Գրքի ցուցահանդես-վաճառք` Արարատի մարզում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 13:04
Հանրապետության մի շարք մարզերում ընթացիկ տարում կանցկացվեն գրքի ցուցահանդեսներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը, «Աջակցություն գրքին եւ ընթերցանությանը» ծրագրի շրջանակներում մարտի 30-ին եւ 31-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կանցկացվի գրքի ցուցահանդես-վաճառք:
Կմասնակցեն շուրջ 35 հրատարակիչներ, որոնք կներկայացնեն վերջին տարիների լավագույն գրքերը, ամսագրերը, հանդեսները: Գրքի ցուցահանդեսներից բացի, այլ միջոցառումներ են նախատեսվում: Մ. Կարապետյանը նշեց, որ ցանկանում են մարզերում գրքի տոն ստեղծել: Կլինեն հանդիպումներ գրողների հետ, գրքի շնորհանդեսներ եւ այլն: «Մայրաքաղաքում հաճախ են տարբեր միջոցառումներ կազմակերպվում, անհրաժեշտ է այդ գործում ներգրավել նաեւ մարզերին:
Շատ կարեւոր է հատկապես մարզային գրադարանների գործունեության ակտիվացումը»,-ասաց Մ. Կարապետյանը: Նրա խոսքով` մարդիկ պետք է իմանան, թե ինչպիսի կարեւորագույն հրատարակություններ կան Հայաստանում: Հրատարակիչների ազգային ասոցիացիան մարզերում նման միջոցառումների կազմակերպման փորձ արդեն ունի, որն, ըստ Մ. Կարապետյանի, բավական հաջողված է: Նախորդ տարի մի շարք միջոցառումներ են իրականացվել Կոտայքում, որոնք մեծ արձագանք են գտել: Արդյունքները բավական դրական են:
Գրքի ցուցահանդեսներ են կազմակերպվել Հրազդանում, Եղվարդում, Նոր Հաճնում, Աբովյանում, Չարենցավանում: Յուրաքանչյուր ցուցահանդեսին ներկայացվել է 1500-2000 անուն գիրք, եղել են նաեւ նվիրատվություններ: Մ. Կարապետյանը նշեց, որ Արտաշատից հետո, հերթական գրքի ցուցահանդեսն անցկացվելու է Չարենցավանում: Նախատեսվում են միջոցառումներ նաեւ այլ մարզերում: Այժմ ճշգրտվում են կազմակերպչական հարցերը:






Facebook
Tweet This
Email This Post
