ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստակամ է զարգացնելու միջազգային համագործակցությունը թրաֆիկինգի դեմ պայքարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 23, 2011 16:53

ՀՀ գլխավոր դատախազությունում 2011թ. մարտի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ընդունել է  Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը` խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանը, վարչության դատախազներ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:

ԱՄԷ պատվիրակությունը Հայաստանում է գտնվում` 2009 թ. Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ստորագրված «Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման  հուշագրի շրջանակներում հայաստանյան կողմի հետ համագործակցության վերաբերյալ մի շարք աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով:

Ի դեպ` ինչպես նշեց պատվիրակության ղեկավար Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալին, սույն հուշագիրը աննախադեպ է ԱՄԷ և այլ պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերի շարքում:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության կատարած աշխատանքները թրաֆիկինգի դեմ պայքարում` նշելով, որ  ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դեռևս 2005թ. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանում` մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի (թրաֆիկինգի) դեմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիկինգի վերաբերյալ քրեական գործերը:

Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքում ՀՀ դատախազության համակարգից հանվեց քննչական ապարատը, որի հետևանքով թրաֆիկինգի վերաբերյալ գործերի քննությունը իրականացվում է ՀՀ ոստիկանության տարածքային և համայնքային քննչական բաժիններում:
Նշված հանցագործությունների կենտրոնացված քննության պրակտիկան վերականգնելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ստեղծվել է մարդկանց առևտրի  /թրաֆիկինգի/, թմրամիջոցների  ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժին:

Դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլում ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքում կատարված փոփոխություններից հետո ՀՀ գլխավոր դատախազի` 30.11.2007թ. հրամանով ստեղծվեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, որի վրա էլ դրվեց թրաֆիկինգի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողությունը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը նշեց նաև, որ թրաֆիկինգի դեմ պայքարում ՀՀ գլխավոր դատախազության հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը դուրս եկավ նաև հատուկ վերահսկողության երկրների գոտուց:

ԱՄԷ պատվիրակության անդամները նշեցին ՀՀ իրավապահ մարմինների հետ անմիջական աշխատանքային հարաբերություններ կառուցելու կարևորությունը` պայմանավորված օպերատիվ և քննչական գործողություններ կատարելու, տեղեկատվության փոխանակման և այլ իրավական գործընթացների արդյունավետ ու արագ կազմակերպման անհրաժեշտությամբ:
Կողմերը շնորհակալություն հայտնեցին հանդիպման և արդյունավետ քննարկման համար:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply