրբեջանին և կոնֆլիկտի կարգավորմանը իսկապես հակվելու անհրաժեշտություն ստեղծել: Ընդհակառակը, «հակամարտությունը պիտի լուծել խաղաղ ճանապարհով», «երկու կողմերը պետք է հետ քաշեն դիպուկահարներին» և այլ անդեմ հայտարարությունները լայն դաշտ են բացում Ադրբեջանի համար, որպեսզի օգտագործի սեփական բնակչությանը և հակահայկականության նորանոր ալիքներ բարձրացնի, իսկ սեփական ապակառուցողականությունը ներկայացնի միջազգային հանրությանը որպես Հայաստանի պաշտոնական դիրքորոշում:
Հետևաբար, քանի դեռ կոնֆլիկտի շուրջ զարգացումներից Ադրբեջանի հիմնական սպասումներն ու շահն անընդհատ լարվածություն ստեղծելն ու իր ռազմատենչությունը ցուցադրելն է, հույս կապել, որ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջը կնստի իրապես բանակցելու ու արդյունքի հասնելու համար, ավելի քան անիմաստ է: Մանավանդ որ Ադրբեջանն անընդհատ ուղիներ է փնտրում բանակցային պաշտոնական ձևաչափից դուրս խնդրի լուծման տարբերակներ առաջարկելու համար, ինչպես տեղի ունեցավ դարձյալ անցած շաբաթ, երբ ներկայացվեց թուրք-ադրբեջանական համատեղ պլանը արցախյան կոնֆլիկտի լուծման վերաբերյալ:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
