Երեխան պետք է մեծանա ընտանիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 24, 2011 15:13

Հայաստանում մոտ 4900 երեխա ապրում է մանկատներում և հատուկ գիշերօթիկ դպրոցներում: Իսկ հանրության մեջ գերակշռում է այն կարծիքը, որ  Հայաստանը մանկատների կարիք ունի:

Այդ մասին են վկայում այն հարցումները, որոնց տվյալները ներկայացրեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը «Երեխան պետք է ապրի ընտանիքում» քարոզարշավի մեկնարկին:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի այդ ծրագրի մեկ տարի տևողությամբ քարոզարշավն իրականացնում է «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան»,  որի նպատակն է հասարակության մեջ արմատավորել այն  դիրքորոշումը, որ երեխայի համար ապրելու լավագույն վայրն ընտանիքն է:

Մանկական հիմնադրամի ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ այն երեխաները, որոնք  մեծանում են խնամքի նման հաստատություններում, կյանքում ինքնադրսևորվելու ավելի քիչ հնարավորություններ ունեն,  քան ընտանիքում մեծացած երեխաները:

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայում և Հայաստանի օրենսդրությունում: «Ոչ ոք չի մտածում մանկատան ֆորմատից դուրս այլ միջավայրի մասին,- ասում է Սահակյանը,-  մինչդեռ այդպիսի փորձ արդեն արվել է Հայաստանում: Ճիշտ է, այդ թիվը շատ փոքր է, որովհետև կառավարությունը քիչ միջոցներ է տրամադրում դրա համար, սակայն այդ փորձը կա»:

Կառավարությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ 2004-ից իրականացնում է  խնամատարության ինստիտուտի ներդրման  փորձնական ծրագիրը, որը դեռևս հաջողությամբ չի իրականացվում: Սակայն 2008 թ. կառավարության որոշմամբ սահմանվել է երեխային  խնամատար ընտանիքին հանձնելու ու խնամատար ծնողների վարձատրության վճարման կարգը:

Այս ընթացքում այդ ծրագրի արդյունքում խնամատար ընտանիքներում ապրում է 22 երեխա:

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի  խոսքով՝ արշավի նպատակը  մանկատների դերը նսեմացնելը կամ փնովելը չէ. «Մենք պարզապես ուզում ենք, որ  հասարակությունում շեշտադրումը փոխվի առ այն, որ  երեխան պետք է մեծանա ընտանիքում»:

Երեխային մանկատանը կամ խնամքի այլ հաստատություններում  պահելու  տարեկան միջին արժեքը մոտ 4000 դոլար է, իսկ այս ծրագրով մեկ ամսվա համար նախատեսված է 80 000  դրամ: Դա  տարեկան կազմում է 960 հազար դրամ  կամ 2700 դոլար: Կառավարության  ծրագիրը ֆինանսավորում է տարեկան 25 երեխայի խնամքը:

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանի ներկայացմամբ՝ երեխաները խնամքի հաստատություններում են հայտնվում երեք գործոնի  հետևանքով. ընտանեկան անհամաձայնություններ, սոցիալական նպաստների համակարգում ընդգրկվելու անհնարինություն համակարգի անարդյունավետ գործելու պատճառով և սոցիալական ծանր վիճակ: Անտոնյանն ասում է , որ իրենց մոտ ամեն տարի ընդունվում է մոտ 200 երեխա. «Դա նշանակում է, որ  ամեն տարի այդքան երեխա ապագա ռիսկի է ենթարկվում, բայց մենք լուծում գտնելու այլ ձևեր ունենք»: Լուծման այլ ձևը խնամատար ընտանիքում երեխայի մեծանալն է կամ երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիք:

Հայաստանի խնամքի հաստատություններում գտնվող 49 հազար երեխաներից միայն 1000-ն են ամեն օր գնում տուն, իսկ  մնացած 4 հազարն ապրում է այնտեղ: Նրանց 57%-ը տղաներ են,  որոնց 88%-ը` դպրոցահասակ, ընդ որում, մոտ 6%-ը` 6 տարեկանից ցածր: «Այս տվյալների հետևում երեխայի ճակատագիր է»,- ասում է Էմիլ Սահակյանը:

Իսկ ինչպե՞ս է դասավորվելու խնամատար ընտանիքում մեծացող երեխայի ճակատագիրը, ի՞նչ երաշխիք կա, որ այդ երեխան կմեծանա ջերմ մթնոլորտում կամ նրան չեն  համարի «ֆինանսի աղբյուր»: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի ղեկավար Լենա Հայրապետյանն ասաց, որ ռիսկերի հաղթահարման համար մի քանի գործոն կա, որոնցից մեկն էլ այն է, որ այդ ընտանիքը պետք է  համապատասխանի ֆինանսապես ապահովված և տնտեսապես կայուն համարվելու որոշակի պայմանների: «Ֆինանսավորումը տրվում է  մինչև 18 տարեկանը, որից հետո այն դադարեցվում է, իսկ այդ 22 խնամատար ընտանիքներից ոչ մեկը երեխային հետ չի վերադարձրել»,- ասաց Հայրապետյանը:

Սաղաթելյանն էլ հավելեց, որ իր տուն երեխա ընդունելու պատրաստ ընտանիքը հավանաբար երեխա չունի և իր «կյանքը լցնելու» կարիք ունի:

Հայաստանում 11 մանկատուն կա, որից 7-ը պետական են, իսկ 4-ը գործում են բարեգործական հիմնադրամների միջոցներով:

Դիտվել է 2467 անգամ:
Print Friendly

Leave a Reply