Քաղա՞քն է բիզնեսի համար, թե՞ բիզնեսը` քաղաքի. քննարկում են քաղաքապետարանը և ՀԽ-ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 23, 2011 17:46

Հանրային խորհուրդը ստացված դիմում-բողոքների, ուսումնասիրությունների հիման վրա առանձնացրել է Երևանին վերաբերող և առավել մեծ հնչեղություն ունեցող 150 հարց, որոնք պետք է քննարկի քաղաքապետարանի հետ` համատեղ արդյունավետ լուծում գտնելու համար:

Հանրային խորհրդի (ՀԽ) նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` առաջիկայում հանձնաժողով կձևավորվի, որը մշտապես կհամագործակցի քաղաքապետարանի հետ` կարևոր հարցերի լուծումները միասին փնտրելու համար: Իսկ մինչ այդ ՀԽ լիագումար նիստում քաղաքապետի և տարածքային կառավարման նախարարի մասնակցությամբ քննարկվեցին Երևանին առնչվող մի քանի հարցեր:

«Շատ  հաճախ Երևանի քաղաքապետարանը լավ ցանկություններով որոշումներ է կայացնում, որոնք, սակայն, բնակիչների համար ընդունելի չեն լինում,- ասում է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:- Այդ իսկ պատճառով որոշ հարցեր գուցե անհրաժեշտ է հանրաքվեով որոշել»:

Քաղա՞քն է բիզնեսի համար, թե՞ բիզնեսը` քաղաքի

ՀԽ անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով Երևանի բնապահպանական խնդիրներին ու էկոլոգիական վիճակին, ասում է, որ վերջին 10-12 տարիներին Երևանում ճարտարապետությունը եղել է կոմերցիոն, ինչի  հետևանքով ունենք «տրանսպորտային կոլապս, կոմունիկացիոն կոլապսը դեռ առջևում է, կորցրեցինք շատ մշակութային շերտեր, իսկ Երևանը վերածվել է էկոլոգիական աղետի գոտու, որտեղ մեծ է նաև սեյսմիկ վտանգը»: Դանիելյանն ասում է, որ անգամ սպիտակի երկրաշարժից դաս չենք քաղել, և քաղաքը կարծես հատուկ այնպես է կառուցապատվում, որ աղետի դեպքում կորուստները հնարավորինս շատ լինեն: Երևանի կենտրոնն այժմ ամենավտանգվածն է և խիստ կանաչապատման կարիք ունի. «Քաղաքի կենտրոնը խիտ կառուցապատելը և քաղաքի շրջակայքը կանաչապատելը գործուն մեթոդ չէ»:

Դանիելյանը հարց է բարձրացնում` քաղա՞քն է բիզնեսի համար, թե՞ բիզնեսը` քաղաքի:  «Օղակաձև այգին վերածվել է օղակաձև ռեստորանի: Եթե բիզնեսը պետք է օգտագործի կանաչ տարածքները, ապա խիստ սահմանափակումներ պետք է գործեն, այլապես նման օրինակներ շատ կունենանք»,- ասում է նա` հավելելով, որ կառուցապատվում են անգամ անձեռնմխելի  սանիտարական գոտիները: Նա առաջարկեց  նաև քաղաքապետին առընթեր էկոլոգիական խորհուրդ ստեղծել` կարևոր բնապահպանական խնդիրներին արդյունավետ լուծում տալու համար:

Քաղաքապետ Կարեն Կարապետյանն ի պատասխան նշեց, որ քաղաքապետարանն ունի բնապահպանության վարչություն, որն իր գործառույթներն իրականացնում է, և դաշինքի ստեղծումն արդարացված կլինի այն դեպքում, եթե այն ստանձնի ֆունկցիաներ, որոնք քաղաքապետարանի համապատասխան բաժինը չի կատարում: Կարապետյանը կարծում է, որ Երևանի բնակիչները պետք է ընդունեն` խոշոր մեգապոլիսում են ապրում և առավոտյան հնարավոր չէ արթնանալ աքլորի կանչից կամ գետի քչքչոցից. «Մենք հայտարարել ենք, որ քաղաքի կենտրոնում և  կանաչապատ գոտիներում որևէ շինարարություն թույլ չենք տա»:   Բացի այդ, քաղաքի զարգացման համար ճարտարապետությունը պետք է կոմերցիոն լինի, և ընդհանրապես ներդրումներ ապահովող ոլորտները պետք է բիզնեսին տրամադրվեն, որպեսզի մյուս ոլորտները բյուջեի հաշվին ավելի արդյունավետ կարգավորվեն: «Արդյունավետ կառավարման համար ֆունկցիաների վերաբաշխում պետք է տեղի ունենա»,- ասում է քաղաքապետը:

Երևանցիները տրանսպորտի համար կվճարեն ըստ անցած կմ-ի

Համատեղ նիստում քննարկվող երկրորդ թեման քաղաքի տրանսպորտային խնդիրներն էին:  ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանն այս ոլորտի 3 հիմնական խնդիր է տեսնում` հասարակական տրանսպորտի ոչ արդյունավետ աշխատանքը, երթևեկության և ավտոկայանատեղիների խնդիրը և միջքաղաքային տրանսպորտի ստեղծած խնդիրները:

Ըստ Հարությունյանի` խնդրի լուծման համար  պետք է ուսումնասիրել ուղևորափոխադրումների հիմնական ուղղությունները` արդյունավետ և հարմարավետ ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար, պետք է զարգացնել նաև էլեկտրատրանսպորտը: Անդրադառնալով ավտոկայանման և ճանապարհների գերբեռնվածության խնդրին` Հարությունյանն ասում է, որ ամեն ոք մեքենան կայանում է այնտեղ, որտեղ ինքն է ուզում: Արդյունքում առանց այդ էլ նեղ փողոցներում երթևեկությունը դժվարանում է: Մինչդեռ ստեղծված ստորգետնյա ավտոկայանատեղիները թերբեռնված են: Ըստ նրա` քաղաքային երթևեկությունը դժվարացնում են նաև մինչև քաղաքի կենտրոն հասնող միջքաղաքային երթուղայինները, մինչդեռ դրանք պետք է ուղևորներին հասցնեն մինչև Երևանի ծայրամասերում գտնվող ավտոկայաններ: «Տրանսպորտային խնդրի լուծումը կարևոր  է նաև Երևանը տուրիստական կենտրոն դարձնելու տեսանկյունից»,- ասում է Հարությունյանը:

Քաղաքապետը որպես ներքաղաքային տրանսպորտի ներկայիս վիճակի պատճառ մատնանշում է գործող սակագինը. այն ինքնածախսածածկում չի իրականացնում, իսկ շուկան այլ սակագնի ունակ չէ, այդ պատճառով էլ 14 տեղանոց երթուղայիններում 18 մարդ է երթևեկում, շահագործվում են ոչ  բարվոք վիճակում գտնվող մեքենաներ: Առաջիկայում նախատեսվում է անցում կատարել միասնական վճարային համակարգի, որով հնարավոր կլինի նախապես բաժանորդագրվել (օրինակ` ուսանողական և այլն), և վճարումն էլ կիրականացվի ըստ անցած կմ-ի: Նրա խոսքով` այսպես աստիճանաբար անցում կկատարվի նոր և բոլորի համար ընդունելի սակագնի:

Բացօթյա առևտրի փոխարեն կստեղծվեն մինիշուկաներ

Անդրադարձ կատարվեց նաև բացօթյա առևտրի խնդրին: Յուրի Ջավադյանը նշեց, որ գյուղացուն խրախուսելու և նաև սպառողին օգուտ տալու համար կարելի է Երևանի վարչական տարածքներում բացօթյա շուկաներ հիմնել, որտեղ գյուղացիներն իրենց ապրանքը ցածր գներով և  առանց միջնորդների  կվաճառեն: Ջավադյանն առաջարկեց, օրինակ, Շահումյանի հրապարակում, գլխավոր պողոտայում կամ Օղակաձև զբոսայգում ժամը 9-16-ը գյուղմթերքի վաճառք իրականացնել:

Քաղաքապետը, սակայն, նշեց, որ այս բացօթյա առևտուրը օրենքով արգելվում է, բացի այդ,  դա կարող է առաջացնել նաև սանիտարական խնդիրներ:  Բայց քաղաքապետը չբացառեց, որ կարող են հատուկ վայրեր ստեղծվել, որտեղ գյուղացիները կկարողանան իրենց ապրանքը վաճառել: Նա նաև նշեց, որ առաջիկայում նախատեսվում է 12 մինիշուկա ստեղծել, որոնցից 5-ը կգործեն արդեն ապրիլից:

Բազմաբնակարան շենքերի 30 տոկոսը վթարային է

Կորյուն Առաքելյանն էլ  զեկույց ներկայացրեց Երևանում բազմաբնակարան շենքերի պահպանության և համատիրությունների գործունեության խնդիրների մասին:

Հանրապետությունում 21 հազարից ավելի բազմաբնակարան շենքեր կան, որոնցից 4720-ը Երևանում են:  Շենքերից մոտ 7750-ը կառավարվում են համատիրությունների կողմից: Բնակֆոնդի 60 տոկոսի վիճակը գնահատվում է բավարար, իսկ 30 տոկոսն էլ վթարային վիճակում է: Բազմաբնակարան շենքերի ֆոնդի 13 տոկոսը կառուցվել է 1950-ականներին, այսինքն` 60 և ավելի տարիների շինություններ են, 29 տոկոսն էլ 40-60 տարվա կառույցներ են, Երևանում համապատասխանաբար այդ տվյալները 8 և 33 տոկոս են կազմում: Վերանորոգման կարիք ունեն նաև բազմաբնակարան շենքերի տանիքները, աստիճանները և մուտքերը: Կոյուղային և ջրամատակարարման համակարգի կեսից ավելին կապիտալ վերանորոգման կարիք ունի:

Առաքելյանն անարդյունավետ համարեց նաև համատիրությունների գործող համակարգը` նշելով, որ ոլորտը կարգավորող օրենքն ավելի է խճճում իրավիճակը. «Պետք է սկսել համատիրությունների և բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենսդրությունը պարզեցնելուց»: Առաքելյանը համատիրությունների ոչ արդյունավետ գործունեության պատճառներից մատնանշում է նաև այն, որ դրանք հապճեպ են ստեղծվել, և մեկ համատիրությունը կառավարում է 1-300 շենք,  ուստի արդյունքները խիստ տարբեր են: Առաքելյանն առաջարկեց շենքի կառավարիչներին փոխարինել համապատասխան մասնագետներով:

Կ. Կարապետյանը նշեց, որ համատիրությունը ծնվել է  մահանալու համար, սակայն մինչ այդ պետք է կայանա, քանի որ ամեն շենքի անձնագիրն է ձևավորում: Նրա խոսքով` համատիրությունները արդյունավետ կգործեն, եթե բնակիչները ակտիվ լինեն և «բիսեդկայում նարդի խաղալուց առաջ հետաքրքրվեն, թե ինչպես են ընթանում գործերը համատիրությունում»:

Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն էլ, անդրադառնալով քննարկված խնդիրներին, նշեց, որ սխալ է հույս ունենալ, որ խնդիրները կլուծի միայն պետությունը  կամ դա կարվի պետական միջոցներով: «Սահմանափակ ռեսուրսների պայմաններում միշտ նպատակահարմարության հարց է առաջանում»,- ասում է  նա` որպես օրինակ նշելով, որ օրինակ` բազմաբնակարան շենքերի գույքագրման համար 5 մլրդ դրամ գումար է հարկավոր, սակայն երկընտրանքի առջև են, թե գուցե ավելի արդյունավետ կլինի այդ գումարը հատկացնել նույն այդ շենքերի տանիքների վերականգնմանը:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply