«Տանգոն մենակ չեն պարում», բայց թուրքերը «ho՞use» են ուզում.Հայաստանն ու Թուրքիան` լուռ երկխոսության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 29, 2011 8:39

Համարձակվում եմ ասել, որ հիմա գաղտնի ձևաչափով «բանակցություններ» են ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև: Այս բացահայտման համար կարելի է հաշվի չառնել նույնիսկ այն փաստը, որ թեև Հայաստանի համար «ողջամիտ ժամկետները» վաղուց ավարտված են, բայց մերոնք դուրս չեն գալիս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:

Դրա փոխարեն համոզված ենք, որ հայ-թուրքական հարաբերություններում առկա սառույցը պայմանավորված է երկու երկրների ներքաղաքական գործոններով: Այսինքն` անուղղակի կամ ուղղակի ձևով կողմերը պայմանավորվածություն ունեն սառեցված պահել կարգավորման գործընթացը, որպեսզի կանխեն հնարավոր ու անցանկալի ներքաղաքական խմորումները:

Փաստ է, որ երկու կողմերում էլ կան դժգոհության բանակներ, որոնք չեն ցանկանում հարաբերությունների կարգավորում, իսկ այդ դժգոհությունն էապես ազդում է թե՛ Հայաստանի և թե՛ հատկապես Թուրքիայի իշխանությունների հանրային վարկանիշի վրա: Թուրքիայի կողմից նախապայմանների անընդհատ ու անդատ առաջադրումները, դիցուք` «Ղարաբաղի զիջման պահանջը հայ-թուրքական բաց սահմանի դիմաց», հենց այդ նպատակն ունեն.  չեզոքացնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մերժող թուրք հանրության դժգոհությունը իշխող AKP կուսակցության նկատմամբ:

Հարկ է նշել, որ այդ իշխող կուսակցությունը պատմության մեջ առաջին անգամ 2009 թ. ՏԻՄ ընտրություններում արձանագրեց ձայների կորուստ (39-40%, թեև նրանք հաղթեցին, բայց կրեցին քաղաքական պարտություն): Սրանից հետո թուրքական իշխանությունները քվեարկողների ցանկությունները բավարարելու կարիք զգացին, քանի որ համակրանքի հարաճուն միտում կար նացիոնալիստական ու քեմալական կուսակցությունների նկատմամբ: Լուծումը գտնվեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլու `«0 պրոբլեմ հարևանների հետ»  հայեցակարգի թուրքական նացիոնալիստական սենտիմենտների զուգորդմամբ:

Հայաստանին ներկայացվող նախապայմանները, նաև «Իսրայելի օկուպացիայի» դատապարտումը կամ Ռուսաստանի հետ մերձեցումն ու հակաամերիկյան վարքագիծը ամբողջությամբ տեղավորվում են նշված ռազմավարության մեջ: Ուստի օրինաչափ է, որ այս տարվա հունիսին սպասվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, թուրքերն ավելի են ակտիվացրել հակահայկական կամ Հայաստանի ուղղությամբ ապակառուցողական վարքագիծը: Էրդողանը, Դավութողլուն և ժամանակին հարաբերականորեն «լուռ» Գյուլը ինքնաթիռում, թե ցամաքում ամեն առիթ օգտագործել են` կրկնելու «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի» մասին հռետորաբանությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հետ` թուրքերը նաև հեռանում են իրենց «տանգոյի» տրամաբանությունից:

Օրեր առաջ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը հայտարարեց, թե «տանգոն մենակ չեն պարում», փորձելով ցույց տալ «նաև» Հայաստանի կողմից կառուցողական քայլերի անհրաժեշտությունը: Դասական իմաստով, անշուշտ, Թանն իրավացի է. տանգոն մենակ չեն պարում, բայց թուրքերի տանգոն չգիտես ինչու նմանվել է house-ի, երբ Հայաստանից ու Թուրքիայից բացի պարահրապարակ են հրավիրվում capoeira-ն, tap-ը, jazz-ը, bebop-ը և salsa-ն: Ադրբեջանին տեղադրեք նշվածներից ցանկացածի տեղում` ըստ ճաշակի:

Ամեն դեպքում, լինի դա house թե techno, միայն առաջին հայացքից կարող է այդպես թվալ. Հայաստանն ու Թուրքիան իրականում անում են այն, ինչ պետք է անեն: Պատահական չէ, որ տանգոն երբեմն անվանում են «լուռ երկխոսություն»:

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply