Առաջին տիկինը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 26, 2011 9:00

Նա անհանդուրժող է մարդկային անտարբերության նկատմամբ և աշխատում է աջակցել բոլորին, ով դիմում է իրեն օգնելու խնդրանքով: Հայաստանի պետության ղեկավարի կնոջ իրավունքով հաշտվում է այն ամենի հետ, ինչը թերևս անընդունելի է իր համար: Մի բան էլ. առաջին տիկինը երբեք իրեն թույլ չի տա ուղղել ամուսնուն: Ռիտա Սարգսյանը Հայաստանի նախագահի գործերին չխառնվելու քաղաքականության կողմնակից է:

Տիկին Ռիտա, ինչ զգացում է ունենում առաջին տիկինը: Միշել Օբաման, օրինակ, համարում է, որ դա դժոխք է:

-Ինձ համար բարդ է  այդ հարցին  հստակ պատասխանելը: Ելնելով պայմաններից` տարբեր, երբեմն էլ իրարամերժ զգացումներ եմ ունենում. մի կողմից` շատ դժվար է  լինել հասարակության   սևեռուն ուշադրության կենտրոնում, այդ ամենը շատ է լարում, էլ չեմ ասում բազմաթիվ սահմանափակումների մասին, որոնց բախվում ես ամենուր:

Մյուս կողմից` հաճելի է գիտակցել, որ քո կարգավիճակը հնարավորություն է տալիս  օգնելու մարդկանց: Ամեն օր առաջին տիկնոջ անունով քիչ նամակներ չեն ուղարկվում, որոնց մեջ քիչ չէ օգնելու խնդրանքը: Եվ եթե ես ուժերիս ներածին չափով կարողանում եմ օգնել, հավատացեք, անսահման  ուրախություն եմ զգում:

Իսկ կարո՞ղ է հասարակական կարծիքն ազդել ձեր որոշման վրա: Դուք կարո՞ղ եք դեմ գնալ ձեր կարծիքին:

– Անկասկած, առաջին տիկնոջ դերը պարտավորեցնում է հաշվի առնել հասարակական կարծիքը: Ընդ որում, իմ իրավասության մեջ չէ հաշտվել այն բանի հետ, ինչն ինձ համար անընդունելի է:

Հայուհիները միշտ էլ ակտիվ են, դա ամենևին էլ արևելյան կնոջ տեսակ չէ: Այնուամենայնիվ, մեր իշխանական կառույցներում կանանց թիվն այնքան էլ շատ չէ: Ո՞րն է խնդիրը:

-Հիմնական խնդիրն այն է, որ, ինչպես ճիշտ նկատեցիք, ոչ արևելյան կանանց ամուսինները, հայրերն ու եղբայրներն  են  հաճախ բավական արևելյան տղամարդիկ:

Օսկար Ուայլդը գրել է, որ կինը չի կարող երջանիկ լինել այն տղամարդու հետ, ով նրան համարում է բանական արարած:

-Թույլ տվեք չհամաձայնվել նրա հետ: Համոզված եմ, որ կինը կարող է երջանիկ լինել այդ տղամարդու հետ : Այլ բան է, որ ամեն տղամարդ չէ, որ պատրաստ է երջանիկ լինել այն կնոջ հետ, ում համարում է բանական էակ:

Ընդունված է համարել, որ ավելի հեշտ է ինքդ անփութություն թույլ տաս, քան ամուսնուդ ցույց տաս սխալը: Երբևէ պատահե՞լ է, որ ուղղեք ձեր ամուսնուն: Եթե այո, ապա ինչպե՞ս է նա ընդունում ձեր դիտողությունները:

-Ես բարձր եմ գնահատում նրբանկատությունը, այդ իսկ պատճառով լիովին համաձայն  եմ  այդ արտահայտության հետ: Ինչ վերաբերում է իմ ամուսնուն, ես կարող եմ ինձ թույլ տալ թերևս միայն ուղղել նրա փողկապը, ինչին նա դրականորեն է արձագանքում:

Ո՞րն է այն սահմանագիծը, որտեղ երկրի նախագահի կնոջ միջամտությունը երկրի գործերին համարվում է անընդունելի:

-Ինձ համար ավելի հեշտ է նշել  այն ոլորտը, որում նախագահի կնոջ միջամտությունը գտնում եմ ոչ միայն թույլատրելի, այլև ցանկալի: Դա  տարբեր բարեգործական հիմնադրամներին  ու ակցիաներին մասնակցությունն է,   օժանդակությունը մի շարք մշակութային կազմակերպություններին:

Ես, օրինակ, անձամբ  մասնակցում եմ մի քանի բարեգործական հիմնադրամների, որոնք  միտված են լուրջ խնդիրներ լուծելու:  Ասենք` «Կյանք պարգևիր» հիմնադրամը, որն օգնում է  ուռուցքային հիվանդություն ունեցող երեխաներին, «Հպա՛րտ  ապրիր» հիմնադրամը,  որը հոգում է  չքավոր ընտանիքների երեխաների օրթոպեդիկ վիրահատությունների ծախսերը: Ներկայումս ստեղծվում է «Արագիլ» հիմնադրամը` երեխազուրկ ընտանիքներին օգնելու նպատակով: Այսօր Հայաստանում այդպիսի 9 հազար ընտանիք կա: Անպտղությունը հաճախ դառնում է  բաժանությունների պատճառ,  և  եթե նույնիսկ չեն  բաժանվում, ապա դառնության զգացումն ուղեկցում է մինչև կյանքի վերջ:  Բժշկության  վերարտադրողական ժամանակակից մեթոդները հնարավորություն են  ընձեռում նմանատիպ զույգերին երեխա  ունենալու, սակայն բժշկական միջամտության բարձր արժեքը դժվարացնում է հայ միջին ընտանիքի գործը: Ցանկանում եմ, որ շատ ընտանիքներ զգան մայրության  բերկրանքը: Ընդ որում,  «Արագիլ» հիմնադրամի գործունեությունը ոչ միայն կերջանկացնի որոշ ընտանիքների, այլև իր համեստ ներդրումը կունենա Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: Իսկ դա, հավատացնում եմ, իմ նվիրական ցանկությունն է: Ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր հիմնադրամում որոշակի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցում են ոչ  թե անհատներ, այլ համապատասխան խնամակալական խորհուրդներ:

Ինչ վերաբերում է մշակույթին, ապա կարող եմ առանց կեղծ համեստության ասել, որ կարողացել եմ աջակցել բոլոր  թատերական կոլեկտիվներին, արտիստներին ու երգիչներին, ովքեր դիմել են ինձ զանազան նախագծեր իրականացնելու  օգնության խնդրանքով:

Հայտնի է, որ հենց Դուք եք օգնել Վլադիմիր Արզումանյանին ելույթ ունենալու «Եվրատեսիլում» ու փայլուն հաղթանակի հասնելու: Պատմեք, թե ինչպես է նա հայտնվել Ձեր տեսադաշտում:

-Ամեն ինչ շատ պարզ է: Անցած ամռանը ես պատահաբար մի հեռուստաալիքով տեսա Վլադիմիրի ելույթը մանկական միջազգային «Նոր ալիք» մրցույթում և խոստովանում եմ` հիացած էի նրա կատարումով, արտիստիզմով, անբռնազբոսությամբ: Տղան այնքան  հմայիչ էր, որ Ֆիլիպ Կիրկորովը նրա  հմայքի ազդեցությամբ ուղիղ եթերով հայտարարեց. «Ով նրան 11 միավոր չտա (իսկ դա բարձրագուն գնահատականն էր), կդառնա իմ անձնական թշնամին»:

Ցանկանում եմ ընդգծել, որ Վլադիմիրի հաղթանակը հնարավոր դարձավ մեծ կոլեկտիվի շնորհիվ, որը հաճախ աշխատել է անվարձահատույց: Ընդամենը երկուսուկես շաբաթվա ընթացքում մեր թիմին հաջողվեց ստեղծել այն ամենը, ինչ պատանու երկրպագուները տեսան  իրենց հեռուստաէկրաններին: Իսկ  դա անհավանական կարճ ժամկետ է: Կյանքը կրկին ապացուցեց, որ եթե ամբողջ հոգով ու սրտով մի բան ձեռնարկենք, հաղթանակը երաշխավորված է: Հիմա մենք աշխատում ենք այդ բանաձևը կիրառել նաև մեծերի «Եվրատեսիլի» դեպքում:

–       Ձեզ ուղղված շնորհակալական խոսքերով են սկսվում շատ միջոցառումներ, այդ թվում` համաշխարհային մեծության աստղերի համերգներ: Նրանցից ո՞վ է շփման ժամանակ Ձեզ վրա վառ տպավորություն թողել:

–       -Աստղերը  հենց աստղեր  են նրա համար, որ փայլեն ու հմայեն  հանդիսատեսին, այդ թվում և իմ սիրտը: Ես մինչ օրս  հուզմունքով եմ հիշում  ապշեցուցիչ ու չմարող աստղ  Մայա Պլիսեցկայային: Ո՞վ կարող էր մտածել, որ  ճակատագիրը  հնարավորություն կտա հանդիպելու իմ մանկության սևուսպիտակ հեռուստաէկրանի այն  շլացուցիչ կնոջ հետ:  Չեմ կարող չհիշել նաև համաշխարհային օպերային արքա Պլասիդո Դոմինգոյին, որ գերեց ինձ ոչ միայն իր տաղանդով, այլև իսկական արքային վայել պարզությամբ և՛ բեմում, և՛ բեմից դուրս:

–       Ինչի՞ն երբեք չեք համաձայնի:

–       -Տարիքի հետ դադարում ես ամեն ինչը սև ու սպիտակի բաժանել, և ամեն ապրված օր կյանքի հարուստ ներկապնակ է բերում իր գույները: Այդուհանդերձ, չեմ կարողանում հասկանալ մարդկային անտարբերությունը: Ինձ ուրախացնում է մարդկանց սերը: Կարող եմ նույնիսկ ատելությունը հասկանալ: Սակայն  իմ աչքում ոչինչ չի արդարացնում անտարբերությունը:

Ըստ «Ереван » ամսագրի

Դիտվել է 3041 անգամ:
Print Friendly

Leave a Reply