Անհեռատես իշխանությունների և 5-հազարանոց քաղաքացու Հայաստանը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 28, 2011 7:23

Սովորական երևույթ է, երբ տաքսու վարորդը ԵՊՀ-ի իրավաբանականն ավարտած մեկն է, իսկ նույն սերվիզի դիսպետչերը, օրինակ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու մի աղջիկ: Երեխային բարձրագույն կրթության տալու մոլուցքով հայ ծնողները թերևս չէին պատկերացնում, որ ավարտելուց հետո խիստ անհրաժեշտ է նաև «գործի դասավորելը»:

Այդ մտահոգությամբ շատերը դիմում են նորաբաց համալսարաններ` հույս ունենալով, որ միջազգային չափանիշների կրթությամբ միգուցե կարողանան աշխատանք գտնել ինչ-որ դեսպանատանը կամ միջազգային ինչ-որ կազմակերպությունում:

Այնինչ, եվրոպական դեսպանատներում և կազմակերպություններում համատարած գործում է ծանոթի կամ «քաղաքակիրթ» ասած` «networking»-ի սկզբունքը:

Ինչի՞ մասին է խոսքը, երբ դեսպանի հայ վարորդը կաշառք է վերցնում շենգեն վիզայի գործերը կարգավորելու համար:

Փաստորեն, փոխանակ եվրոպացիները կաշառքի ու ծանոթի սկզբունքից ձերբազատեին մեզ, նրանք են ավելի շուտ «հայանում», որովհետև մեր սեռն ավելի «ուժեղ» է: Ուրեմն նրանք չեն կարող մեզ համար օրինակելի լինել:

Իրավացի էր ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, երբ ասում էր, թե ինչու՞ պետք է եվրոպացիները մեզ հուշեն` ինչպես վարվենք:

Իսկ միգուցե մեր կրթական համակա՞րգն է սխալ հիմքի վրա դրված:

Կոնկրետ գիտաճյուղի մեջ մասնագիտանալու փոխարեն, սովորում ենք ամեն ինչ և արդյունքում դառնում ամեն ինչի «վարպետ», բայց միաժամանակ` ոչ մի բանի մասնագետ: Հետո էլ քննադատում ենք ամերիկացիներին, թե այնտեղ, օրինակ` ճարտարապետը հաշվիչով է հաշվում և մաթեմատիկայի աղյուսակը չգիտի, կամ ատամնաբույժը չի կարող չափել ճնշումը. համեմատե՛ք  ձեր և ամերիկացիների զարգացածության մակարդակները:

Ամեն դեպքում, Հայաստանում մի ցավալի պատկեր է ստեղծվել, երբ ոչ ոք իր գործով չի զբաղվում:

Մեր թվականությունից առաջ Կոնֆուցիոսն առաջադրում էր «հայրը հոր տեղում, որդին որդու տեղում» պետական հայեցակարգը: Հազարավոր տարիներ են անցել, ողջ աշխարհն ընդունեց Կոնֆուցիոսի հայացքները, իսկ հայերը, ինչպես միշտ, որոշեցին մնալ «օրիգինալ»` այդպես էլ չճանաչելով կոնֆուցիոսականությունը:

Միտում կա, որ դերերի այդ քաոսի մեջ կփորձենք կողմնորոշվել` տաքսի վարելով: Ակնհայտ է, որ Երևանն աստիճանաբար դառնում է «taxi-city» և  լավագույնս կներառվեր վարչապետ Տիգրան Սարգսյանի «հայկական աշխարհի» նոր հայտնագործությունների շարքը. «Երևանը դարձնել տաքսիստների միջազգային կենտրոն»:

Հիտլերը ժամանակին լավ է ասել` «մեծ սուտ ասեք, անընդհատ ասեք այն, ի վերջո, նրանք կհավատան դրան»: Մեր այս նոր կառավարությունը, ի տարբերություն նախորդի, գործադրեց ճարտասանության մեթոդը ու որպեսզի մարդկանց հանդուրժող պահի իր նկատմամբ, սկսեց մեծ ստեր ասել. Դիլիջանը դարձնել միջազգային ֆինանսական կենտրոն, կամ Իրան-Հայաստան երկաթգիծ կառուցել: Ախր ով ասաց, որ պարսիկներն ուզում են այդ երկաթգիծը. նրանք նույնիսկ նախագիծը քննարկող միջկառավարական հանձնաժողովի նիստին իրենց դեսպանատնից մի մշակութային  կցորդ էին ուղարկել:

Անկախ ամեն ինչից, մերոնք մոռացել են, որ Հիտլերի մեծ ստերի հայեցակարգն, ի վերջո, տապալվեց (ընդ որում, հենց նրա ինքնասպանությամբ): Այդ հնարավոր արհավիրքից հայաստանյան իշխանությունները կա՛մ  չեն վախենում, կա՛մ  կարծում են, թե ժողովուրդը հիմար է, և մեծ ստերը դեռ իրացում են գտնում:

Արդի գիտական տեսություններն ու մարդկային զարգացումը պնդում են, որ սեփական իշխանություններից հանրային պահանջներն աստիճանաբար ավելանում են, և խորհուրդ են տալիս կառավարություններին ավելի լավ աշխատել: Իսկ մերոնք, փոխանակ ավելի բարելավեն քաղաքացու կյանքը, նորանոր հարկեր են պարտադրում քաղաքացուն ու գազի գին թանկացնում: Բանը հասել է նրան, որ նույնիսկ Հրանտ Բագրատյանն է հեգնում` ասելով, թե Ռուսաստանը հերթական անգամ չբարձրացրեց գազի գինը, քանի որ հասկացավ, որ Հայաստանի բնակչությունը պարզապես չի կարող ավելի թանկ վճարել:

Եվ այս իրավիճակում է, որ մտավորականը կամ չափահաս մարդը գնում է Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին` լավ հիշելով (միգուցե նաև մոռացած), որ ժամանակին էլ այդ իշխանություններն էին վարում նմանատիպ քաղաքականություն: Այլ կերպ ասած, ներկա իշխանությունները «զոռով» մարդուն «լևոնական» են դարձնում:

Քանի որ իշխանության այսչափ անհաշվարկված քաղաքականությունը դժվար է բացատրել, մյուս արդարացումը (թեև դրա համար արդարացում չկա) կարող է լինել այն, որ թեև իշխանությունները վախենում են սոցիալական բողոքի պոռթկումներից, բայց հարկադրված են նման քաղաքականություն վարում և չեն կարողանում հակառակն անել:

Խոչընդոտը, կարծում եմ, այն է, որ մեր քաղաքական ուժերը, անցյալում մատուցած ծառայությունների մասին միմյանց հիշեցնելով, գզվռտոցի մեջ են մտել` այդպիսով հանգեցնելով ղեկավարության սուվերենության կրճատման: Այսինքն` այն բիզնեսմեններն ու թաղային հեղինակությունները, որոնք ընտրությունների ժամանակ ձայն էին հավաքել այս կամ այն թեկնածուի համար, հիմա «ճշտով դնում են դեմները»:

Սահակաշվիլին էլ նման խնդիր ուներ և, որպես լուծում, նույն ձայն հավաքողներից շատերին լցրեց վրացական բերդերը: Մեր դեպքում կարևորը Սահակաշվիլու մեթոդի պահանջն է, ոչ թե հայկական Սահակաշվիլու ծնունդի հրամայականը, քանի որ Աբխազիայի ու Օսեթիայի նման Ղարաբաղից էլ զրկվելու սպառնալիք կառաջանա:

Ջերմուկից Արմեն անունով մի գիտնական, որ կոլեգաս էր, ինձ մի առիթով ասաց. «Եթե ուզում ես երկիրը քանդել, դիր էմոցիոնալ ու հայրենասեր նախագահի. նա, սիրելով իր երկիրը ու տեսնելով վատ կողմերը, կփորձի արմատականորեն «փրկել» պետությունը և արդյունքում կկորցնի «Աբխազիան ու Օսեթիան»:

Մեզ անհրաժեշտ է ռացիոնալ այլընտրանք: Անկախ այն բանից` սահմանադրական փոփոխություն կլինի, թե մի ամբողջ բարեփոխումների փաթեթ, հույժ անհրաժեշտ է վերակառուցել քաղաքական համակարգի «բնավորությունը»:

Փտած ու շարունակ փտող քաղաքական համակարգում գործող քաղաքական կուսակցություններն էլ, լինելով համակարգի ծնունդը, իրենց հերթին ու իրենց անկատարությամբ ավելի են դեգրադացնում հասարակությունը: Այնինչ, դասական իմաստով, կուսակցությունները քաղաքացիական զարգացման գործառույթ պետք է կատարեն: Արդյունքում, ստանում ենք հիվանդ արժեքային համակարգով մի հասարակություն, այնպիսին, որ 4-5 տարի առաջ 5 հազար դրամ է վերցրել այսօրվա իշխանությունից ու իր սահմանադրական ձայնը վաճառել և հիմա էլ բողոքում է նույն այդ իշխանության դեմ:

Թումանյանը թերևս հայի բնավորության մեջ է նկատել «անխելք մարդու» էությունը. երբ ամեն անգամ հային սեփական ապագան պայծառ դարձնելու հնարավորություն է տրվում, բայց անխելք մարդու պես ամեն անգամ հրաժարվում է այդ շանսից:

Հայաստանում իշխանություն-հասարակություն ձևաչափի տրամաբանությունը հասկանալու համար օգտակար կլիներ դիտել Փիթեր Ֆարրելիի «Հիմարը և ավելի հիմարը» (Dumb & Dumber) ֆիլմը:

շարունակելի

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply