«Մինչև հատիկը չմեռնի, հասկը չի ծնվի». Տիգրանն ուզում էր այդ հատիկը լինել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 30, 2011 0:08

Երիտասարդ լրագրող Տիգրան Հայրապետյանի քաղաքական-վերլուծական հոդվածներն առաջինն էին կարդում նորանկախ Հայաստանի բարձրագույն ղեկավարության շրջանակներում, և դա պատահական չէր: Տիգրանը կարողանում էր տալ իրավիճակի ամենասուր գնահատականը: Նա տեսնում ու ներկայացնում էր նաև ապագայի հեռանկարները: Նրա հոդվածների հետ հաշվի էին նստում…

1992 թ. «Այսպես պետություն չի կայանում» հոդվածում 28-ամյա վերլուծաբանը գրում էր. «Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչման այս արբեցման փուլում, երբ թվում է, թե հայկական պետականությունը կարելի է կայացած համարել, իսկ անկախությունը՝ անդառնալի, դժվար է լինել ընդդիմախոսի դերում և ասել, որ այսպես պետություն չի կայանում… Նորաստեղծ պետականության ղեկավարության գործելակերպը չի կարող համարժեք լինել կամ կրկնօրինակել կայացած պետություններում ընդունված ձևերը: Նրա մեկնարկային ուժը պետք է հավասարազոր լինի առաջադրված խնդիրների ծավալներին, այլապես պետականության կառուցման ընթացքը վերածվում է խղճուկ ֆարսի, երկիրը՝ քաղաքական ազդեցությունների ենթակա հողմացույցի, իսկ ժողովուրդը ստիպված է լինելու իր զավակների կյանքով փակելու քաղաքագետների ու ղեկավարների անզորությունից առաջացող բացերը…»:

1993-ին, երբ զանգվածային արտագաղթ էր, Տիգրանը խոսում էր հայրենադարձության մասին: Թվում էր, թե դա ցնորք է, խենթ երազողի անիրական ձգտում, սակայն նա հստակ գիտակցում էր՝ ինչ է ուզում և ինչի համար: «Հայրենադարձություն. ցնո՞րք, թե կենսական անհրաժեշտություն» հոդվածում նա գրում էր, թե ծրագրված, նպատակային հայրենադարձությունը վճռորոշ դեր պետք է խաղա նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործում. «Այո, Հայաստանում այսօր փակուղի է: Բայց այդ փակուղու հիմնական պատճառներից մեկն էլ մեր ընտրությունն է՝ փախուստ պայքարի փոխարեն…»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ապա նա կարծում էր, որ աշխարհաքաղաքական գործընթացների այդ ժամանակների ուղղվածությունը նպաստավոր է և համընկնում է Արցախի բնակչության ազատ ապրելու ձգտմանը. «Որևէ զգացմունքայնությունից դուրս, խիստ կոնկրետ մոտեցում ցուցաբերելով իրադարձությունների զարգացմանը, XX դարի վերջի աշխարհաքաղաքականության տրամաբանության շրջանակներում, կարող ենք արձանագրել հետևյալ հուսադրող ու ինքնին դրական փաստը. ա. հայ ժողովուրդը բնիկ է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի տարածքում, բ. բոլոր այն տարածքները, որ առնչվում են ազգային Պահանջատիրությանը, մասն են պատմական հայրենիքի և ենթակա են վերադարձի հայ ժողովրդին…»:

Սակայն նա գրում էր նաև «բայցերի» մասին. «Ցավոք,  հայ ազգային միտքն առայսօր չի արձանագրել ազգային Պահանջատիրության հստակ շրջանակները և պատրաստ է հարափոփոխ հավակնությունների` դրանով իսկ ի սկզբանե դատապարտվելով մասնատման արժանի բազմազգ երկիր դառնալու հեռանկարին… Ո՛չ Հայաստանի Հանրապետությունում, ո՛չ Լեռնային Ղարաբաղում չի գործում յուրազգիի նկատմամբ ամենաներման սկզբունքը՝ տեղի տալով դավանաբանական, կրոնական, ծագումնաբանական և լեզվական խտրականությանը…»:

«Հայրենիքի սահմաններն առևտրի առարկա լինել չեն կարող, և Ազատ, Անկախ ու Միացյալը առասպել չէ, այլ առարկայական հնարավորություն, որը կյանքի կոչելու մեթոդաբանությանը մենք տիրապետում ենք,-ասում էր նա հարցազրույցներից մեկի ժամանակ,- ցավոք, առայսօր մեր կամքն ու հնարավորությունները խեղդամահ են արվում զգացմունքային հայրենասիրության կապանքներով: Իսկ իրական հաղթանակի համար անհրաժեշտ է մեկընդմիշտ արձանագրել. սիրում են Աստծուն, Հայրենիքին ծառայում են»:

Տիգրանն այսօր չկա: Նրա կյանքն ընդհատվեց 1999 թ. մարտին` ավտովթարի հետևանքով: Մի քանի օր անց նա պիտի դառնար 35 տարեկան: Դժբախտ պատահար էր դա, թե կանխամտածված սպանություն, առ այսօր հայտնի չէ:

«Տիգրանը շրջապատի և իր մտերիմների համար մնում է առեղծված` գեղեցիկ առեղծված, մի կերպար, որին կցանկանայիր նմանվել, բայց որին չափազանց դժվար է կրկնել ու հետևել»,-ասում է Տիգրանի կինը` Նազենի Ղարիբյանը:

«Մինչև հատիկը չմեռնի, հասկը չի ծնվի»,- սիրում էր կրկնել Տիգրանը,-հատիկը գնաց, որպեսզի մենք հասկերն արարենք…»:

Նրան հիշում են: Ամեն տարի մարտի 16-18-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում  կազմակերպում են Տիգրան Հայրապետյանի օրեր, իսկ մարտի 18-ին՝ նրա ծննդյան օրը,  տրվում են նրա անվան մրցանակներ: Այս տարի «Տիգրան Հայրապետյան» մրցանակակիրներից է նաև  թարգմանիչ Սամվել Մկրտչյանն իր վերջին թարգմանության` Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսի» համար:

Դիտվել է 2195 անգամ:
Print Friendly

Leave a Reply