Ռուս-թուրքական համագործակցությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | March 27, 2011 15:17
Մարտի 16-ին Մոսկվայում ականատես եղանք ռուս-թուրքական հերթական սիրախաղին: Ռուսաստանի նախագահը հյուրընկալեց Թուրքիայի ղեկավարին, և ի թիվս այլ սիրային զեղումների ու խոստովանությունների, թուրք առաջնորդը ռուս առաջնորդին նվիրեց 90 տարի առաջ իրենց պապերի կնքած պայմանագրի պատճենը: Հայաստանի թիվ 1 ռազմավարական դաշնակից և «հայ ժողովրդի մեծ բարեկամ» Ռուսաստանի առաջնորդն էլ, վերցնելով այդ փաստաթուղթը, փաստորեն հավաստեց, որ փոխվել են ժամանակները, փոխվել են դեմքերը, բայց քաղաքականությունը նույնն է մնացել. ռուս-թուրքական եղբայրությունը այսօր էլ արդիական է:
Իսկ կատարվածը աննշան դեպք չէ: Սրան հավասարազոր կլիներ, եթե ասենք` ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահը որևէ միջազգային ամբիոնից խոսեր թուրքերի` արևելքում խաղացած դրական մեծ դերի մասին: Եվ սա առիթ է, որ մեկ անգամ ևս հիշենք բոլշևիկյան Ռուսաստանի և երիտթուրքերի առաջնորդներից մեկի` Էնվերի միջև հաստատված դիվանագիտական, ռազմաքաղաքական կապերի և ծրագրերի մասին:
1917 թ. հեղափոխությունից հետո Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք ոչ վաղ անցյալում թշնամիներ էին, դարձան դաշնակիցներ: Բոլշևիկյան Ռուսաստանը, որ կորցրել էր իր ազդեցությունը Կովկասում, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետություններին ճնշելու և նրանց մուտքը դեպի Անտանտի դաշինք կասեցնելու համար սկսեց օգտագործել Թուրքիային:
Ռուսական կաբինետը, համագործակցելով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ, կարողացավ արյան մեջ խեղդել Հայաստանի Հանրապետությունը:
Սակայն ռուս-թուրքական եղբայրությունը բազմաշերտ էր: Կրեմլը Աթաթուրքի թիկունքում բանակցություններ էր վարում նաև նրա ոխերիմ թշնամու` Հայոց ցեղասպանության նախաձեռնողներից մեկի` Էնվեր փաշայի հետ: Իր հերթին Էնվերը, սիրախաղ սկսելով Կրեմլի հետ, ցանկանում էր ռուսական ուժերն օգտագործել իր նպատակների համար:
1920 թ. հոկտեմբերին Սերգո Օրջոնիկիձեն Բաքվից հեռագրով զգուշացնում է Գեորգի Չիչերինին, որ թուրքերն արդեն Կարսի տակ են: Նրանց հարկավոր էր կանգնեցնել, քանի դեռ Անտանտի միջամտության առիթ չէր տրվել: Միաժամանակ Չիչերինն ասում է, որ թուրքերի մոտենալով` Կովկասի լեռնականներն ավելի են ակտիվանում ու հակահեղափոխական կենտրոններ են ստեղծում: Հեռագրի մասին Լենինին ահազանգում է Չիչերինը, պահանջելով միջամտել, որ թուրքերի առաջխաղացումը կանգ առնի: Սակայն Կրեմլում քննարկումներից հետո Ազգությունների ժողկոմ Ստալինի նախաձեռնությամբ դրությունը թողնվում է նույնը. «Չիչերինի պատասխանը գտնում եմ աննպատակահարմար: Կարծում եմ` թուրքերի առաջխաղացումը ջուր է լցնում մեր ջրաղացին: Ընկ. Օրջոնիկիձեի մտահոգությունները, կարծում եմ, անհիմն են»:
Հետագայում, Էնվերի, Ստալինի, Ձերժինսկու կապերն ավելի սերտացան:
Բանն այն է, որ բոլշևիկները, իրենց հեղափոխությունը արևմուտքում տարածելու ռեսուրսներ չունենալով, այդ առումով պարարտ հող էին տեսնում մահմեդական արևելքում, և իրենց ծրագրերի իրականացման համար փորձում էին օգտագործել երիտթուրքական լիդերներին: Առաջ անցնելով` ասենք, որ բոլշևիկա-թուրքական այդ սիրավեպն արդյունք տվեց, և 1920 թ. աշնանը «Կարմիր թուրքերը» արագորեն ծնկի բերեցին Հայաստանի Հանրապետությունը:
