«Բաց դաս» «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաների համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2011 22:32

Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»-երն ընդլայնում են շրջանակները. մարտի 23-ին Ազգային ժողով էին այցելել «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարանի սաները, ովքեր խորհրդարանի նիստին մասնակցելուց հետո հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ներկայացնելով իրենց կրթօջախը եւ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` վարժարանի տնօրենը նշեց, որ այն հնարավորություն է տալիս համադրել տեսական ու գործնական գիտելիքները եւ իր նշանակությունը կունենա  ուսման արդյունավետության բարձրացման առումով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հանդիպումները ցույց են տվել, որ նման ձեւաչափն արդյունավետ է եւ այն  ընտրվել է, որպեսզի  ապագա սերունդը  խորհրդարանի հետ շփվելու հնարավորություն ունենա, կարողանա պատկերացում կազմել օրենսդիր մարմնի, պատգամավորների աշխատանքի մասին:  Դրան են նպաստում նաեւ ԱԺ պատգամավորների այցելությունները դպրոցներ եւ տեղերում հանդիպումները դպրոցականների հետ:

ԱԺ նախագահը հետաքրքրվեց վարժարանի կրթական գործունեւթյամբ, պատրաստակամություն հայտնեց այցելել կրթօջախ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ աջակցություն ցուցաբերել:

Ազգային ժողովի նախագահի եւ  աշակերտների միջեւ ծավալված զրույցի շրջանակը բավականին լայն էր` արտաքին քաղաքականություն, Ազգային ժողով- կառավարություն հարաբերություններ, խորհրդարանական դիվանագիտություն, ընտրական օրենսդրություն,  արտագաղթ եւ, իհարկե, կրթական համակարգ:

«Բաց դաս»-ի մասնակիցների հարցերին պատասխանելով` Հովիկ Աբրահամյանը նրանց խնդրանքով ներկայացրեց խորհրդարանում օրենքների ընդունման ընթացակարգը:

Կարեւորելով երիտասարդների ներկայությունը օրենսդիր մարմնում` ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են  իր նախաձեռնած Երիտասարդական  խորհրդարանի ստեղծման աշխատանքները, որը երիտասարդներին  հնարավորություն կտա դառնալ օրինաստեղծ աշխատանքի անմիջական մասնակիցը:

Խոստանալով իրենց զրույցը շարունակել նաեւ «Եվրասիա» միջազգային համալսարանի հենակետային վարժարանում` ԱԺ նախագահը  հանդիպումից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում լուսանկարվեց աշակերտների հետ:

Դիտվել է 1915 անգամ:
Print Friendly

Leave a Reply