Վարչապետի վերահսկողական ծառայությունը պանրի շուկայում կանցկացնի ստուգումներ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 24, 2011 13:01
Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայությունը վեց ամիս առաջ պանրի շուկայում ստուգումներ էր անցկացրել եւ հայտնաբերել լրջագույն խնդիրներ: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, այն ժամանակ կիրառվեցին համապատասխան պատժամիջոցներ, տրվեցին հանձնարարականներ:
«Պետք է նորից վերադառնանք այս խնդրին, եւ այս անգամ արդեն հրապարակային ներկայացնենք մեր ստուգումների արդյունքները»,- ասաց Կառավարության ղեկավարը` շեշտելով, որ սննդի անվտանգությունը Հայաստանի համար ունի էական նշանակություն, եւ Եվրամիության հետ մեր ունեցած չորս ուղղություններից մեկը վերաբերում է հենց այս հարցին: «Հայաստանում պետք է կարողանանք պատշաճ կանոններ հաստատել, որոնք պետք է համապատասխանեն Եվրոպայի լավագույն չափանիշերին, որպեսզի մեր սննդամթերքի համար բացվեն եվրոպական շուկաները:
Անհրաժեշտություն կա, որպեսզի վեց ամիս անց եւս մեկ անգամ այս գործառույթը կրկնենք եւ տեսնենք` նախորդ ստուգումների արդյունքում բացահայտված խախտումները, թերությունները վերացվել են, թե ոչ: Վեց ամիս առաջ անցկացրած ստուգումների համար մենք պետական բյուջեից գումարներ նախատեսեցինք, տասնյակ խանութներից հավաքագրեցինք պանիր եւ անցկացրեցինք լաբորատոր ստուգումներ. արդյունքները խիստ մտահոգիչ էին»,- ասաց Տ. Սարգսյանը` եւս մեկ անգամ ընդգծելով ստուգումների արդյունքների հրապարակային ներկայացնելու անհրաժեշտությունը:






Facebook
Tweet This
Email This Post