Դեռ մինչ Ռուսաստանում բոլշևիկյան կարգերի հաստատումը Ռուսական կայսրության առանձին պաշտոնյաներ, 1913-ից սկսած, բանակցում էին Էնվեր փաշայի հետ: Առաջին բանակցությունները Ստամբուլում վարել է ռուսական ռազմածովային կցորդ Ա. Շչեգլովը, որ Պետերբուրգ ուղղված իր զեկույցներում Էնվերին բնութագրում է որպես ճարպիկ, անմիջական, հանդուգն մարդու: Նաև ռուսական կաբինետին տեղյակ է պահում Էնվերի գերմանամոլության և ծրագրերի մասին: Սակայն հետագայում Էնվերի և ռուսական կաբինետի հարաբերություններն այնքան քաղցրացան, որ Էնվերը ռուսներին տեղեկացրեց Գերմանիայի հեռահար պլանների մասին, այդ թվում` Վրաստանը սահմանադրական միապետության վերածելու, հայ-թաթարական նահանգի, Հյուսիսային Կովկասում լեռնականների միություն ստեղծելու մասին: Հետագայում Էնվերն անձամբ հանդիպեց բոլշևիկ պարագլուխների հետ և քննարկեց թուրք-բոլշևիկյան համագործակցության խնդիրները: Այդ մասին վկայել է նաև գերմանացի սոցիալ-դեմոկրատ Պարվուսը, որ բոլշևիկյան կուսակցության հիմնական ֆինանսավորողներից էր, նաև` երիտթուրքերի ֆինանսական խորհդատուն:
Երբ 1918 թ. մարտի 3-ին բոլշևիկները ստորագրում են Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, Անդրկովկասյան Սեյմը հայտարարում է Ռուսաստանից իր անկախության մասին: Չցանկանալով հաշտվել Անդրկովկասի կորստյան հետ և թույլ տալ Անդրկովկասյան երկրներում Անտանտի զորքերի ներկայությունը` Բոլշևիկյան Ռուսաստանն ու Գերմանիան համատեղ ծրագիր են մշակում` Անդրկովկասն իրենց ազդեցության տակ պահելու համար: Ստեփան Շահումյանը Բաքվում հրահանգ է ստանում Բաքվի Կոմունայի ուժերով արշավել Թիֆլիսի վրա: Միաժամանակ ակտիվանում են թուրքերի գործողությունները Հայկական ճակատում: Բացի այդ, Էնվերի եղբայր Նազիմ փաշան զորքով շարժվում է Հյուսիսային Պարսկաստան` այնտեղ տեղակայված անգլիական զորքերի դեմ: Փաստորեն, Անդրկովկասն իրենց ազդեցության ոլորտում պահելու և այնտեղ Անտանտի զորքերի մուտքն արգելափակելու համար դաշնակցում են Ռուսաստանը, Գերմանիան, Թուրքիան և Բաքվի Կոմունան:
Անգլիական սպառնալիքի պատճառով Ստ. Շահումյանը չկարողացավ իրականացնել թիֆլիսյան արշավանքը: Դրա փոխարեն թուրքերը կարողացան արագ հաջողության հասնել Հայկական ճակատում և ռեալ սպառնալիք ստեղծել Անդրկովկասի համար:
1918 թ. մայիսին ձևավորվեցին անդրկովկասյան հանրապետությունները, որոնց նկատմամբ Թուրքիան, Գերմանիան և Ռուսաստանը տարբեր հավակնություններ ունեին: Չիչերինը Համառուսաստանյան Կենտգործկոմի նիստում հայտարարեց. «Ռուսաստանը հրաժարվում է ճանաչել Վրաստանի անկախությունը, բայց համաձայն է Գերմանիայի կողմից նրա ճանաչմանը: Ռուսաստանին է մնում Բաքվի շրջանը, և Գերմանիան պարտավորվում է թույլ չտալ Թուրքիային մտնել Բաքվի գավառի սահմանը»: Սակայն թուրքերն իրենց պլաններն ունեին Բաքվի նկատմամբ, և Գյանջայում նստող Ադրբեջանի Հանրապետության կառավարության խորհրդատուն է դառնում Էնվերի զինակից Նուրի փաշան:
Չի բացառվում, որ Էնվերն այդ ժամանակ եղած լինի Գյանջայում և պլանավորած Ադրբեջանի մուսաֆաթական կառավարության հետագա գործողությունները: 1919 թ. Անդրկովկասում է գտնվել նաև Իոսիֆ Ստալինը և գաղտնի հանդիպումներ ունեցել Ադրբեջանի մուսաֆաթական ղեկավարության հետ:Հնարավոր է, որ Ստալինը Անդրկովկասում անձամբ հանդիպած լինի հենց Էնվերի հետ: Ինչի՞ մասին կարող էին բանակցել Ստալինն ու Էնվերը: Բնականաբար, հետագա գործողությունների: Բանն այն է, որ Էնվերը փորձում էր Ռուսաստանի օգնությամբ գրավել Ստամբուլն ու կրկին իր իշխանությունը հաստատել Թուրքիայում:
Լենինի արխիվում Լև Տրոցկու մի գրություն կա, որում ասված է. «Միջոցառումը, հանուն որի հրավիրվեց Ռ., համարում եմ արկածախնդրական: Մինչև իրականացումը` 95 տոկոսի հավանական տապալում: Հետևանքներն ակնհայտ են: Վրանգելականների միջոցով Կ. տիրելու փորձերն անհավատալի միջազգային խայտառակություն է: Քննելով բոլոր մանրամասները` հայտնում եմ ամենավճռական բողոքս»: Ինչի՞ մասին էր խոսքը:
1921 թ. գարնանը ՌԿ(Բ)Կ քաղբյուրոյի նիստում քննարկվեց «Է» գործողության` Էնվերի խմբի ֆինանսավորման հարցը: Որոշվեց բավարարել Չիչերինի միջամտությունն ու ֆինանսավորել Էնվերի ծրագրերը: Ծրագրի մանրամասները մշակվել էին Լենինի ու Ստալինի մասնակցությամբ: Ողջ ծրագրի իմաստն այն էր, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս Էնվերին, վերջինս էլ վրանգելականների միջոցով գրավում էր Կոստանդնուպոլիսն ու այնտեղ հաստատում իր իշխանությունը: Ամբողջ ծրագիրը միասին մտահղացել էին Չիչերինն ու Էնվերը: Սակայն ծրագրի իրականացման հարցում մտահոգություն ուներ Լենինը: Ռուսական կառավարությունը ծրագրում էր Կոստանդնուպոլսի գրոհի ժամանակ ոտքի հանել նաև այնտեղ ապաստանած կազակային զորագնդերը: Այս քայլերով Ռուսաստանը փորձում էր հակակշիռ ստեղծել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, որ շեղվել էր արևելքում հեղափոխությունը տարածելու իր խոստումներից և հստակ քայլեր էր անում` եվրոպական երկրների հետ իր հարաբերությունները կարգավորելու համար:
Շուտով իրավիճակն ավելի է լարվում այն առումով, որ Անտանտի երկրները` Անգլիան և Ֆրանսիան, հանկարծ սկսում են կրկին հետաքրքրություն դրսևորել Կովկասի առնչությամբ և այդ խաղի մեջ փորձում են ներքաշել թե՛ Էնվերին, թե՛ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Արևմտյան երկրների այս ծրագրերը համահունչ էին պանթուրանականության ծրագրերին, քանզի դրանց մեջ որպես հեռահար նպատակ, բացի բուն Անդրկովկասից, նշվում էին նաև Դաղստանը, Կուբանը և ողջ Հյուսիսային Կովկասը:
Պետք է նշել սակայն, որ երբ Լենինը, Ստալինը, Չիչերինը և Ձերժինսկին սիրախաղ էին սկսել Էնվերի հետ, նրա նկատմամբ բոլորովին այլ դիրքորոշում ուներ Տրոցկին, որ շարունակ զգուշացնում էր Քաղբյուրոյին Էնվերի անվստահելիության մասին:
Երբ, ի վերջո, Տրոցկուն հաջողվեց իր զինակիցներին ապացուցել Էնվերի` անվստահելի տարր լինելու փաստը, Քաղբյուրոն այնուամենայնիվ որոշեց Էնվերին խաղից չհանել, այլ օգտագործել արևելքում: 1921 թ. Էնվերը հայտնվեց Բուխարայի էմիր Սենդ Ալիմ խանի մոտ` առաջարկելով իր ծառայությունները` «Կարմիր բանակի զորամասեր ձևավորելու համար»: Ապա իրեն հայտարարեց «Էմիրի տեղակալ և Իսլամի զինված ուժերի գլխավոր հրամանատար»:
Կոմունիստները Էնվերին Միջին Ասիա ուղարկեցին, որպեսզի նա այնտեղ համախմբի բոլոր ուժերը և պայքարի առաջացող անգլիական իմպերիալիզմի դեմ:
Սակայն, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Էնվերը, հարբած առաջին հաջողություններից, երես թեքեց Մոսկվայից, կապեր հաստատեց անգլիական զորահրամանատարության հետ և ցանկացավ նրանց միջոցով Միջին Ասիայում հաստատել իր միահեծան իշխանությունը: Նա անգամ առաջարկեց Մոսկվային ճանաչել իր միապետությունը Միջին Ասիայում և իր հետ կնքել դաշնակցային պայմանագիր:
Կրեմլը Թուրքեստանի ռազմաճակատի հրամանատարության առջև խնդիր է դնում` որսալ Էնվերին: Այս առաքելությունը դրվում է Թուրքեստանյան ռազմաճակատի պետքաղվարչության արտասահմանյան բաժնի արևելքի սեկտորի պետ, արցախցի Գեորգի Աթաբեկովի ուսերին, որն էլ արագ հարվածներով ջարդում է Էնվերի հավաքած զորաբանակներն ու շուրջկալի մեջ գցելով` սպանում բոլշևիկա-թուրքական սիրախաղի դիրիժորին:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
